A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ղուկասը 3

1

  Տիբերիոս կայսեր տէրութեան տասնեւհինգերորդ տարում, Պոնտացի Պիղատոսի Հրէաստանի վերայ կուսակալութեան ժամանակին, եւ Հերովդէսի՝ Գալիլեայի վերայ չորրորդապետութեան ժամանակին, եւ նորա եղբայր Փիլիպպոսի՝ Իտուրացիների եւ Տրաքոնացիների երկրի վերայ չորրորդապետութեան ժամանակին, եւ Լիւսանիայի Աբելինացիների վերայ չորորդապետութեան ժամանակին,

2

  Աննայի եւ Կայիափայի քահանայապետութեան օրերումը Աստուծոյ խօսքն եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատումը։

3

  Եւ նա եկաւ Յորդանանի ամեն կողմերը, ապաշխարութեան մկրտութիւնը քարոզելով մեղքերի թողութեան համար.

4

  Ինչպէս Եսայիա մարգարէի խօսքերի գրքումը գրուած է՝ որ ասում է Կանչողի ձայնը անապատումը. պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք նորա շաւիղները։

5

  Ամեն ձոր լցուի, եւ ամեն սար եւ բլուր խոնարհուի. եւ դժուարները հեշտ լինեն, եւ խորտուբորտները հարթ ճանապարհներ լինեն.

6

  Եւ ամեն մարմին Աստուծոյ փրկութիւնը կ’տեսնէ։

7

  Եւ այն ժողովուրդներին, որ դուրս էին եկած նորանից մկրտուելու, ասեց. Իժերի զաւակներ, ո՞վ սովորեցրեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։

8

  Արդ ապաշխարութեան արժանի պտուղներ արէք. եւ մի սկսէք ասել ձեր միջումը՝ մենք Աբրահամն ունինք հայր. որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերիցը որդիներ հանել Աբրահամի համար։

9

  Բայց արդէն կացինն էլ ծառերի արմատի մօտ դրած է. արդ ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի եւ կրակի մէջ կ’գցուի։

10

  Եւ ժողովուրդները նորան հարցնում էին եւ ասում. Ապա ի՞նչ անենք։

11

  Եւ նա պատասխանեց եւ ասեց նորանց. Նա որ երկու հանդերձ ունի, թող մինը չ’ունեցողին տայ. եւ նա էլ, որ կերակուր ունի, թող նոյնպէս անէ։

12

  Եւ մաքսաւորներն էլ եկան մկրտուելու, եւ նորան ասեցին. Վարդապետ, ի՞նչ անենք։

13

  Նա էլ ասեց նորանց. Ձեզ հրամայածիցն աւելի պահանջելով ոչ մի բան մի առնէք։

14

  Եւ զինուորներն էլ էին հարցնում նորան եւ ասում. Ապա մենք ի՞նչ անենք, նորանց էլ ասեց. Ոչ մէկին մի հարստահարէք, ոչ էլ զրպարտութիւն արէք, եւ ձեր թոշակովը բաւականացէք։

15

  Ժողովուրդն էլ դեռ սպասելիս եւ ամենքն իրանց սրտերումն մտածելիս՝ Յովհաննէսի համար, թէ մի՛ գուցէ նա լինի Քրիստոսը,

16

  Յովհաննէսն ամենին պատասխանեց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում ձեզ. բայց ինձանից աւելի զօրաւորն է գալիս, որ ես արժանի չեմ նորա կօշիկների կապերը լուծելու. նա ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով կ’մկրտէ։

17

  Որ հոսելին նորա ձեռքին է, եւ նա իր կալը կ’սրբէ, եւ ցորենն իր ամբարը կ’ժողովէ, իսկ դարմանը կ’այրէ անշէջ հրով։

18

  Եւ ուրիշ էլ շատ բաներ յորդորելով աւետարանում էր ժողովրդին։

19

  Բայց Հերովդէս չորրորդապետը՝ նորանից յանդիմանուած իր եղբայր Փիլիպպոսի կնկայ Հերովդիայի մասին, եւ այն ամեն չար գործերի համար, որ Հերովդէսն արաւ,

20

  Ամենի վերայ սա էլ աւելացրեց, որ Յովհաննէսին բանտի մէջ դրաւ։

21

  Եւ բոլոր ժողովրդի մկրտուելու ժամանակին եղաւ, որ երբոր Յիսուսն էլ մկրտուեցաւ՝ եւ աղօթք էր անում, երկինքը բացուեցաւ,

22

  Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսիլքով աղաւնու պէս իջաւ նորա վերայ. եւ երկնքիցը ձայն եղաւ որ ասում էր. Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հաւանեցի։

23

  Եւ ինքն Յիսուս սկսած էր երեսուն տարեկանի չափ լինել, որ ինչպէս կարծվում էր, Յովսէփի որդին էր. եւ նա Հեղիին. եւ նա Մատթատի.

24

  Եւ նա Ղեւիի. եւ նա Մեղքիի. եւ նա Յաննէի. եւ նա Յովսէփի.

25

  Եւ նա Մատաթիայի. եւ նա Ամովսի. եւ նա Նաւումի. եւ նա Եսղիի. եւ նա Նանգէի,

26

  Եւ նա Մաաթի. եւ նա Մատաթիայի. եւ նա Սէմէիի. եւ նա Յովսէփի. եւ նա Յուդայի.

27

  Եւ նա Յովհաննայի. եւ նա Րէսայի. եւ նա Զօրաբաբէլի. եւ նա Սաղաթիէլի. եւ նա Նէրէիի.

28

  Եւ նա Մեղքիի. եւ նա Ադդէիի. եւ նա Կովսամի. եւ նա Եղմովդադի. եւ նա Էրի.

29

  Եւ նա Յովսէսի. եւ նա Եղիազարի. եւ նա Յովրիմի. եւ նա Մատթատի. եւ նա Ղեւիի.

30

  Եւ նա Սիմէօնի. եւ նա Յուդայի. եւ նա Յովսէփի. եւ նա Յովնանի. եւ նա Եղիակիմի.

31

  Եւ նա Մելիայի. եւ նա Մայնանի. եւ նա Մատտաթայի. եւ նա Նաթանի. եւ նա Դաւիթի.

32

  Եւ նա Յեսսէի. եւ նա Ովբէդի. եւ նա Բոոսի. եւ նա Սաղմոնի, եւ նա Նաասոնի.

33

  Եւ նա Ամինադաբի. եւ նա Արամի. եւ նա Եսրոնի. եւ նա Փարէսի. եւ նա Յուդայի.

34

  Եւ նա Յակոբի. եւ նա Իսահակի. եւ նա Աբրահամի. եւ նա Թարայի. եւ նա Նաքովրի.

35

  Եւ նա Սերուքի. եւ նա Ռագաւի. եւ նա Փաղեկի. եւ նա Եբերի. եւ նա Սաղայի.

36

  Եւ նա Կայնանի. եւ նա Արփաքսադի. եւ նա Սէմի. եւ նա Նոյի. եւ նա Ղամէքի.

37

  Եւ նա Մաթուսաղայի. եւ նա Ենովքի. եւ նա Յարեդի. եւ նա Մաղաղիէլի. եւ նա Կայնանի.

38

  Եւ նա Ենովսի. եւ նա Սէթի. եւ նա Ադամի. եւ նա Աստուծոյ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896