A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ջոն 8



1

  Եւ ամեն մէկը գնաց իր տունը։

2

  Եւ Յիսուսը գնաց Ձիթենեաց սարը։

3

  Եւ առաւօտանց դարձեալ եկաւ տաճարը, եւ բոլոր ժողովուրդը նորա մօտ էր գալիս. եւ նա նստած սովորեցնում էր նորանց։

4

  Դպիրները եւ Փարիսեցիները մի կին բերին նորա մօտ՝ շնութեան մէջ բռնուած, եւ նորան մէջտեղը կանգնեցնելով,

5

  Նորան ասեցին. Վարդապետ, այս կինը բռնուել է յայտնապէս շնանալիս։

6

  Եւ օրէնքումը Մովսէսը պատուիրեց մեզ, որ այսպիսիները քարկոծուին. հիմա դու ի՞նչ ես ասում։

7

  Բայց այս բանն ասում էին՝ նորան փորձելով, որ չարախօսեն նորանից։ Յիսուսն էլ դէպի ցած ծռուելով՝ մատովը գրում էր հողի վերայ։

8

  Բայց երբոր ստիպում էին հարցնելով նորան, վեր նայեց՝ եւ ասեց. Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ։

9

  Եւ դարձեալ դէպի ցած ծռուելով՝ գրում էր հողի վերայ։

10

  Նորանք էլ երբոր սա լսեցին եւ իրանց խղճմտանքիցը յանդիմանուեցան՝ մէկը մէկի ետեւից դուրս էին գնում, ծերերիցն սկսած մինչեւ յետինները. եւ Յիսուսը միայն մնաց, եւ կինը կանգնած մէջտեղը։

11

  Յիսուսն էլ վեր նայեց, ոչ ոքին չտեսաւ այն կնկանից ջոկ, եւ ասեց նորան. Ով կին, ո՞ւր են [քեզ ամբաստանողները]. ոչ ով քեզ չդատապարտե՞ց։

12

  Նա էլ ասեց. Ոչ, ով Տէր. եւ Յիսուսն էլ ասեց նորան. Ես էլ չեմ քեզ դատապարտում. գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր։

13

  Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կընդունի։

14

  Փարիսեցիներն էլ ասեցին նորան. Դու ես քո անձի համար վկայում. քո վկայութիւնը ճշմարիտ չէ։

15

  Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Թէեւ ես վկայեմ իմ անձի համար, իմ վկայութիւնը ճշմարիտ է. որովհետեւ գիտեմ թէ որտեղից եկայ եւ որտեղ եմ գնում. բայց դուք չգիտէք, թէ որտեղից եմ գալիս, եւ որտեղ եմ գնում։

16

  Դուք մարմնի համեմատ էք դատում. ես չեմ դատում ոչ մէկին էլ։

17

  Եւ եթէ ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է. որովհետեւ ես միայն չեմ, այլ ես եւ ինձ ուղարկող Հայրը։

18

  Եւ ձեր օրէնքումն էլ գրուած է թէ Երկու մարդկանց վկայութիւնը ճշմարիտ է։

19

  Ես եմ, որ ինձ համար վկայում եմ, եւ վկայում է ինձ համար ինձ ուղարկող Հայրը։

20

  Եւ ասում էին նորան. Ո՞ւր է քո Հայրը. Յիսուսը պատասխանեց. Ոչ ինձ գիտէք, եւ ոչ իմ Հօրը. եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կգիտենայիք։

21

  Այս բանը Յիսուսը գանձատան մէջ խօսեց նորանց հետ տաճարումը սովորեցնելիս. եւ ոչ ով չբռնեց նորան. որովհետեւ դեռ նորա ժամը չէր հասել։

22

  Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Ես գնում եմ, եւ ինձ կորոնէք. եւ ձեր մեղքի մէջ կմեռնիք. որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ։

23

  Հրէաներն էլ ասում էին. Մի՞թէ ինքն իրան կսպանէ, որ ասում է, թէ՝ Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ։

24

  Եւ ասեց նորանց. Դուք ներքեւիցն էք, ես վերեւիցն եմ. դուք այս աշխարհքիցն էք, ես այս աշխարհքիցը չեմ։

25

  Արդ ես ասեցի ձեզ, թէ Ձեր մեղքի մէջ կմեռնիք. որովհետեւ եթէ չհաւատաք թէ ես եմ, ձեր մեղքի մեջ կմեռնիք։

26

  Եւ նորանք ասեցին նորան. Դու ո՞վ ես. եւ Յիսուսն ասեց նորանց. Այն, որ սկզբից ձեզ հետ խօսում եմ։

27

  Շատ բան ունիմ ձեզ համար խօսելու եւ դատելու. բայց ինձ ուղարկողը ճշմարիտ է. եւ ես ինչ որ նորանից լսեցի, այն եմ խօսում աշխարհքի մէջ։

28

  Չիմացան, թէ Հօր համար էր ասում նորանց։

29

  Յիսուսն էլ ասեց նորանց. Երբոր մարդի Որդին կբարձրացնէք, այն ժամանակ կիմանաք, թէ ես եմ. եւ իմ անձիցը ոչինչ չեմ անում. այլ ինչպէս իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խօսում։

