A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Օրենք 19



1

  Երբոր քո Եհովայ Աստուածը բնաջինջ անէ այն ազգերին, որոնց երկիրը քո Եհովայ Աստուածը քեզ է տալիս, եւ դու նորանց քշես եւ նորանց քաղաքներումն ու տներումը բնակուես,

2

  Քեզ համար երեք քաղաք ջոկես քո երկրումը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ ժառանգելու.

3

  Քեզ համար ճանապարհ պատրաստես, եւ երեքի բաժանես քո երկրի սահմանը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ ժառանգութեան համար. որպէս զի ամեն մարդասպան այնտեղ փախչէ։

4

  Եւ այս է մարդասպանի կանոնը, որ այնտեղ փախչէ եւ ողջ մնայ. Նա որ զարկէ իր դրացիին անգիտութեամբ մեռցնէ՝ առանց նորա հետ երէկուանից եւ միւս օրուանից թշնամութիւն ունենալու.

5

  Եւ որ մէկն իր դրացիի հետ ծմակը գնայ փայտ կտրելու համար, եւ փայտ կտրելու համար իր ձեռքը կացինով բարձրացնելիս կոթիցը դուրս թռչէ եւ դրացիին դպչէ եւ նա մեռնէ. նա այս քաղաքներից մէկի մէջը փախչէ, որ ապրէ,

6

  Որ արիւնի վրէժխնդիրը մարդասպանի ետեւից չընկնէ, ըստ որում սիրտը վառուել է, եւ ճանապարհը շատ լինելով՝ նորան հասնէ եւ նորան մեռցնէ, թէպէտ եւ նորա համար մեռնելու առիթ չկայ, որովհետեւ նորա դէմ թշնամութիւն չունէր երէկուանից եւ միւս օրուանից։

7

  Սորա համար ես քեզ պատուիրում եմ եւ ասում, որ քեզ համար երեք քաղաք ջոկես։

8

  Եւ եթէ քո Եհովայ Աստուածը ընդարձակէ քո սահմանը ինչպէս որ քո հայրերին երդում է արել, եւ Եհովան քեզ տայ այն բոլոր երկիրը, որ խոստացաւ քո հայրերին տալ,

9

  Եթէ պահես այս բոլոր պատուիրանքը որ ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քո Եհովայ Աստուծուն սիրես եւ նորա ճանապարհներումը գնաս ամեն ժամանակ, ապա այս երեք քաղաքի վերայ ուրիշ երեք քաղաք էլ աւելացնես.

10

  Եւ որ անմեղ արիւն չթափուի քո երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն կտայ. եւ որ դու արիւնի պարտական չլինես։

11

  Բայց եթէ մէկ մարդ իր դրացիին ոխ ունենայ եւ նորան դարանամուտ լինի, եւ վեր կենայ նորա դէմ եւ նորան զարկէ, եւ նա մեռնէ, եւ սա փախչէ այս քաղաքների մէկ մէջը,

12

  Այն ժամանակ նորա քաղաքի ծերերն ուղարկեցէք, եւ նորանք վեր առնեն նորան այնտեղից, եւ տան նորան արիւնի վրէժխնդրի ձեռքը, որ մեռնէ։

13

  Քո աչքը նորան չխնայէ, եւ Իսրայէլի միջից անմեղ արիւնը վերացնես, որ քեզ համար բարի լինի։

14

  Քո դրացիի սահմանը, որ նախնիքները հաստատեցին, չփոխես քո կալուածքի մէջ, որ քո Եհովայ Աստուծոյ քեզ ժառանգութիւն տուած երկրումը կժառանգես։

15

  Մէկ վկայ չկանգնէ մի մարդի դէմ որ եւ իցէ անօրէնութեան եւ մեղքի համար՝ ինչ եւ է մեղքի մասին որ մեղանչել է. այլ երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի բանը։

16

  Եթէ մէկ մարդի դէմ մի սուտ վկայ վեր կենայ, եւ նորա վերայով անօրէնութեան համար վկայէ,

17

  Այն ժամանակ այն երկու մարդիկը, որոնց մէջ այդ հակառակութիւնը կայ, կանգնեն Եհովայի առաջին՝ այն ժամանակի քահանաների եւ դատաւորների առաջին.

18

  Եւ դատաւորները լաւ քննեն. եւ եթէ տեսնեն որ այն վկան սուտ վկայ է՝ իր եղբօրը դէմ սուտ վկայութիւն է արել,

19

  Այն ժամանակ նորան անէք ինչպէս որ նա խորհեց իր եղբօրն անելու, եւ չարութիւնը քո միջիցը վերացնես.

20

  Եւ մնացեալները կլսեն եւ կվախենան, եւ այլ եւս քո միջում այսպիսի չար բան չեն անիլ։

21

  Քո աչքը չխնայէ. անձի տեղ անձ, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ձեռքի տեղ ձեռք, եւ ոտքի տեղ ոտք։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896