A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Օրենք 33



1

  Եւ այս է այն օրհնութիւնը՝ որով օրհնեց Աստուծոյ մարդ՝ Մովսէսն Իսրայէլի որդկանց իր մեռնելուց առաջ.

2

  Եւ ասեց. Եհովան Սինայիցն եկաւ, Եւ Սէիրիցն երեւեցաւ նորանց, Փայլեցաւ Փառան սարիցը, Եւ եկաւ բիւրաւոր սուրբերով. Նորա աջ ձեռքիցը օրէնքի կրակը նորանց համար։

3

  Այո, նա սիրում է ժողովուրդներին. Նորա բոլոր սուրբերը քո ձեռքին են. Եւ նորանք նստում են քո ոտքերի մօտ Քո խօսքերիցն ընդունելու համար։

4

  Մովսէսը մեզ օրէնքը պատուիրեց. Յակոբի ժողովքի ժառանգութիւնը։

5

  Եւ Յեսուրունի մէջ թագաւոր եղաւ, Ժողովրդի գլխաւորները ժողովուելիս Իսրայէլի ցեղերի հետ մէկտեղ,

6

  Ռուբէնը ապրէ եւ չմեռնէ, Եւ նորա ժողովուրդը բազմաթիւ լինի։

7

  Եւ սա՝ Յուդայի համար, եւ ասեց. Լսիր, ով Եհովայ, Յուդայի ձայնը, Եւ իր ժողովրդի մօտ տար նորան. Նորա ձեռքերն իրան բաւական են, Եւ նորա թշնամիների դէմ օգնական եղիր։

8

  Եւ Ղեւիի համար ասեց. Թումիմդ ու Ուրիմդ քո սուրբ մարդին լինի, Որին փորձեցիր Մասսայի մէջ, Եւ Մերիբայի ջրի վերայ նորա հետ վիճեցիր։

9

  Այն որ իր հօրն ու մօրը համար ասեց՝ Ես նորան չտեսայ, Եւ իր եղբայրներին չճանաչեց, Եւ իր որդիներին չիմացաւ. Որովհետեւ նորանք քո խօսքին զգուշութիւն արին, Եւ քո ուխտը պահեցին։

10

  Քո դատաստանները սովորեցնում են Յակոբին՝ Եւ քո օրէնքն՝ Իսրայէլին. Քո առաջին խունկ կմատուցանեն, Եւ քո սեղանի վերայ՝ ողջակէզ։

11

  Եհովայ, օրհնիր նորա զօրութիւնը, Եւ նորա ձեռքի գործքը ընդունիր. Փշրիր նորա հակառակորդների մէջքը, Եւ նորա ատողներին, որ այլ եւս վեր չկենան։

12

  Բենիամինի համար ասեց. Եհովայի սիրելին ապահով բնակուէ նորա մօտ. Միշտ պաշտպանում է նորան, Եւ նորա ուսերի մէջ է բնակվում։

13

  Եւ Յովսէփի համար ասեց. Նորա երկիրը Եհովայիցն օրհնուած լինի Երկնքի ընտիր պարգեւներովը, ցօղովը, Եւ ցածումը պառկող անդունդներովը,

14

  Եւ արեգակից առաջ եկած ընտիր բերքերովը, Եւ ամիսների ընտիր արդիւնքներովը,

15

  Եւ վաղեմի սարերի ընտիր պտուղներովը, Եւ մշտնջենաւոր բլուրների ընտիր պարգեւներովը,

16

  Եւ երկրիս եւ նորա առատութեան ընտիր պարգեւներովը, Ու մորենումը բնակողի բարեհաճութիւնովը Գան Յովսէփի գլխի վերայ, Եւ իր եղբայրների մէջ երեւելի եղողի գագաթի վերայ։

17

  Իր ցուլի առաջինեկի պէս գեղեցկութիւն ունի նա, Եւ նորա եղջիւրները միեղջերուի եղջիւրներ են, Նորանցով կզարկէ ժողովուրդներին միասին, Մինչեւ երկրի ծայրերը. Եւ սորանք են Եփրեմի բիւրաւորները Եւ Մանասէի հազարաւորները։

18

  Եւ Զաբուղոնի համար ասեց. Ուրախացիր, Զաբուղոն, քո դուրս գալու ժամանակին, Եւ դու, Իսաքար, քո վրաններումը։

19

  Ժողովուրդներին սարն են հրաւիրում՝ Այնտեղ արդարութեան զոհեր են մատուցանում։ Որովհետեւ նորանք կծծեն ծովերի առատութիւնը Եւ աւազի ծածուկ գանձերը։

20

  Եւ Գադի համար ասեց. Օրհնուած է Գադին ընդարձակողը. Մատակ առիւծի պէս է նստել, Եւ գիշատում է թեւերը նաեւ գլուխը.

21

  Եւ տեսաւ առաջի մասն իրան յարմար. Որովհետեւ այնտեղ օրէնսդրի տուած բաժինը որոշուեցաւ, Եւ ժողովրդի գլխաւորների հետ եկաւ, Եհովայի արդարութիւնը գործեց Եւ նորա դատաստանները Իսրայէլի հետ։

22

  Եւ Դանի համար ասեց. Դանը առիւծի ձագ է. Բասանիցն է դուրս թռչում։

23

  Եւ Նեփթաղիմի համար ասեց. Նեփթաղիմը շնորհքով կշտացած, Եւ Եհովայի օրհնութիւնովը լցուած, Արեւմուտքն ու հարաւը կժառանգէ։

24

  Եւ Ասերի համար ասեց. Ասերը որդիներիցն օրհնուած է. Նա իր եղբայրներին հաճոյ լինի. Եւ ոտքը իւղի մէջ թաթախէ։

25

  Քո կօշիկները երկաթ եւ պղինձ լինեն, Եւ քո ոյժը քո օրերի չափ լինի։

26

  Յեսուրունի Աստուծոյ նմանը չկայ. Որ նստած է երկնքումը քեզ օգնութիւն անելու համար՝ Եւ իր մեծ վայելչութեամբը՝ ամպերի վերայ։

27

  Յաւիտենական Աստուածը ապաւէն է, Եւ ցածումը ոյժ ունեն նորայաւիտենական բազուկները. Եւ նա կքշէ թշնամիներիդ քո առաջիցը, Եւ կասէ՝ Փչացրու։

28

  Եւ Իսրայէլն ապահովութեամբ առանձին կբնակուէ. Յակոբին աղբիւրը՝ առանձին Ցորենի եւ գինիի երկրումը, Եւ նորա երկնքիցը ցօղ կկաթէ։

29

  Երանի քեզ, Իսրայէլ, ով է քեզ նման՝ Եհովայի ձեռքովը փրկուած ժողովուրդ. Որ նա է քո օգնութեան ասպարը Եւ քո յաղթութեան սուրը. Եւ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն, Եւ նորանց բարձր տեղերը պիտի կոխես։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896