A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Օրենք 34



1

  Եւ Մովսէսը վեր գնաց Մովաբի դաշտերիցը Նաբաւ սարը Երիքովի դէմ Փասգայի գագաթը. եւ Եհովան նորան ցոյց տուաւ բոլոր Գաղաադի երկիրը մինչեւ Դան,

2

  Նաեւ բոլոր Նեփթաղիմը եւ Եփրեմի եւ Մանասէի երկիրը, եւ Յուդայի բոլոր երկիրը մինչեւ արեւմտեան ծովը,

3

  Եւ հարաւային կողմը եւ Երիքովի հովտի դաշտը և Արմաւենեաց քաղաքը մինչեւ Սեգովր։

4

  Եւ Եհովան նորան ասեց. Սա է այն երկիրը՝ որի համար Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արի ասելով. Քո սերունդին եմ տալու այն. ահա քո աչքերովը քեզ տեսնել տուի, բայց դու այնտեղ չես անցնիլ։

5

  Եւ Եհովայի ծառան Մովսէսը մեռաւ այնտեղ Մովաբի երկրումը Տիրոջ խօսքին համեմատ.

6

  Եւ նա նորան թաղեց Մովաբի երկրի ձորումը Բեթփեգովրի դէմ, եւ մի մարդ չիամացաւ նորա գերեզմանը մինչեւ այսօր։

7

  Եւ Մովսէսը հարիւր քսան տարեկան էր մեռնելիս, նորա աչքը չտկարացաւ, եւ նորա ոյժը չգնաց։

8

  Եւ Իսրայէլի որդիքը Մովաբի դաշտերումը Մովսէսի համար երեսուն օր լաց եղան. եւ Մովսէսի համար սուգի լացի օրերը վերջացան։

9

  Եւ Նաւէի որդի Յեսուն իմաստութեան հոգիով լիքն էր, որովհետեւ Մովսէսն իր ձեռքերը նորա վերայ էր դրել. եւ Իսրայէլի որդիքը նորան լսում էին, եւ անում էին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

10

  Եւ այլ եւս վեր չկացաւ Իսրայէլումը մի մարգարէ Մովսէսի պէս՝ որին Եհովան ճանաչէր երես առ երես.

11

  Այն բոլոր նշաններովն ու հրաշքներովը, որ Եհովան ուղարկեց նորան Եգիպտոսի երկրումն անելու Փարաւօնին եւ նորա ամեն ծառաներին եւ նորա բոլոր երկրին,

12

  Եւ այն բոլոր զօրաւոր ձեռքովը եւ բոլոր մեծ սոսկումովը, որ Մովսէսն արաւ բոլոր Իսրայէլի աչքի առաջին։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896