A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Լոուրենսներ 3

1

  Ո՛վ զօրաւոր Աստուած, նայի՛ր իմ թշուառութեանը: Իր ցասման գաւազանով նա տիրեց ինձ

2

  ու ինձ վրայ խաւար բերեց եւ ոչ թէ լոյս,

3

  նաեւ իր ձեռքն հանապազ իմ դէմ դարձրեց:

4

  Նա մաշեց իմ մորթն ու մարմինը, իմ բոլոր ոսկորները փշրեց,

5

  կուտակեց վրաս եւ պատեց իմ գլխի շուրջը,

6

  առանց յապաղելու ինձ խաւարի մէջ նստեցրեց, ինչպէս յաւիտենական մի մեռելի:

7

  Կուտակեց դրանք ինձ վրայ, եւ ես այլեւս չեմ կարող խլրտալ, պղնձի նման ծանրացրեց ինձ վրայ,

8

  ու թէեւ ասացի, թէ պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղօթքներս իրեն չհասնեն:

9

  Իմ ճանապարհներին արգելքներ կանգնեցրեց, խցանեց իմ շարժուելու շաւիղները, ինձ խրտնեցրեց.

10

  ինձ համար դարանակալ արջ եւ թաքնուած առիւծ դարձաւ.

11

  հետապնդեց ինձ, հասաւ ու հալածեց, ուժասպառ արեց ինձ, կործանեց ինձ:

12

  Մտաւ իմ գիրկը, ինձ թիրախ դարձրեց ու լցրեց նետերով.

13

  երիկամներս մէջտեղից կիսեց, նետահարեց ինձ,

14

  ծաղր դարձրեց իմ ժողովրդի համարեւ խաղք ու խայտառակ յաւիտենապէս:

15

  Ինձ լեղի տուեց ուտելու եւ հարբեցրեց դառնութեամբ,

16

  իմ ատամները քարերով փշրեց եւ մոխիր տուեց ինձ ուտելու.

17

  զրկեց իմ անձը հանգստութիւնից. ես մոռացայ բարութիւնը.

18

  կորաւ իմ արիութիւնը, եւ իմ յոյսը՝ առ Տէր:

19

  Յիշեցի իմ թշուառութեան ու հալածանքի մասին.

20

  միտքս եկան միայն դառնութիւնն ու բարկութիւնը, հոգիս մէջս թուլացաւ.

21

  այդ եմ մտաբերում եւ դրա համար էլ համբերում եմ:

22

  Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում:

23

  Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր:

24

  Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ:

25

  Աստուած բարերար է նրանց հանդէպ,ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ,

26

  քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի:

27

  Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը:

28

  Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը:

29

  Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ.

30

  իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կը կրի շատ նախատինքներ,

31

  բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի:

32

  Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան.

33

  Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժելեւ նուաստացնել մարդու որդիներին:

34

  Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին,

35

  երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները,

36

  երբ դատարանում անիրաւում է մարդուն, « Տէրը չի՞ տեսնում:

37

  Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց:Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝

38

  «Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»:

39

  Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար:

40

  Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը,

41

  մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները:

42

  Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար:

43

  Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր.

44

  երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն.

45

  քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ:

46

  Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ:

47

  Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած:

48

  Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին:

49

  Իմ աչքերը լցուեցին արցունքով,

50

  բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը:

51

  Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար:

52

  Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին,

53

  իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ,

54

  գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»:

55

  Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր,

56

  եւ դու լսեցիր իմ ձայնը: Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ:

57

  Դու մօտեցար, որպէսզի ինձ օգնես, եւ ասացիր, թէ՝ «Այն օրը, երբ ինձ կանչես, չվախենաս»:

58

  Դա՛տ արա, ո՛վ Տէր, իմ հոգու դա՛տն արա: Փրկեցիր իմ կեանքը,

59

  տեսար իմ խռովքը, իմ դատաստանն արիր, Տէ՛ր:

60

  Տեսար իմ ողջ արդարութիւնը, իմացար իմ բոլոր խորհուրդները:

61

  Տէ՛ր, լսեցիր նախատինքներն ու իմ նկատմամբ ունեցած բոլոր դիտաւորութիւններն այն մարդկանց,

62

  ովքեր իրենց շուրթերը հանապազ իմ դէմ են շարժում:

63

  Իրենց խորհուրդներից ես հասկացայ, թէ ինչու են նրանք նստում ու վեր կենում:

64

  Նայի՛ր նրանց ամբարտաւան աչքերին, ո՛վ Տէր, եւ նրանց արժանի հատուցումը նրանց գլխի՛ն բեր,

65

  հատուցի՛ր նրանց ըստ իրենց սրտերի կարծրութեան,

66

  քո ցասմամբ հալածի՛ր նրանց, քո բարկութեամբ ոչնչացրո՛ւ նրանց երկնքի ներքոյ:

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994