A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

1 Սամուել 7



1

  Եւ Կարիաթարիմի մարդիկը գնացին եւ վեր տարան Տիրոջ տապանակը. Եւ բերին նորան Աբինադաբի տունը՝ բլուրի վերայ. Եւ նորա որդի Եղիազարին որոշեցին որ Տիրոջ տապանակի պահպանութիւնն անէ։

2

  Եւ տապանակը Կարիաթարիմ եկած օրից յետոյ շատ օրեր անցան, եւ քսան տարի եղաւ. Եւ Իսրայէլի բոլոր տունը հառաչեցին Տիրոջ ետեւից։

3

  Այն ժամանակ Սամուէլն Իսրայէլի բոլոր տան հետ խօսեց ասելով. Եթէ դուք ձեր բոլոր սրտովը դարձել էք Տիրոջը, ձեր միջից հեռացրէք օտար աստուածները եւ Աստարովթը, եւ ձեր սիրտերը պատրաստեցէք Տիրոջ համար, եւ միայն նորան պաշտեցէք. Եւ նա կազատէ ձեզ Փղշտացիների ձեռքիցը։

4

  Եւ Իսրայէլի որդիքը հեռացրին Բահաղիմն ու Աստարովթը եւ միայն Տիրոջը պաշտեցին։

5

  Եւ Սամուէլն ասեց. Բոլոր Իսրայէլին Մասփայ ժողովեցէք, եւ ձեզ համար աղօթք անեմ Տիրոջը։

6

  Եւ Մասփայ ժողովուեցան, եւ ջուր քաշեցին եւ Տիրոջ առաջը թափեցին, եւ այն օրը ծոմ բռնեցին, եւ այնտեղ ասեցին. Տիրոջ դէմ մեղք գործեցինք։ Եւ Սամուէլը Մասփայումը Իսրայէլի որդկանց դատաւորութիւն արաւ։

7

  Եւ երբոր Փղշտացիները լսեցին որ Իսրայէլի որդիքը Մասփայ են ժողովուել, Փղշտացիների նախարարները վեր ելան Իսրայէլի դէմ. Եւ Իսրայէլի որդիքը լսեցին՝ եւ Փղշտացիների երեսիցը վախեցան։

8

  Եւ Իսրայէլի որդիքը Սամուէլին ասեցին. Անդադար դէպի մեր Տէր Աստուծուն աղաղակիր մեզ համար որ մեզ Փղշտացիների ձեռքիցն ազատէ։

9

  Եւ Սամուէլը մէկ կաթնակեր գառնուկ առաւ, եւ նորան բոլորովին ողջակէզ արաւ Տիրոջ. Եւ Սամուէլն Իսրայէլի համար դէպի Տիրոջն աղաղակեց, եւ Տէրը նորան պատասխանեց։

10

  Եւ երբոր Սամուէլը մատուցանում էր ողջակէզը, Փղշտացիները մօտեցան որ Իսրայէլի դէմ պատերազմ անեն. Եւ Տէրը նոյն օրը Փղշտացիների վերայ մեծ ձայնով որոտաց, եւ նորանց խռովեցրեց. Եւ նորանք Իսրայէլի առաջին զարկուեցան։

11

  Եւ Իսրայէլի մարդիկը Մասփայից դուրս եկան եւ Փղշտացիներին հալածեցին, եւ մինչեւ բեթքովրի տակ նորանց ջարդեցին։

12

  Եւ Սամուէլը մէկ քար առաւ, եւ Մասփայի ու Սենի մէջտեղումը կանգնեցրեց, եւ նորա անունը Աբենեզեր կոչեց, ասելով. Տէրը մինչեւ այստեղը օգնեց մեզ։

13

  Եւ Փղշտացիները կորագլուխ եղան, եւ այլ եւս չեկան Իսրայէլի սահմանի մէջ. Եւ Սամուէլի բոլոր օրերումը Տիրոջ ձեռքը Փղշտացիների վերայ էր։

14

  Եւ նորանք Իսրայէլին ետ դարձրին այն քաղաքները, որ Փղշտացիները առել էին Ակկարոնից մինչեւ Գէթ. Եւ Իսրայէլը նորանց սահմանները ազատեց Փղշտացիների ձեռքիցը, եւ Իսրայէլի ու Ամօրհացիների մէջտեղը խաղաղութիւն էր։

15

  Եւ Սամուէլն իր կեանքի բոլոր օրերումն Իսրայէլի դատաւորն էր։

16

  Եւ տարուց տարի գնում էր Բեթէլ, Գաղգաղա եւ Մասփա եւ ման էր գալիս բոլոր այն տեղերումը ու դատում Իսրայէլին։

17

  Եւ ետ էր դառնում Ռամա, որովհետեւ իր տունը այնտեղ էր, եւ այնտեղ դատում էր Իսրայէլին. Եւ այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896