A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ջոն 10

1

  Յիսուսը նորանց ասեց. Եթէ կոյր լինէիք, մեղք չէիք ունենալ. բայց հիմա ասում էք, թէ Տեսնում ենք. նորա համար ձեր մեղքերը մնում են։

2

  Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ։

3

  Բայց դռնովը մտնողը, ոչխարների հովիւն է։

4

  Դռնապանը նորա համար բաց է անում. եւ ոչխարները նորա ձայնը լսում են, եւ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է, եւ նորանց դուրս է հանում։

5

  Եւ երբոր իր ոչխարները դուրս է հանում, նորանց առաջից գնում է, եւ ոչխարները գնում են նորա ետեւից. որովհետեւ նորա ձայնը ճանաչում են։

6

  Բայց օտարի ետեւից չեն գնում. այլ նորանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում։

7

  Այս առակը Յիսուսը ասեց նորանց. բայց նորանք չգիտէին թէ ինչ էր այն որ խօսում էր նորանց հետ։

8

  Յիսուսը դարձեալ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ես եմ ոչխարների դուռը։

9

  Ամենքը՝ որ ինձանից առաջ եկան, գողեր են եւ աւազակներ. եւ ոչխարներն էլ նորանց չլսեցին։

10

  Ես եմ դուռը. եթէ մէկն ինձանով ներս մտնէ, կապրի. եւ կմտնէ եւ դուրս կգայ, եւ արօտ կգտնէ։

11

  Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան։

12

  Ես եմ բարի հովիւը. բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։

13

  Բայց վարձկանը որ հովիւ չէ, որ ոչխարներն իրանը չեն, տեսնում է գայլին գալիս, եւ թողում է ոչխարները եւ փախչում. եւ գայլը յափշտակում է նորանց եւ ցրվում է ոչխարներին։

14

  Եւ վարձկանը փախչում է, որովհետեւ վարձկան է, եւ ոչխարների համար հոգս չունի։

15

  Ես եմ բարի Հովիւը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։

16

  Ինչպէս Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հօրը, եւ իմ անձը դնում եմ ոչխարների համար։

17

  Եւ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն, եւ նորանց էլ պէտք է բերեմ. եւ իմ ձայնին կլսեն, եւ մի հօտ եւ մի հովիւ կլինին։

18

  Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան։

19

  Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան. ես իշխանութիւն ունիմ նորան դնելու եւ իշխանութիւն ունիմ նորան դարձեալ առնելու. այս պատուէրն առայ իմ Հօրիցը։

20

  Արդ դարձեալ բաժանմունք եղաւ Հրէաների մէջ այս խօսքերի համար։

21

  Եւ նորանցից շատերն ասում էին թէ՝ Դեւ ունի, եւ գժվում է. ինչո՞ւ էք ականջ դնում դորան։

22

  Ուրիշներն ասում էին. Այս խօսքերը դիւահարի խօսքեր չեն. մի՞թէ դեւը կարող է կոյրի աչքերը բանալ։

23

  Այն ժամանակ Երուսաղէմումը նաւակատիք տօն եղաւ, եւ ձմեռն էր։

24

  Եւ Յիսուսը ման էր գալիս տաճարումը Սողոմոնի սրահի մէջ։

25

  Հրէաներն էլ նորան շրջապատեցին եւ ասեցին նորան. Մինչեւ ե՞րբ ես պահում մեր հոգիները տարակուսանքի մէջ. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասիր մեզ։

26

  Յիսուսը պատասխանեց նորանց. Ասեցի ձեզ, եւ չէք հաւատում. այն գործերը որ իմ Հօր անունովը գործում եմ, նորանք վկայում են ինձ համար։

27

  Բայց դուք չէք հաւատում. որովհետեւ իմ ոչխարներիցը չէք, ինչպէս որ ասեցի ձեզ։

28

  Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։

29

  Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։

30

  Իմ Հայրը որ նորանց տուաւ ինձ, ամենից մեծ է, եւ ոչ ով կարող չէ իմ Հօր ձեռիցը յափշտակել նորանց։

31

  Ես եւ Հայրը մի ենք։

32

  Հրէաները դարձեալ քարեր վեր առան, որ նորան քարկոծեն։

33

  Յիսուսը նորանց պատասխանեց. Շատ բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրիցը. նորանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում։

34

  Հրէաները պատասխանեցին եւ ասեցին. Բարի գործի համար քեզ չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար. եւ որ դու մարդ լինելով՝ քո անձն Աստուած ես անում։

35

  Յիսուսը նորանց պատասխանեց. Գրուած չէ՞ ձեր օրէնքումը, թէ Ես ասեցի՝ Աստուածներ էք։

36

  Եթէ նորանց Աստուածներ է ասում, որ Աստուծոյ խօսքն եղաւ նորանց. (եւ կարելի չէ որ գիրքը եղծանուի.)

37

  Ապա նորան որ Հայրը սրբեց եւ ուղարկեց աշխարհք, դուք ասո՞ւմ էք, թէ Հայհոյում ես, որ ասեցի, թէ Աստուծոյ Որդի եմ։

38

  Եթէ իմ Հօր գործերը չեմ գործում, մի հաւատաք ինձ։

39

  Ապա եթէ գործում եմ, թէեւ ինձ էլ չհաւատաք, գոնէ գործերին հաւատացէք, որ ճանաչէք եւ հաւատաք, թէ Հայրն ինձանում է եւ ես նորա մէջ։

40

  Դարձեալ ուզում էին նորան բռնել, բայց նորանց ձեռիցը դուրս եկաւ։

41

  Եւ դարձեալ գնաց Յորդանանի այն կողմը, այն տեղը, որ Յովհաննէսն էր առաջուց եւ մկրտում էր. եւ այնտեղ էր կենում։

42

  Եւ շատերը նորա մօտ եկան եւ ասում էին. թէ Յովհաննէսը ոչ մի նշան չգործեց։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896