A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եփեսացիներ 6



1

  Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։

2

  Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով,

3

  Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։

4

  Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։

5

  Ծառաներ, հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, վախով եւ դողալով ձեր սրտի միամտութեամբն ինչպէս Քրիստոսին.

6

  Ոչ թէ աչքի առաջին ծառայելով մարդկանց հաճոյ լինողների պէս, այլ ինչպէս Քրիստոսի ծառաներ, որ Աստուծոյ կամքն են անում սրտանց,

7

  Յօժարութեամբ ծառայելով Տիրոջը եւ ոչ թէ մարդկանց.

8

  Գիտենալով որ ամեն մէկն ինչ բարի որ անէ, նոյնը կընդունի Տէրիցը. թէ ծառայ լինի եւ թէ ազատ։

9

  Եւ դուք, տէրեր, նոյնն արէք նորանց՝ թողելով սպառնալիքը. գիտացէք որ հէնց ձեզ ինքներիդ էլ Տէր կայ երկնքումը, եւ նորա առաջին երեսպաշտութիւն չկայ։

10

  Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։

11

  Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։

12

  Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։

13

  Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել.

14

  Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած,

15

  Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։

16

  Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։

17

  Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։

18

  Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար,

19

  Եւ ինձ համար էլ. որ ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու ժամանակ, որ համարձակութիւնով հասկացնեմ աւետարանի խորհուրդը.

20

  Որի համար ես պատգամաւոր եմ կապանքներում, որ նորանով համարձակ լինեմ, ինչպէս որ պէտք է ինձ խօսիլ։

21

  Բայց որպէսզի դուք էլ գիտենաք ինձ համար, թէ ինչ եմ գործում, ամեն բան կիմացնէ ձեզ Տիւքիկոս եղբայրը եւ Տէրում պաշտօնեան.

22

  Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ մեր մասին տեղեկանաք, եւ նա ձեր սրտերը մխիթարէ։

23

  Խաղաղութիւն լինի եղբայրների հետ, եւ սէր՝ հաւատքով Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

24

  Շնորհք լինի այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին սիրում են անկեղծութեամբ։ Ամէն։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896