A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

1 Կորնթացիներ 9

1

  Չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին տեսայ, չէ՞ որ դուք իմ գործն էք Տէրով։

2

  Թէեւ ուրիշներին առաքեալ չլինեմ, բայց հէնց ձեզ առաքեալ եմ որ իմ առաքելութեան կնիքը դուք էք Տէրով։

3

  Իմ պատասխանը ինձ քննողների դէմ սա է

4

  Մի՞թէ մենք իշխանութիւն չունինք ուտելու եւ խմելու.

5

  Մի՞թէ իշխանութիւն չունինք քոյր կին ման ածելու մեզ հետ, ինչպէս ուրիշ առաքեալները եւ Տիրոջ եղբարքը, եւ Կեփասը։

6

  Կամ մի՞թէ միայն ես եւ Բառնաբասը իշխանութիւն չունինք չգործելու։

7

  Ո՞վ է որ երբէք իր պաշարովն զինուորութիւն անէ. ո՞վ է որ այգի տնկէ՝ եւ նորա պտղիցը չուտէ. ո՞վ է որ հօտ արածեցնէ՝ եւ հօտի կաթնիցը չուտէ։

8

  Մի՞թէ ես այս բաները մարդի կերպով եմ ասում, կամ չէ՞ որ օրէնքն էլ է ասում այս բաները։

9

  Որովհետեւ Մովսէսի օրէնքումը գրուած է՝ Կալի մէջ աշխատող եզան դունչը մի կապիր. մի՞թէ Աստուած եզների համար էր հոգս անում։

10

  Կամ չէ՞ որ մանաւանդ մեզ համար է ասում. որովհետեւ մեզ համար գրուեցաւ, որ հերկողը պէտք է յոյսով հերկէ. եւ կասողն իր յոյսը վայելելու յոյսովը կասէ։

11

  Եթէ մենք ձեզանում հոգեւորները սերմեցինք, մեծ բա՞ն է որ ձեզանից մարմնաւորները հնձենք։

12

  Եթէ ուրիշները ձեզ վերայ այդ իշխանութիւնը վայելում են, ո՞չ առաւել եւս մենք. բայց մենք այս իշխանութիւնը չբանեցրինք. այլ ամեն բանի համբերում ենք, որ արգելք չդնենք Քրիստոսի աւետարանին։

13

  Չգիտէ՞ք թէ նորանք՝ որ տաճարումը գործում են, տաճարիցն են ուտում. եւ նորանք՝ որ սեղանի պաշտօնեաներ են, սեղանիցն են բաժին առնում։

14

  Այնպէս էլ Տէրը հրաման տուաւ աւետարանը քարոզողներին աւետարանիցն ապրել։

15

  Բայց ես սորանցից ոչ մէկն էլ չբանեցրի. եւ այս բաները չգրեցի որ՝ ինձ այդպէս լինի. որովհետեւ աւելի լաւ է ինձ մեռնել, քան թէ մէկն իմ պարծանքը ունայնացնէ։

16

  Որովհետեւ եթէ աւետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ. որովհետեւ դա հարկ է դրուած ինձ վերայ. եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չքարոզեմ։

17

  Վասնզի եթէ յօժար կամքով անեմ այս, վարձք ունիմ. իսկ եթէ ակամայ՝ տնտեսութիւնը յանձնուած է ինձ։

18

  Ապա ի՞նչ է իմ վարձքը. այն որ՝ աւետարանելիս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որ աւետարանի մէջ իմ իշխանութիւնը գէշ կերպով չբանեցնեմ։

19

  Որովհետեւ ամենից ազատ լինելով, իմ անձը ամենքին ծառայ արի, որ շատերին շահեմ։

20

  Հրէաներին Հրէայի պէս եղայ, որ Հրէաներին շահեմ։

21

  Օրէնքի տակ լինողներին օրէնքի տակ լինողի պէս եղայ, որ օրէնքի տակ լինողներին շահեմ. օրէնք չունեցողներին օրէնք չունեցողի պէս եղայ. (իբր չէ թէ ես Աստուծոյ առաջին օրէնք չունէի, այլ Քրիստոսի օրէնքի տակ էի) որ օրէնք չունեցողներին շահեմ։

22

  Տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. ամենին ամեն բան եղայ, որ ինչեւիցէ մի քանիսին ապրեցնեմ։

23

  Այս անում եմ աւետարանի համար, որ նորան կցորդ լինիմ։

24

  Չգիտէ՞ք, թէ ասպարէզի մէջ վազողներն՝ ամենքն են վազում. բայց մէկն է յաղթանակն առնում. դուք այնպէս վազեցէք որ հասնէք։

25

  Եւ ամեն ով որ մրցում է ամեն բանից ժուժկալ է լինում. հիմա նորանք մրցում են որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՝ անապականելի։

26

  Ուրեմն ես այնպէս եմ վազում, ոչ թէ ինչպէս անստոյգ. այնպէս եմ մրցում ոչ թէ ինչպէս օդին զարկելով։

27

  Այլ իմ մարմինը ճնշում եմ եւ նուաճում, որ միգուցէ ուրիշներին քարոզելով, ինքս անպիտան գտնուիմ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896