A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Աշխատանք 31



1

  «Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես, ու չնայեցին նրանք մի կոյսի։

2

  Աստուած բաժին է հանել ինձ վերուստեւ բաւականին մեծ ժառանգութիւն՝ իր այն բարձունքից։

3

  Անիրաւ մարդու կործանումը չէ՞ միթէ դա հէնց կամ վտարումը այն մարդկանց, ովքեր անօրէնութիւն են գործում կեանքում։

4

  Ինքը չէ՞ միթէ, որ պարզ տեսնում է իմ ճանապարհը ու հաշուի առնում քայլերս բոլոր։

5

  Թէ ծաղրողի հետ գնացած լինեմ, թէ իմ ոտքերը նենգութեան ճամփով շտապած լինեն

6

  (բայց կշռուել եմ արդար կշեռքով, եւ գիտէ Տէրն իմ անմեղութիւնը),

7

  թէ շեղուած լինի ոտքս ճիշտ ուղուց, սիրտս՝ ընթացած աչքիս յետեւից, թէ կպած լինեմ ձեռքով՝ կաշառքի, -

8

  ապա թող որ ես սերմանեմ, սակայն ուրիշներն ուտեն, ու ես անարմատ լինեմ երկրի վրայ։

9

  Թէ գնացել է սիրտս ուրիշի կնոջ յետեւից, թէ դարանակալ եմ եղել իր տան դարպասների մօտ, -

10

  ապա թող կինս նոյնպէս հաճելի լինի ուրիշի, ու թող տառապեն իմ մանուկները.

11

  քանզի այլ մարդու կնոջ պղծելը անզուսպ բարկութեան է լոկ արժանի.

12

  կրակ կը վառուի իր մարմնի բոլոր անդամների մէջ. ո՛ր կողմն էլ հասնի՝ հիմքից կը ջնջի։

13

  Իրաւունքն արդար թէ անտեսել եմ ես իմ ծառայի կամ իմ աղախնի, որ մօտ է եկել իմ դատաստանին, -

14

  ի՞նչ եմ անելու, եթէ հարցուփորձ անի ինձ Տէրը, կամ թէ դատ անի՝ ի՞նչ պատասխան եմ ես տալու նրան։

15

  Չէ՞ որ ինձ նման նրանք էլ մի օր պտղաւորուել են ինչ-որ արգանդում. նոյն որովայնում ենք գոյացել մենք։

16

  Իսկ այն խեղճին, որ կարիքի մէջ էր, արդեօք երբեւէ օգնութեան չեկա՞յ։ Թողեցի՞ արդեօք, որ այրու աչքերն ողբալուց մաշուեն։

17

  Կամ թէ պատառս մենա՞կ կերայ ես ու չհանեցի՞ բաժին որբերին։

18

  Իմ երիտասարդ օրերից հօր պէս սնունդ տուեցի, մօրս արգանդից ուղի ցոյց տուի։

19

  Կորած մերկերին անտեսեցի՞ ես ու չհագցրի՞։

20

  Չքաւորներն ինձ չօրհնեցի՞ն միթէ, նրանց թիկունքը խաշներիս բրդով էլ չտաքացա՞ւ։

21

  Թէ որբի վրայ ձեռք եմ բարձրացրել՝ հաշուելով, թէ շատ են օգնականներս,

22

  ապա թող ուսս թափուի անրակից, իսկ բազուկս էլ պոկուի արմունկից.

23

  քանզի ինձ Տիրոջ սարսափն է պատել, ու նրա առաջ չեմ կարող կանգնել։

24

  Եթէ հողիս մէջ ոսկի պահեցի, յոյս դրի ես թանկ քարերի վրայ,

25

  թէ ուրախացայ հարստութեանս վրայ անսահման, թէ անթիւ գանձի վրայ ձեռք դրի

26

  (չե՞նք տեսնում միթէ, որ լուսաւորող արեգակն անգամ հիւծւում է մի օր, լուսինը՝ մաշւում. այդ նրանցից չէ),

27

  եթէ գաղտնաբար սիրտս հրապուրուեց, թէ ձեռքս դրի բերանիս վրայ ու համբուրեցի, -

28

  թող այս բոլորն մեծ անօրէնութիւն դիտուեն ինձ համար, որ սուտ եմ եղել Բարձրեալ Աստծու՝ Տիրոջ առաջին։ Ուժ, կարողութիւն,

29

  Թէ ուրախացայ գետնին թաւալուող թշնամուս վրայ, եւ «վա՜շ» ասացի իմ սրտի խորքում, -

30

  թող ականջներս լսեն անէծքն իմ, թող արհամարհուեմ ու քամահրուեմ իմ ժողովրդից։

31

  Եթէ իմ մասին աղախիններիս բազմութիւնն ասի՝ «Երանի՜ նրա մսով յագենանք», քանզի քաղցր էի ես նրանց համար

32

  (օտարը դրսում չէր օթեւանում. իմ դուռը բաց էր եկուորի առաջ),

33

  թէ թաքցրեցի ակամայ գործած ես իմ մեղքերը

34

  (չէի ամաչում ես բազմութիւնից, որ նրա առաջ չասէի դրանք), եթէ աղքատին ես դատարկ ձեռքով դուրս արի դռնից

35

  (երնէ՜կ լսէի, թէ Տիրոջ ձեռքը չի զարհուրեցրել), կամ եթէ մէկից առած մուրհակը,

36

  իբրեւ մի պսակ ուսերիս դրած՝ կարդալով

37

  պատառ-պատառ չարեցի, յետ չդարձրի այն՝ ոչինչ չառնելով իմ պարտապանից,

38

  թէ իմ պատճառով հեծեծեց հողը, թէ ակօսները նրա լաց եղան,

39

  եթէ կերայ ես արդիւնքը նրա առանց վճարի, կամ տակնուվրայ արեցի հոգին հողի տէրերի, -

40

  ապա ցորենի փոխարէն եղինջ թող բուսնի այնտեղ, գարու փոխարէն՝ մորենի միայն»։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994