A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ջոն 5



1

  Սորանից յետոյ տօն էր Հրէաների. եւ Յիսուսը վեր ելաւ Երուսաղէմ։

2

  Եւ Երուսաղէմում Ոչխարաց դռան մօտ մի աւազան կայ, որ Եբրայեցերէն Բեթհեզդա է կոչվում, որ հինգ սրահ ունի։

3

  Նորանցում խիստ շատ հիւանդներ կային՝ պառկած. կոյրեր, կաղեր, չորացածներ, [որ ջրի շարժուելուն էին սպասում։

4

  Որովհետեւ Տիրոջ հրեշտակը ժամանակ ժամանակ վայր էր գալիս այն աւազանը եւ ջուրը շարժում. եւ ջրի շարժուելուց յետոյ նորա մէջ առաջ մտնողը բժշկվում էր՝ ինչ հիւանդութիւն էլ որ ունենար։]

5

  Եւ այնտեղ մի մարդ կար, որ երեսունեւութ տարի էր հիւանդութեան մէջ։

6

  Երբոր Յիսուսը նորան պառկած տեսաւ, եւ գիտաց, թէ արդէն շատ ժամանակից է, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ։

7

  Հիւանդը պատասխանեց նորան. Տէր, մարդ չունիմ, որ երբոր ջուրը շարժվում է՝ ինձ աւազանի մէջ գցէ. եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մէջը։

8

  Յիսուսը նորան ասեց. Վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ։

9

  Եւ մարդն իսկոյն ողջացաւ, եւ վեր առաւ իր մահիճը եւ ման էր գալիս. եւ օրը շաբաթ էր։

10

  Հրէաներն էլ ասեցին բժշկուածին. Շաբաթ է. արժան չէ քեզ, որ մահիճդ վեր առնես։

11

  Նա պատասխանեց նորանց. Նա՝ որ ինձ բժշկեց, նա ասեց ինձ. Մահիճդ առ եւ ման եկ։

12

  Արդ հարցրին նորան եւ ասեցին. Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասեց. Մահիճդ առ եւ ման եկ։

13

  Բայց բժշկուածը չգիտէր թէ ո՛վ է. որովհետեւ Յիսուսը այն տեղի ամբոխի պատճառովը խոյս տուաւ։

14

  Սորանից յետոյ Յիսուսը նորան գտաւ տաճարումը՝ եւ նորան ասեց. Ահա առողջացար, այլեւս չմեղանչես, որ էլ աւելի չար բան չլինի քեզ։

15

  Մարդը գնաց եւ Հրէաներին պատմեց, թէ Յիսուսն է, որ նորան առողջացրել է։

16

  Եւ նորա համար Հրէաները Յիսուսին հալածում էին, եւ ուզում էին նորան սպանել, որ շաբաթ օրն անում էր այն բանը։

17

  Եւ Յիսուսը պատասխանեց նորանց. Իմ Հայրը մինչեւ հիմա գործում է, եւ ես էլ գործում եմ։

18

  Նորա համար Հրէաներն էլ աւելի ուզում էին սպանել նորան. որ ոչ թէ միայն շաբաթ օրն էր քանդում, այլ Աստուծուն էլ իրան Հայր էր ասում, իր անձն Աստուծուն հաւասար անելով։

19

  Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ Հօրն անելիս. որովհետեւ ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում։

20

  Որովհետեւ Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան ցոյց է տալիս նորան, որ ինքն անում է, եւ սորանցից էլ աւելի մեծ մեծ գործեր ցոյց կտայ նորան, որ դուք զարմանաք։

21

  Որովհետեւ ինչպէս որ Հայրը մեռելներին յարուցանում է եւ կենդանի անում, այնպէս էլ Որդին, որոնց որ կամենում է, կենդանի է անում։

22

  Որովհետեւ Հայրը ոչ մէկին էլ չէ դատում, այլ ամեն դատաստանը տուաւ Որդուն.

23

  Որ ամենքը պատուեն Որդուն, ինչպէս որ պատուում են Հօրը. Որդուն չպատուողը՝ Հօրն էլ չէ պատուում, որ ուղարկեց նորան։

24

  Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։

25

  Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ ժամանակ կգայ՝ եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կլսեն, եւ լսողները կապրին։

26

  Որովհետեւ ինչպէս որ Հայրն իր անձումը կեանք ունի, այնպէս էլ Որդուն տուաւ՝ որ իր անձումն կեանք ունենայ։

27

  Եւ նորան իշխանութիւն տուաւ, որ դատաստան էլ անէ. որովհետեւ մարդի Որդի է։

28

  Սորա վերայ մի զարմանաք. որովհետեւ ժամանակ կգայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կլսեն։

29

  Եւ դուրս կգան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը։

30

  Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել. ինչպէս լսում եմ՝ այնպէս եմ դատում, եւ իմ դատաստանն արդար է. որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը։

31

  Եթէ ես ինձ համար վկայեմ, իմ վկայութիւնը ճշմարիտ չէ։

32

  Ուրիշն է որ ինձ համար վկայում է. եւ ես գիտեմ որ ճշմարիտ է այն վկայութիւնը, որ վկայում է ինձ համար։

33

  Դուք ուղարկեցիք Յովհաննէսի մօտ. եւ նա վկայութիւն տուաւ ճշմարտութեանը։

34

  Իսկ ես ոչ թէ մարդկանցից եմ առնում վկայութիւնը. այլ սա ասում եմ, որ դուք ապրիք։

35

  Նա այն ճրագն էր՝ որ վառվում էր եւ լոյս էր տալիս. եւ դուք կամեցաք մի առ ժամանակ ուրախանալ նորա լոյսովը։

36

  Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունիմ քան թէ Յովհաննէսը, այսինքն այն գործերն, որ Հայրն ինձ տուաւ, որ կատարեմ նորանց. նոյն այն գործերն՝ որ գործում եմ, ինձ համար վկայում են, թէ Հայրն ուղարկեց ինձ։

37

  Եւ ինձ ուղարկող Հայրն ինքն ինձ համար վկայեց. դուք ոչ նորա ձայնը լսեցիք երբէք, եւ ոչ նորա կերպարանքը տեսաք.

38

  Եւ ոչ նորա խօսքն ունիք բնակուած ձեզանում. որովհետեւ այն որ նա ուղարկեց դուք չէք հաւատում նորան։

39

  Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։

40

  Եւ դուք չէք կամենում ինձ մօտ գալ, որ կեանք ունենաք։

41

  Ես մարդկանցից փառք չեմ առնում։

42

  Բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստուծոյ սէրը չունիք ձեր անձերումը։

43

  Ես իմ Հօր անունովն եկայ, եւ ինձ չէք ընդունում. եթէ ուրիշը գայ իր անունովը, նորան կընդունիք։

44

  Ինչպէ՞ս կարող էք դուք հաւատալ, որ իրարից էք փառք առնում, եւ այն փառքը որ միայն Աստուածանից է, չէք որոնում։

45

  Մի կարծէք, թէ ես Հօր մօտ ամբաստանութիւն կանեմ ձեզանից. կայ որ ձեզանից ամբաստանութիւն է անում՝ Մովսէսը, որի վերայ դուք ձեր յոյսը դրել էք։

46

  Որովհետեւ եթէ դուք Մովսէսին հաւատայիք, ինձ էլ կհաւատայիք. որովհետեւ նա ինձ համար գրեց։

47

  Բայց եթէ նորա գրածներին չէք հաւատում, ինչպէ՞ս իմ խօսքերին կհաւատաք։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896