A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

2 Պետրոս 1

1

  Շմաւոն Պետրոս՝ Յիսուս Քրիստոսի ծառայ եւ առաքեալ, ձեզ՝ որ մեզ հետ նոյն պատուական հաւատքին հասաք մեր Աստուծոյ եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի արդարութիւնովը.

2

  Շնորհք եւ խաղաղութիւն շատանայ ձեզ վերայ Աստուծոյ եւ մեր Տէր Յիսուսի գիտութիւնովը։

3

  Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք է նորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով.

4

  Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով։

5

  Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը,

6

  Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն աստուածպաշտութիւնը,

7

  Եւ աստուածպաշտութինովն եղբայրսիրութիւնը, եւ եղբայրսիրութիւնովը սէրը՝՝։

8

  Որովհետեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը։

9

  Բայց նա որ այս բաներն իրան մօտ չ’ունի, կոյր է եւ կարճատես, մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբուիլը։

10

  Սորա համար, եղբարք, աւելի ջանք արէք, որ ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ անէք. Որովհետեւ սորանք անելով երբէք յանցանքի մէջ չէք ընկնիլ։

11

  Որովհետեւ այսպէս առատութիւնով կ’տրուի ձեզ մտնել մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը։

12

  Ուստի ես զանցառու չեմ լինիլ ձեզ յիշեցնելու սորանց համար, թէ եւ գիտէք եւ հաստատուած էք այս ներկայ ճշմարտութիւնումը։

13

  Եւ իրաւունք եմ համարում, որ քանի որ այս վրանի մէջ եմ զարթնեցնեմ ձեզ յիշեցնելով։

14

  Գիտեմ որ շուտով պիտի ինձանից հանեմ իմ այս վրանը, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսը յայտնեց ինձ։

15

  Բայց ջանք էլ կ’անեմ որ միշտ կարողանաք իմ աշխարհքից դուրս գալուց յետոյ այս բաները յիշել։

16

  Որովհետեւ մենք ոչ թէ վարպետութեամբ հնարուած առասպելների հետեւելով ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը. այլ ականատես լինելով նորա մեծափառութեանը։

17

  Որովհետեւ նա Հայր Աստուածանից պատիւ եւ փառք առաւ, երբոր այն մեծվայելչութեան փառքիցն այնպիսի ձայն եկաւ նորան թէ Դա է իմ սիրելի Որդին որին ես հաւանել եմ։

18

  Եւ այս ձայնը մենք լսեցինք երկնքիցն եկած, երբոր նորա հետ այն սուրբ սարումն էինք։

19

  Եւ մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք, որ եթէ նորան մտիկ անէք, լաւ կ’անէք, ինչպէս մի ճրագի որ լոյս է տալիս մութ տեղը, մինչեւ որ ցերեկը լուսանայ եւ լուսաբերը ծագի ձեր սրտերումը։

20

  Բայց առաջ այս գիտացէք, որ Գրքերի ամեն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ’ունի։

21

  Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս, բայց Սուրբ Հոգուցը շարժուած խօսեցան Աստուծոյ մարդիկը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896