A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

1 Սամուել 5



1

  Եւ Փղշտացիները առան Աստուծոյ տապանակը եւ տարան նորան Աբենեզերից Ազովտոս։

2

  Եւ Փղշտացիները Աստուծոյ տապանակն առան ու տարան նորան Դագոնի տունը եւ դրին Դագոնի մօտ։

3

  Եւ հետեւեալ օրը Ազովտացիները առաւօտանց կանուխ վեր կացան տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել. Եւ նորանք վեր առան Դագոնը եւ իր տեղը դրին։

4

  Եւ հետեւեալ օրը առաւօտանց կանուխ վեր կացան եւ տեսան որ Դագոնը Տիրոջ տապանակի առաջին երեսի վերայ գետինն է ընկել, եւ Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրատուած՝ սեմի վերայ էին, միայն Դագոնի մարմինն էր մնացել։

5

  (Այս պատճառով Դագոնի քուրմերը եւ բոլոր Դագոնի տունը մտնողները մինչեւ այսօր Ազովտոսումն եղող Դագոնի սեմի վերայ չեն կոխիլ։)

6

  Եւ Տիրոջ ձեռքը ծանրացաւ Ազովտացիների վերայ, եւ նորանց աւերակ արաւ, եւ նորանց զարկեց Ազովտոսի եւ նորա սահմանների մէջ թանչքի ուռեցքներով։

7

  Եւ Ազովտոսի բնակիչները տեսան որ այսպէս է, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ չկենայ. Որովհետեւ նորա ձեռքը մեզ վերայ եւ մեր աստուած Դագոնի վերայ ծանրացաւ։

8

  Եւ մարդ ուղարկեցին, եւ Փղշտացիների բոլոր նախարարներին իրանց մօտ ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք Իսրայէլի Աստուծոյ տապանակին. Եւ ասեցին. Թող Իսրայէլի Աստուծոյ տապանակը Գէթ փոխադրեն. Եւ Իսրայէլի Աստուծոյ տապանակը փոխադրեցին։

9

  Եւ եղաւ որ նորան փոխադրելուց յետոյ Տիրոջ ձեռքովն այն քաղաքի մէջ մեծ խռովութիւն եղաւ, եւ քաղաքի մարդկանցը պզտիկից մինչեւ մեծը զարկեց. Եւ նորանց վերայ թանչքի ուռեցքներ երեւեցան։

10

  Եւ Աստուծոյ տապանակը Ակկարոն ուղարկեցին. Եւ հէնց որ Աստուծոյ տապանակը Ակկարոն մտաւ, Ակկարոնացիները աղաղակելով ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը մեզ մօտ բերին, որ մեզ եւ մեր ժողովրդին մեռցնեն։

11

  Եւ մարդ ուղարկեցին՝ Փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին, եւ ասեցին. Իսրայէլի Աստուծոյ տապանակը ուղարկեցէք եւ իր տեղը ետ դառնայ, որ մեզ եւ մեր ժողովրդին չմեռցնէ. Որովհետեւ բոլոր քաղաքի մէջ մահառիթ սոսկում կար, Աստուծոյ ձեռքը շատ ծանրացել էր այնտեղ։

12

  Եւ չմեռած մարդիկը թանչքի ուռեցքներով զարկուեցան. Եւ քաղաքի աղաղակը երկինքը վեր ելաւ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896