A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 73



1

  Աստուա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ, եւ զայրոյթդ սաստկացաւ քո արօտի ոչխարների վրայ։

2

  Յիշի՛ր քո ժողովրդին, որ սկզբից ստացար, եւ փրկեցիր քեզ վիճակուած ժառանգութիւնը՝ լեռն այս Սիոնի, որտեղ դու

3

  Նրանց ամբարտաւանութեան վրայ բարձրացրո՛ւ քո ձեռքն ընդմիշտ, քանզի թշնամին անիրաւութիւն գործեց քո սրբարանում։

4

  Քեզ ատողները պարծեցան իրենց բարօրութեամբ, նշաններն իրենց իբրեւ զինանշան դրին մուտքին,

5

  բայց իրենք չհասկացան, որ վերից է ելքը։

6

  Ինչպէս անտառի փայտահատներ, կացիններով ջարդեցին դռները նրա, տապարներով ու մուրճերով կործանեցին այն։

7

  Հրի մատնեցին քո սրբարանը, եւ հողին հաւասարեցրին քո անուան խորանը։

8

  Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկէք վերացնենք Աստծու բոլոր տօներն երկրի երեսից»։

9

  Նշաններ մենք չտեսանք, այլեւս մարգարէ չմնաց, եւ ոչ ոք մեզ չի ճանաչում։

10

  Մինչեւ ե՞րբ, Աստուա՛ծ, թշնամին պիտի նախատի եւ հակառակորդն անարգի սուրբ անունդ։

11

  Ինչո՞ւ ես ետ քաշում քո ձեռքը, եւ քո աջը ծոցիդ մէջ է ընդմիշտ։

12

  Աստուա՛ծ, դու մեր թագաւորն ես յաւիտենութիւնից ի վեր, դու, որ փրկութիւն գործեցիր երկրի վրայ։

13

  Դու քո զօրութեամբ ծովը հաստատեցիր, եւ վիշապների գլուխը խորտակեցիր ջրերում։

14

  Դու վիշապի գլուխը փշրեցիր եւ որպէս կերակուր տուիր հնդիկների զօրքերին։

15

  Դու աղբիւրներ ու վտակներ բխեցրիր, եւ անցամաքելի գետեր ցամաքեցրիր։

16

  Քոնն է ցերեկը, եւ քոնն է գիշերը, լոյսն ու արեւը դո՛ւ հաստատեցիր։

17

  Դո՛ւ հաստատեցիր երկրի բոլոր սահմանները, գարունն ու ամառը դո՛ւ ստեղծեցիր։

18

  Յիշի՛ր այս. թշնամին նախատեց Տիրոջը, անզգամ ժողովուրդն անարգեց քո սուրբ անունը։

19

  Քեզ խոստովանողին մի՛ մատնիր գազաններին, եւ քո տնանկներին մի՛ մոռացիր երբեք։

20

  Նայի՛ր քո ուխտին, քանզի ապշահարների տները երկրի վրայ լցուեցին անիրաւութեամբ։

21

  Թող խեղճն ամօթով ետ չդառնայ, եւ աղքատն ու տնանկը թող օրհնեն սուրբ անունդ։

22

  Ելի՛ր, Աստուա՛ծ, եւ կատարի՛ր դատաստանդ, յիշի՛ր անզգամի ամենօրեայ նախատինքը։

23

  Մի՛ մոռացիր պաշտօնեաներիդ ձայնը. քեզ ատողների ամբարտաւանութիւնն անընդհատ պիտի աճի։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994