A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Դատավորներ 12



1

  Եւ Եփրեմի մարդիկը ժողովուեցան, եւ դէպի հիւսիսային կողմն անցան. եւ Յեփթայէին ասեցին. Ի՞նչու համար Ամմոնի որդկանց հետ գնացիր պատերազմելու եւ մեզ չկանչեցիր որ քեզ հետ գնայինք. մենք քո տունը քեզ վերայ կրակով այրելու ենք։

2

  Եւ Յեփթայէն նորանց ասեց. Ես եւ իմ ժողովուրդը Ամմոնի որդկանց հետ մեծ կռիւներ ունեցանք. եւ ես ձեզ կանչեցի. բայց դուք ինձ նորանց ձեռքիցը չազատեցիք։

3

  Ես էլ երբոր տեսայ որ դուք ինձ չէք ազատում, հոգիս ձեռքիս մէջ դրի եւ գնացի Ամմոնի որդկանց վերայ, եւ Տէրը նորանց իմ ձեռքը մատնեց. եւ ի՞նչու համար դուք այսօր ինձ դէմ եկաք պատերազմելու։

4

  Եւ Յեփթայէն Գաղաադի բոլոր մարդկանցը ժողովեց Եփրեմի հետ պատերազմ արաւ, եւ Գաղաադի մարդիկը Եփրեմեաններին զարկեցին. որովհետեւ ասել էին թէ՝ Դուք Գաղաադացիներ Եփրեմի փախստականներ էք Եփրեմի մէջ և Մանասէի մէջ։

5

  Եւ Գաղաադացիները Եփրեմի առաջին Յորդանանի անցքերը բռնեցին. եւ երբոր Եփրեմի մի փախստականը ասում էր. Թող տուէք անցնեմ. այն ժամանակ Գաղաադի մարդիկը նորան ասում էին. Եփրեմեա՞ն ես դու. Նա ասում էր՝ Ոչ.

6

  Եւ նորան ասում էին. Ապա ասիր Շիբբօլէք, եւ նա ասում էր. Սիբբօլէթ, (որովհետեւ չէր կարողանում ուղիղ արտասանել) եւ նորան բռնում էին եւ Յորդանանի անցքերում սպանում էին, եւ այն ժամանակ Եփրեմիցը քառասունեւերկու հազար մարդ ընկաւ։

7

  Եւ Յեփթայէն Իսրայէլի մէջ վեց տարի դատաւորութիւն արաւ. եւ Գաղաադացի Յեփթայէն մեռաւ, եւ թաղուեցաւ Գաղաադի քաղաքների մէկումը։

8

  Եւ նորանից յետոյ Իսրայէլի մէջ Բեթլեհէմացի Աբեսսանը դատաւորութիւն արաւ։

9

  Եւ նա երեսուն տղայ ունէր, եւ երեսուն աղջիկ, որոնց դուրս մարդի տուաւ, եւ դրսիցն իր տղերանց համար երեսուն աղջիկ բերաւ, եւ ինքն Իսրայէլի մէջ եօթը տարի դատաւորութիւն արաւ։

10

  Եւ Աբեսսանը մեռաւ եւ թաղուեցաւ Բեթլեհէմումը։

11

  Եւ նորանից յետոյ Զաբուղոնացի Ելօնը եղաւ Իսրայէլի դատաւոր, եւ Իսրայէլի մէջ տասը տարի դատաւորութիւն արաւ։

12

  Եւ Զաբուղոնացի Ելօնը մեռաւ, եւ թաղուեցաւ Զաբուղոնի երկրումը Այեղոնի մէջ։

13

  Եւ նորանից յետոյ Փարաթոնացի Հելլելի որդի Աբդօնը եղաւ Իսրայէլի դատաւոր։

14

  Եւ նա քառասուն տղայ եւ երեսուն թոռներ ունէր, որոնք հեծնում էին եօթանասուն աւանակների վերայ. եւ ինքը Իսրայէլի մէջ ութը տարի դատաւորութիւն արաւ։

15

  Եւ Բարաթոնացի Հելլելի որդին Աբդօնը մեռաւ, եւ թաղուեցաւ Ամաղեկացիների սարի վերայ Եփրեմի երկրումը Փարաթոնի մէջ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896