A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ջոն 2

1

  Եւ երրորդ օրը հարսանիք էր Գալիլեայի Կանայումը, եւ Յիսուսի մայրն այնտեղ էր։

2

  Յիսուսն էլ կանչուեցաւ այն հարսանիքը եւ նորա աշակերտներն էլ։

3

  Եւ երբոր գինին պակասեց, Յիսուսի մայրն ասեց նորան. Գինի չունին։

4

  Յիսուսը նորան ասեց, Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, կին. իմ ժամանակը դեռ չէ հասել։

5

  Նորա մայրն ասեց սպասաւորներին. Ինչ որ ասէ ձեզ, արէք։

6

  Այնտեղ վեց քարէ կարասներ կային Հրէաների մաքրուելու համար, որոնցից ամեն մէկը երկու կամ երեք մար էին տանում։

7

  Յիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. եւ նորանց լցրին մինչեւ վերը։

8

  Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. եւ նորանք տարան։

9

  Եւ երբոր վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց, (եւ չգիտէր թէ ինչ տեղից է. բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց,

10

  Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր։

11

  Նշանների սկիզբը Յիսուսն այս արաւ Գալիլեայի Կանայումը. եւ իր փառքը յայտնեց. եւ նորա աշակերտները հաւատացին նորան։

12

  Սորանից յետոյ Յիսուսն իջաւ Կափառնայում, ինքն եւ իր մայրը եւ իր եղբայրները եւ իր աշակերտները. եւ շատ օրեր չմնացին այնտեղ։

13

  Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ Յիսուսը ելաւ Երուսաղէմ։

14

  Եւ տաճարումը գտաւ եզներ եւ ոչխարներ եւ աղաւնիներ ծախողներին, եւ սեղանաւորներին նստած.

15

  Եւ չուանից խարազան շինեց, եւ ամենին տաճարիցը դուրս հանեց՝ ոչխարներն էլ եւ եզներն էլ, եւ սեղանաւորների պղինձները ցրուեց եւ տախտակները կործանեց։

16

  Եւ աղաւնի ծախողներին ասեց. Դորանց վեր առէք այստեղից. իմ Հօր տունը մի շինէք առուտուրի տուն։

17

  Եւ նորա աշակերտները յիշեցին, թէ գրուած է, Քո տան նախանձը կերաւ ինձ։

18

  Արդ Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. Ի՞նչ նշան ես ցոյց տալիս մեզ, որ անում ես այդ։

19

  Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Քանդեցէք այդ տաճարը, եւ երեք օրում կկանգնեցնեմ նորան։

20

  Հրէաներն էլ ասեցին. Այս տաճարը քառասունեւվեց տարում շինուեցաւ, եւ դու երեք օրումը կկանգնեցնե՞ս դորան։

21

  Բայց նա իր մարմնի տաճարի համար էր ասում։

22

  Արդ երբոր նա մեռելների միջից յարութիւն առաւ, նորա աշակերտները յիշեցին, թէ նա ասեց նորանց այս բանը. եւ հաւատացին գրքին՝ եւ այն խօսքին որ ասեց Յիսուսը։

23

  Եւ երբոր Երուսաղէմումն էր զատկի տօնին, շատ մարդիկ հաւատացին նորա անունին. տեսնելով նորա այն նշանները, որ անում էր։

24

  Բայց Յիսուս ինքն իր անձը չէր հաւատում նորանց. որովհետեւ ինքն ամենը գիտէր։

25

  Եւ որովհետեւ պէտք չէր որ մէկը վկայէր մարդի համար. որովհետեւ ինքը գիտէր թէ ինչ կար մարդումը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896