A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 113



1

  Երբ իսրայէլացիներն ելան Եգիպտոսից, Յակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից,

2

  Հրէաստանն եղաւ սրբարանը նրա, եւ Իսրայէլը՝ իշխանութիւնը նրա։

3

  Ծովը տեսաւ ու փախաւ, եւ Յորդանան գետը ետ դարձաւ։

4

  Լեռները ցնծացին խոյերի պէս, եւ բլուրները՝ ինչպէս մաքիների գառներ։

5

  Ի՞նչ եղաւ քեզ, ծո՛վ, ո՞ւմ տեսար ու փախար, կամ դո՛ւ, գե՛տ Յորդանանի, ինչո՞ւ ետ դարձար։

6

  Լեռնե՛ր, ցնծացիք ինչպէս խոյեր, եւ բլուրներ՝ ինչպէս մաքիների գառներ։

7

  Երկիրը սասանուեց Տիրոջ դիմաց՝ Յակոբի Աստծու դիմաց, նրա՛ դիմաց,

8

  ով ժայռը դարձրեց ջրի վտակ, եւ ապառաժն՝ աղբիւրի ակունք։

9

  Ոչ թէ մեզ, Տէ՛ր, ոչ թէ մեզ, այլ քո անուա՛նը փառք տուր քո ողորմութան եւ ճշմարտութեան համար։

10

  Թող երբեք հեթանոսների մէջ չասեն, թէ՝ «Նրանց Աստուածն ո՞ւր է»։

11

  Մեր Աստուածը երկնքում է եւ երկրի վրայ.ինչ որ նա ուզեց՝ արեց։

12

  Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։

13

  Բերան ունեն՝ բայց չեն խօսում, աչքեր ունեն՝ բայց չեն տեսնում։

14

  Ականջներ ունեն՝ բայց չեն լսում, քիթ ունեն՝ բայց չեն հոտոտում։

15

  Ձեռքեր ունեն՝ բայց չեն շօշափում, ոտքեր ունեն՝ բայց չեն քայլում, եւ նրանց կոկորդում ձայն չկայ։

16

  Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ։

17

  Իսրայէլի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ,որը նրա օգնականն ու ապաւէնն է։

18

  Ահարոնի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ընկերակիցն է։

19

  Տիրոջից երկիւղ կրողները յոյսը դրին Տիրոջ վրայ,որը նրանց օգնականն ու փրկիչն է։

20

  Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ, Տէրն օրհնեց տունն Իսրայէլի, Տէրն օրհնեց տունն Ահարոնի։

21

  Տէրն օրհնեց իրենից երկիւղ կրողներին՝ փոքրերին ու մեծերին։

22

  Տէրը պիտի լիացնի ձեզ՝ ձեզ եւ ձեր որդիներին։

23

  Օրհնուած էք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։

24

  Երկինքների երկինքը Տիրոջն է, բայց երկիրը նա տուեց մարդկանց որդիներին։

25

  Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ, ոչ էլ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում,

26

  այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994