A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 103



1

  Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ. Տէ՛ր իմ Աստուած, անչափ մեծ ես, գովաբանութեամբ ու մեծափառութեամբ զգեստաւորուեցիր։

2

  Լոյսը կրեցիր ինչպէս վերարկու, երկինքը փռեցիր վրանի պէս,

3

  քո վերնայարկը հաստատեցիր ջրերի վրայ։ Երթեւեկում է Նա ամպերի մէջ եւ շրջում հողմերի թեւերին։

4

  Նա քամիները հրեշտակներ դարձրեց իրեն, եւ կիզիչ հուրը՝ սպասաւորների։

5

  Երկիրն հաստատեց իր հիմերի վրայ, որ յաւիտեան չսասանուի։

6

  Խոր ծովերն ասես նրա զգեցած վերարկուն լինեն։ Ջրերը կանգնած են լեռների վրայ։

7

  Նրանք պիտի փախչեն քո սաստից,եւ քո որոտի ձայնից պիտի սարսափեն։

8

  Լեռները պիտի ելնեն ու դաշտերն իջնեն այնտեղ, ուր դու հաստատեցիր դրանք։

9

  Սահման դրիր, որպէսզի չանցնեն եւ չողողեն երկիրը նորից։

10

  Աղբիւրները դէպի ձորերն ուղղեցիր, եւ ջրերը լեռների միջով պիտի հոսեն՝

11

  յագեցնելու ծարաւը բոլոր գազանների ու վայրի էշերի։

12

  Այնտեղ երկնքի թռչունները բոյն պիտի դնեն եւ ժայռերի միջից ձայն պիտի տան։

13

  Նա ջուր պիտի խմեցնի լեռներին իր շտեմարաններից, նրա գործերի պտուղներով պիտի երկիրը լցուի։

14

  Մարդկանց կարիքների համար լեռներում խոտ աճեցրիր ու բանջար,եւ հողից հաց հանեցիր։

15

  Գինին ուրախացնում է մարդուն,իւղը՝ զուարթացնում, եւ հացն ամրացնում է մարդու սիրտը։

16

  Թող յագենան Տիրոջ ծառերն ու մայրիները Լիբանանի, որ դու տնկեցիր։

17

  Այնտեղ երկնքի թռչունները ձագ կը հանեն, եւ արագիլի բոյնը նրանց ապաստան կը լինի։

18

  Բարձր լեռներն եղջերուների համար են, իսկ ժայռերը ապաստան են նապաստակների համար։

19

  Դու հաստատեցիր լուսինը ժամանակը չափելու համար, արեգակն իմացաւ պահն իր մայրամուտի։

20

  Դու խաւարն ստեղծեցիր, ու գիշեր եղաւ, որի մէջ շրջում են բոլոր գազաններն անտառի։

21

  Առիւծների կորիւնները մռնչում են ու յօշոտում՝Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով։

22

  Արեւածագին նրանք հաւաքւում են եւ հանգչում իրենց որջերում։

23

  Մարդ մինչեւ երեկոյ գնում է իր գործինու վաստակին իր ձեռքերի։

24

  Որքա՜ն մեծ են գործերը քո, Տէ՛ր, ամէն ինչ իմաստութեամբ ստեղծեցիր դու, եւ աշխարհը լցուեց քո ստեղծածներով։

25

  Ահա ծովը՝ մեծ եւ լայնատարած, որի մէջ վխտացող կենդանիներին թիւ չկայ.այնտեղ կան մեծամեծ ու փոքր գազաններ.

26

  այնտեղ նաեւ նաւերն են լողում։Այնտեղ է վիշապը, որ դու ստեղծեցիր, որ խաղ անի ծովի հետ։

27

  Բոլորը քեզ են սպասում, որ նրանց ուտելիքը ժամանակին տաս։

28

  Տալիս ես նրանց, ու նրանք կերակրւում են, բացում ես ձեռքդ եւ քո հաճութեամբ սնում բոլորին։

29

  Երբ շրջում ես երեսդ նրանցից, խռովւում են նրանք, երբ նրանցից հանում ես նրանց շունչը, սպառւում եւ հող են դառնում։

30

  Ուղարկում ես քո շունչը եւ վերստեղծում նրանց, ու նորոգում երեսն երկրի։

31

  Թող Տիրոջ փառքը յաւիտեան լինի, եւ Տէրն ուրախանայ իր արարածներով։

32

  Նա նայում է երկրին ու դող պատճառում նրան, մերձենում լեռներին՝ եւ նրանք ծուխ են արձակում։

33

  Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն՝ քանի դեռ կամ։

34

  Օրհնութիւնն իմ քաղցր կը լինի նրան, եւ ես կ՚ուրախանամ Տիրոջով։

35

  Թող մեղաւորները պակասեն աշխարհից, եւ ամբարիշտներ թող չգտնուեն նրա մէջ։Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։ Ալէլուիա։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994