30

  Եւ ինձ ուղարկողն ինձ հետ է. ինձ մինակ չէ թողել Հայրը, որովհետեւ ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում։

31

  Երբոր նա այս բաները խօսում էր, շատերը հաւատացին նորան։

32

  Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։

33

  Եւ ճշմարտութիւնը կճանաչէք. եւ ճշմարտութիւնը կազատէ ձեզ։

34

  Պատասխանեցին նորան. Մենք Աբրահամի զաւակ ենք, եւ ոչ ոքի երբէք չենք ծառայել. դու ինչպէ՞ս ես ասում, թէ ազատ կլինիք։

35

  Յիսուսը պատասխանեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառայ է։

36

  Ծառան էլ յաւիտեան չէ կենում տան մէջ. որդին կենում է յաւիտեան։

37

  Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, յիրաւի ազատ կլինիք։

38

  Գիտեմ որ Աբրահամի զաւակ էք. բայց ուզում էք ինձ սպանել. որովհետեւ իմ խօսքը տեղ չունի ձեզանում։

39

  Ես ինչ որ տեսայ իմ Հօր մօտ, խօսում եմ. եւ դուք՝ ինչ որ ձեր հօրիցը տեսաք, անում էք։

40

  Պատասխանեցին եւ ասեցին նորան. Մեր Հայրն Աբրահամն է. Յիսուսը նորանց ասեց. Եթէ Աբրահամի որդիք լինէիք, Աբրահամի գործերը կգործէիք։

41

  Բայց հիմա ուզում էք ինձ սպանել, մի մարդի, որ ճշմարտութիւնն եմ խօսել ձեզ. որ Աստուածանից լսեցի. այդ բանն Աբրահամը չարաւ։

42

  Դուք ձեր հօր գործերն էք անում. եւ ասեցին նորան. Մենք պոռնկութիւնից չենք ծնուած. մէկ Հայր ունինք, այսինքն Աստուած.

43

  Յիսուսն էլ նորանց ասեց. Եթէ ձեր հայրն Աստուած լինէր, ինձ կսիրէիք. որովհետեւ ես Աստուածանից դուրս ելայ եւ եկայ. որովհետեւ ոչ թէ իմ անձիցն եկայ, այլ նա ուղարկեց ինձ։

44

  Ինչո՞ւ համար իմ խօսքը չէք իմանում. նորա համար որ դուք չէք կարող իմ խօսքը լսել։

45

  Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չկեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չկայ նորանում. երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը։

46

  Բայց ես, որովհետեւ ճշմարտութիւն եմ խօսում, ինձ չէք հաւատում։

47

  Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար յանդիմանել. բայց եթէ ճշմարտութիւնն եմ ասում, ինչո՞ւ չէք հաւատում ինձ։

48

  Աստուածանից լինողը Աստուծոյ խօսքերը լսում է. նորա համար դուք չէք ականջ դնում, որ Աստուածանից չէք։

49

  Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. Չէ՞ որ մենք լաւ ենք ասում, թէ դու Սամարացի ես, եւ դեւ ունիս։

50

  Յիսուսը պատասխանեց. Ես դեւ չունիմ, այլ իմ Հօրը պատուում եմ, եւ դուք անպատուում էք ինձ։

51

  Եւ ես իմ փառքը չեմ որոնում. կայ որոնողը եւ դատողը։

52

  Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթէ մէկն իմ խօսքը պահէ, նա մահ չի տեսնիլ յաւիտեան։

53

  Հրէաներն էլ ասեցին նորան. Հիմա իմացանք, որ դեւ ունիս. Աբրահամը մեռաւ եւ մարգարէներն էլ. եւ դու ասում ես Եթէ մէկն իմ խօսքը պահէ, մահ չի ճաշակիլ յաւիտեան։

54

  Մի՞թէ դու աւելի մեծ ես քան մեր հայր Աբրահամը, որ մեռաւ եւ մարգարէներն էլ մեռան. դու քեզ ո՞վ ես անում։

55

  Յիսուսը պատասխանեց. Եթէ ես իմ անձը փառաւորեմ, իմ փառքը ոչինչ է. Հայրն է ինձ փառաւորողը, որի համար դուք ասում էք, թէ ձեր Աստուածն է.

56

  Եւ դուք չէք ճանաչում նորան. բայց ես գիտեմ նորան. եւ եթէ ասեմ, թէ ես չգիտեմ նորան, ձեզ նման ստախօս կլինիմ. բայց ես գիտեմ նորան, եւ նորա խօսքը պահում եմ։

57

  Աբրահամ՝ ձեր հայրը ցանկացաւ, որ իմ օրը տեսնէ, եւ տեսաւ, եւ ուրախացաւ էլ։

58

  Հրէաները նորան ասեցին. Դու դեռ յիսուն տարեկան չես, եւ Աբրահամի՞ն տեսար։

59

  Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896