A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ռութը 3

1

  Եւ նորա սկեսուր Նոեմին նորան ասեց. Աղջիկս, ես քեզ համար հանգստութիւն եմ ուզում, որ քեզ համար լաւ լինի։

2

  Եւ ահա Բոոսը մեր ազգականներից է, որ դու նորա աղջկերանց մօտ էիր. ահա նա այս գիշեր կալումը գարի է կասում։

3

  Եւ դու լուացուիր եւ իւղով օծուիր, եւ հանդերձներդ հագիր եւ իջիր կալը, եւ այն մարդին մի յայտնուիր, մինչեւ որ ուտէ եւ խմէ վերջացնէ։

4

  Եւ երբոր քնանայ նորա պառկած տեղն իմացիր, եւ գնա ծածկոցը նորա ոտքերի կողմից բաց եւ պառկիր, եւ նա քեզ կիմացնէ թէ ինչ պիտի անես։

5

  Եւ Հռութը նորան ասեց. Ամեն ինչ որ ինձ ասել ես՝ կանեմ։

6

  Եւ նա իջաւ կալը, եւ իր սկեսրի ամեն պատուիրածի պէս արաւ։

7

  Եւ Բոոսը կերաւ եւ խմեց եւ սիրտը զուարճացել էր, եւ գնաց դիզուած գարիի եզերքին պառկելու. Եւ Հռութը կամաց գնաց եւ ծածկոցը նորա ոտքերի կողմից բացաւ եւ պառկեց։

8

  Եւ կէսգիշերին մարդը վախեցաւ, եւ ծռեց տեսաւ որ ահա իր ոտքերի մօտ մի կին է պառկել։

9

  Եւ ասեց. Դու ո՞վ ես։ Եւ նա ասեց. Ես քո աղախին Հռութն եմ. եւ քո քղանցքը տարածիր քո աղախնի վերայ, որովհետեւ դու իմ մօտ ազգականն ես։

10

  Նա էլ ասեց. Օրհնեալ լինիս դու Տէրիցը, աղջիկս, քո ետքի լաւութիւնը առաջինիցը մեծ է, որովհետեւ դու ոչ աղքատ եւ ոչ հարուստ երիտասարդների ետեւից չգնացիր։

11

  Եւ հիմա, աղջիկս, մի վախենար, դու ինձ ինչ որ ասես՝ քեզ համար կանեմ, որովհետեւ քաղաքիս բոլոր ժողովուրդը գիտէ որ դու մի առաքինի կին ես։

12

  Եւ հիմա իրաւ ես քո ազգականն եմ, բայց ինձանից աւելի մօտ ուրիշ ազգական կայ։

13

  Այս գիշեր այստեղ կաց, եւ եթէ առաւօտը նա իր ազգականութեան պարտաւորութիւնը հատուցանել ուզէ, լաւ, թող հատուցանէ. բայց եթէ նա չուզէ ազգականութեան պարտաւորութիւնը քեզ հատուցանել, այն ժամանակ ես կհատուցանեմ, կենդանի է Տէրը. մինչեւ առաւօտ պառկիր այստեղ։

14

  Եւ նա պառկեց նորա ոտքերի մօտ մինչեւ առաւօտ, եւ վեր կացաւ, երբոր մարդիկ դեռ չէին կարող մէկզմէկ ճանաչել. եւ Բոոսն ասեց. Մի մարդ չիմանայ որ կալը կին է եկել։ Նաեւ ասեց. Վերայի ծածկոցդ բեր, եւ նորան բռնիր։

15

  Եւ Հռութը բռնեց նորան. եւ նա վեց չափ գարի չափեց եւ նորա շալակը տուաւ. նա էլ գնաց քաղաքը։

16

  Եւ Հռութն իր սկեսրի մօտ դարձաւ. եւ նա ասեց. Աղջիկս, ի՞նչպէս ես. եւ նա նորան պատմեց ինչ որ այն մարդն արել էր իրան.

17

  Եւ ասեց. Նա այս վեց չափ գարին ինձ տուաւ եւ ասեց. Քո սկեսրի մօտ դարտակ չգնաս։

18

  Եւ Նոեմին ասեց. Աղջիկս, նստիր, մինչեւ որ իմանաս այս գործը ինչպէս պիտի վերջանայ. որովհետեւ այն մարդը մինչեւ որ այս գործը այսօր չվերջացնէ՝ չի հանգստանալ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896