A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ջոն 18



1

  Յիսուսը այս ասելուց յետոյ իր աշակերտների հետ դուրս գնաց Կեդրոն հեղեղատի միւս կողմը, որտեղ մի պարտէզ կար. որի մէջ մտաւ ինքը եւ իր աշակերտները։

2

  Յուդան՝ նորան մատնողն էլ գիտէր այն տեղը. որովհետեւ Յիսուսը շատ անգամ ժողովուել էր այնտեղ իր աշակերտների հետ։

3

  Եւ Յուդան զինուորների գունդը եւ քահանայապետներից եւ Փարիսեցիներից սպասաւորներ առնելով եկաւ այնտեղ ջահերով եւ լապտերներով եւ զէնքերով։

4

  Բայց Յիսուսը՝ երբոր գիտաց այն ամեն բաները, որ գալիս էին իր վերայ, դուրս եկաւ նորանց ասեց. Ո՞ւմ էք ուզում։

5

  Պատասխանեցին նորան. Յիսուս Նազովրեցուն. Յիսուսը նորանց ասեց. Ես եմ. Յուդան՝ նորան մատնողն էլ կանգնած էր նորանց հետ։

6

  Երբոր ասեց նորանց թէ Ես եմ, նորանք ետ ետ գնացին, եւ գետնի վերայ ընկան։

7

  Եւ դարձեալ հարցրեց նորանց, Ո՞ւմ էք ուզում. եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցուն։

8

  Յիսուսը պատասխանեց. Ձեզ ասեցի թէ Ես եմ. արդ թէ որ ինձ էք ուզում, թող տուէք դորանց, որ գնան։

9

  Որ կատարուի այն խօսքը որ ասեց, թէ՝ Նորանց որ ինձ տուիր, նորանցից ոչ մէկն էլ չկորցրի։

10

  Բայց Սիմօն Պետրոսը, որ սուր ունէր, քաշեց նորան եւ քահանայապետի ծառային զարկեց, եւ նորա աջ ականջը կտրեց գցեց. եւ այն ծառայի անունը Մաղքոս էր։

11

  Յիսուսն էլ Պետրոսին ասեց. Սուրդ դիր պատեանի մէջը. այն բաժակը որ իմ Հայրը տուաւ ինձ, ես այն չխմե՞մ։

12

  Եւ զինուորների գունդը եւ հազարապետը եւ Հրէաների սպասաւորները բռնեցին Յիսուսին, եւ կապեցին նորան.

13

  Եւ տարան նորան առաջ Աննայի մօտ. որովհետեւ Կայիափայի աներն էր, որ այն տարուայ քահանայապետն էր։

14

  Սա այն Կայիափան էր, որ Հրէաներին խրատ տուաւ, թէ՝ Լաւ է, մէկ մարդ կորչի ժողովրդի համար։

15

  Եւ Սիմօն Պետրոսը եւ միւս աշակերտը գնում էին Յիսուսի ետեւից։ Այն աշակերտը ծանօթ էր քահանայապետին, եւ Յիսուսի հետ մտաւ քահանայապետի սրահը։

16

  Պետրոսն էլ դռան մօտ կանգնած էր դուրսը. այն միւս աշակերտը որ քահանայապետին ծանօթ էր, դուրս եկաւ եւ դռնապանին ասեց, եւ Պետրոսին ներս մտցրեց։

17

  Եւ այն աղջիկը՝ որ դռնապան էր՝ Պետրոսին ասեց. Մի՞թէ դու էլ այն մարդի աշակերտներիցն ես. եւ նա ասեց. Չեմ։

18

  Ծառաներն ու սպասաւորներն էլ կանգնել էին՝ կրակ արած, որովհետեւ ցուրտ էր, եւ տաքանում էին. Պետրոսն էլ նորանց հետ կանգնած էր եւ տաքանում էր։

19

  Եւ քահանայապետը Յիսուսին հարցրեց նորա աշակերտների համար եւ նորա վարդապետութեան համար։

