A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Աշխատանք 3



1

  Ապա Յոբը դժուարութեամբ բաց արեց բերանը, անիծեց իր ծնուած օրը,

2

  խօսեց ու ասաց.

3

  «Կորչի թող օրն այն, երբ ես ծնուեցի, ու գիշերն էլ, երբ ասացին ինձ, թէ՝արու մի զաւակ է սաղմնաւորուել։

4

  Խաւար թող դառնայ այն գիշերը, եւ Տէրը վերեւից չփնտռի թող այն։

5

  Նրա վրայ է՛լ լոյսը չծագի. թող պատեն խաւարն, ստուերները մահուան, ու մէգը իջնի թող նրա վրայ։

6

  Անիծեալ լինի այն օրն, գիշերն էլ. խաւարը տանի։ Չլինի թող այն՝ տարուայ օրերում, ու չթուարկուի նաեւ օրերում այն

7

  Այլ գիշերը այն լինի ցաւերում, եւ թող չայցելեն նրան խնդութիւն, ոչ էլ ցնծութիւն։

8

  Նզովի թող նա, ով պիտ անիծի օրն այն, ով ձեռքն իր գցի վիշապին։

9

  Խաւարեն թող այն աստղերն գիշերուայ. գիշերն սպասի, բայց լոյս չգայ թող, ու չտեսնի թող երբեք ծագելը վառ արուսեակի.

10

  քանզի չփակեց իմ մօր արգանդի դռները, որով գուցէ եւ վանէր ցաւերն իմ աչքից։

11

  Ինչո՞ւ չմեռայ ես էլ արգանդում, դուրս եկայ այսպէս եւ տեղնուտեղը չչքացայ գէթ։

12

  Ինչո՞ւ ծնուեցի, ինչո՞ւ ծծեցի ստինքներն իմ մօր։

13

  Մինչ հիմա հանգչած ես կը լինէի,

14

  կը ննջէի ու կը հանգչէի ես արքաների հետ, երկրի իմաստնոց, որ յոխորտում են սրերով իրենց,

15

  կամ իշխանների, որ բազում ոսկի ունեն եւ որոնք լցրել են իրենց տներն արծաթով,

16

  կամ ինչպէս վիժուածք, որ դուրս է ընկնում արգանդից իր մօր, կամ զերթ մանուկներ, որոնք որ լոյսը չտեսան երբեք։

17

  Այնտեղ են հիմա ամբարիշտները, որ բորբոքեցին զայրոյթը Տիրոջ։ Այնտեղ հանգչեցին մարմնով տանջուածներ,

18

  անցեալի մարդիկ, որ չեն լսում էլ ձայնն հարկահանի։

19

  Այնտեղ են փոքրն ու մեծը միասին, նոյնպէս եւ ծառան, որ չունի երբեքտիրոջից երկիւղ։

20

  Ինչո՞ւ է տրւում լոյսը այն անձանց, որ դառնացած են, կեանքը՝ ցաւագնած այն հոգիներին,

21

  որ մահ են տենչում՝ չեն հասնում դրան, փորում են, ինչպէս գանձ կը փորէին, կ՚ուրախանային, թէ մահ գտնէին։

22

  Մահն մարդու համար հանգիստ է,

23

  սակայն ճամփան դէպի այն ծածկուեց նրանից. փակեց նրա շուրջը ինքը Աստուած։

24

  Կերակրից առաջ՝ հեծութիւնն հասաւ. արցունքներով ու ահով եմ ընկճուած,

25

  քանզի ինչ բանի երկիւղն ունէի՝ հասաւ ինձ վրայ. ինչից որ վախ կար՝ հէնց ի՛նձ պատահեց։

26

  Չխաղաղուեցի, դադար չառայ ես, ոչ էլ հանգչեցի, քանի որ վրաս բարկութիւնն իջաւ»։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994