A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Աշխատանք 39



1

  Գիտես քարայծների ծննդաբերութեան ժամանակը կամ լաւ հետե՞ւլ ես եղնիկների երկունքին։

2

  Կարո՞ղ ես լրիւ թուել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց։

3

  Առանց երկիւղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցաւերից։

4

  Ազատութիւն կ՚ունենան նրանց ձագերը, ծնելով՝ կը բազմանան, դուրս կը գան ու այլեւս չեն վերադառնայ։

5

  Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա։

6

  Նրան իբրեւ կայան սահմանել եմ առապարները, իբրեւ բնակավայր՝ աղուտները։

7

  Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքներն հարկահանների։

8

  Դիտում է իր լեռնոտ արօտավայրերը ու շրջում է՝ ամէն դալարիք փնտռելու։

9

  Միեղջերուն յօժար կը լինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մէջ։

10

  Չուանով նրան լուծ կը կապե՞ս, կամ նա ակօս կը քաշի՞ քո դաշտում։

11

  Յոյսդ կը դնե՞ս նրա վրայ, քանի որ նրա զօրութիւնը մեծ է, եւ նրան կը թողնե՞ս գործերդ քո բոլոր։

12

  Կը հաւատա՞ս, որ սերմանուելիքներդ հատուցելու է ու հաւաքելու քո կալում։

13

  Գեղեցիկ են թռչող նէեղասների թեւերը. եթէ ասիդն ու նէեսանէլ բեղմնաւորւում են, արժէ տեսնել,

14

  որովհետեւ նէեսան իր ձուերը գետին է դնում, հողով տաքացնում է

15

  ու մոռանում, թէ ոտքի տակ ցրիւ կը գան, եւ անապատի գազանները կը կոխոտեն դրանք։

16

  Հեռանում է նա իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստեան վախը չունի նա,

17

  որովհետեւ Աստուած նրանից վերցրել է իմաստութիւնը եւ խելքի բաժին չի տուել նրան։

18

  Բայց երբ դէպի վեր ու բարձունքներ բարձրանայ,կը ծիծաղի երիվարի ու հեծեալի վրայ։

19

  Դո՞ւ ես միթէ օժտել ձիուն զօրութեամբ,

20

  պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինութիւն գցել, նրա լանջը փառաւոր դարձրելու խիզախութիւն տուել նրան։

21

  Որոտում է դաշտում ու դոփում, զօրութեամբ դուրս է գալիս դաշտ։

22

  Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ չի նահանջում նա։

23

  Նրա վերեւում շողշողում են աղեղն ու սուրը, շարժւում՝ վահանն ու նիզակը։

24

  Իսկ ինքը բարկութեամբ գետինն է փորփրում։ Չի հաւատում մինչեւ փողը չհնչի։

25

  Իսկ երբ հնչում է փողը, «վա՜շ-վա՜շ» է կանչում։ Հեռուից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։

26

  Քո խելքի՞ց է որ բազէն թեւերը տարածելով կանգնած է մնում օդում՝ անշարժ դիտելով հարաւի կողմը,

27

  կամ քո՞ հրամանով է արծիւը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձաւներում ու ծածուկ տեղերում նստում հանգստանում է իր բոյնի

28

  մնում է այնտեղ ու կեր է փնտռում։

29

  Նրա աչքերը դիտում են հեռուից,

30

  իսկ նրա ձագերը զոհի արեան մէջ են թաթախուած։ Ուր որ դիակ գտնեն՝ իսկոյն այնտեղ են յայտնւում»։

31

  Եւ Տէր Աստուած խօսեց ու Յոբին ասաց.

32

  «Միթէ մէկը պիտի կարողանա՞յ իմ դատաստանը ծռել, պիտի յանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տայ»։

33

  Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց.

34

  «Էլ ինչո՞ւ դատ անեմ դեռ, կշտամբեմ ու յանդիմանեմ։ Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչութիւն եմ, ի՞նչ պատասխան պիտի

35

  Բերանս բացի մի անգամ արդէն, էլ երկրորդ անգամ բան չեմ աւելացնի»։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994