20

  Յիսուսը պատասխանեց նորան. Ես յայտնի խօսեցի աշխարհքին. Ես միշտ սովորեցրի ժողովարանումը եւ տաճարումը, որտեղ ամեն տեղից Հրէաները ժողովվում են, եւ ծածուկ ոչինչ չխօսեցի։

21

  Ի՞նչու ես ինձ հարցնում. Լսողներին հարցրու, թէ ես ինչ խօսեցի նորանց. ահա նորանք գիտեն, ես ինչ եմ ասել։

22

  Երբոր նա սա ասեց, սպասաւորներից մէկը, որ այնտեղ կանգնած էր, Յիսուսին ապտակ տուաւ եւ ասեց. Այդպէ՞ս ես պատասխանում քահանայապետին։

23

  Յիսուսը նորան պատասխանեց. եթէ չար խօսեցի, վկայիր այն չարի համար. բայց եթէ բարի, ինչո՞ւ ես զարկում ինձ։

24

  Եւ Աննան նորան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտը։

25

  Եւ Սիմօն Պետրոսը կանգնած տաքանում էր. նորան ասեցին, Մի՞թէ դու էլ նորա աշակերտներիցն ես. նա ուրացաւ եւ ասեց՝ Չեմ։

26

  Եւ քահանայապետի ծառաներիցը մէկը, որ ազգական էր նորան, որի ականջը Պետրոսը կտրեց, ասեց. Չէ՞ որ ես տեսայ քեզ այն պարտէզումը նորա հետ։

27

  Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ շուտով հաւը խօսեց։

28

  Եւ Կայիափայի մօտիցը Յիսուսին տարան պալատը. եւ առաւօտ էր. եւ իրանք չմտան պալատի մէջ, որ չպղծուին, այլ որ զատիկն ուտեն։

29

  Եւ Պիղատոսը դուրս եկաւ նորանց մօտ եւ ասեց. Այդ մարդի դէմ ի՞նչ գանգատ էք առաջ բերում։

30

  Պատասխանեցին եւ ասեցին նորան. Եթէ սա չարագործ չլինէր, ապա նորան չէինք մատնիլ քեզ։

31

  Պիղատոսն էլ նորանց ասեց. Դուք առէք նորան, եւ ձեր օրէնքի համեմատ դատեցէք նորան։ Հրէաներն էլ նորան ասեցին. Մեզ օրենք չէ ոչ ոքի սպանել։

32

  Որ Յիսուսի խօսքը կատարուի, որ ասեց, ցոյց տալով՝ թէ ինչպիսի մահով է մեռնելու։

33

  Պիղատոսը դարձեալ մտաւ պալատը, Յիսուսին կանչեց եւ նորան ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։

34

  Յիսուսը նորան պատասխանեց. Դու քեզանի՞ց ես ասում այդ, թէ ուրիշներն ասեցին քեզ ինձ համար։

35

  Պիղատոսը պատասխանեց. Մի՞թէ ես էլ Հրէայ եմ. Քո ազգը եւ քահանայապետները քեզ մատնեցին ինձ. Ի՞նչ ես արել։

36

  Յիսուսը պատասխանեց. Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կանէին որ չմատնուիմ Հրէաների ձեռը. բայց հիմա իմ թագաւորութիւնն այստեղից չէ։

37

  Պիղատոսն էլ ասեց նորան. Ապա ուրեմն դու թագաւո՞ր ես. պատասխանեց Յիսուսը. Դու ես ասում որ ես թագաւոր եմ. Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է։

38

  Պիղատոսը նորան ասեց. Ի՞նչ է ճշմարտութիւնը։ Եւ սա ասելով դարձեալ դուրս գնաց Հրէաների մօտ եւ նորանց ասեց. Ես ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում։

39

  Բայց ձեզ սովորութիւն է, որ զատկին մի մարդ արձակեմ ձեզ համար. արդ կամենո՞ւմ էք, որ Հրէաների թագաւորն արձակեմ ձեզ համար։

40

  Եւ ամենքը դարձեալ աղաղակեցին եւ ասում էին, Ոչ թէ դորան՝ այլ Բարաբբային. եւ այդ Բարաբբան մի աւազակ էր։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896