A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Մատթեոս 5



1

  Եւ ժողովուրդները տեսնելով վեր ելաւ սարը. եւ երբոր ինքը նստեց, նորա աշակերտներն եկան նորա մօտ։

2

  Եւ նա իր բերանը բանալով նորանց սովորեցնում էր եւ ասում.

3

  Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։

4

  Երանի սգաւորներին, որ նորանք կմխիթարուին։

5

  Երանի հեզերին, որ նորանք կժառանգեն երկիրը։

6

  Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան, որ նորանք կկշտանան։

7

  Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կգտնեն։

8

  Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն։

9

  Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կկոչուին։

10

  Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։

11

  Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վերայ իմ պատճառովը։

12

  Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։

13

  Դուք երկրի աղն էք. եթէ աղն անհամանայ, ի՞նչով կաղանուի. այլեւս ոչնչի պէտք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի։

14

  Դուք աշխարհի լոյսն էք. մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ։

15

  Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, եւ նա լոյս կտայ ամենին՝ որ տան մէջ են։

16

  Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է։

17

  Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու. ես չեկայ քանդելու, այլ կատարելու։

18

  Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չկատարուի։

19

  Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կկոչուի երկնքի արքայութիւնումը. բայց նա որ կանէ եւ կսովորեցնէ, նա մեծ կկոչուի երկնքի արքայութիւնումը։

20

  Որովհետեւ ասում եմ ձեզ, Եթէ չաւելանայ ձեր արդարութիւնն աւելի քան դպիրներինը եւ Փարիսեցիներինը, բնաւ չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։

21

  Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կլինի դատաստանին։

22

  Բայց ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կլինի դատաստանին. եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կլինի ատեանին. եւ ով որ իր եղբօրն ասէ Մորոս, պարտական կլինի գեհենի կրակին։

23

  Արդ՝ եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի,

24

  Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. եւ յետոյ եկ ընծադ մատուցրու։

25

  Քո ոսոխի հետ շուտով միաբանուիր, քանի որ նորա հետ ճանապարհումն ես. որ միգուցէ ոսոխը քեզ դատաւորին մատնէ, եւ դատաւորը քեզ մատնէ դահճին, եւ բանտը գցուիս։

26

  Ճշմարիտն ասում եմ քեզ, դուրս չես գալ այնտեղից, մինչեւ որ վերջի նաքարակիտը չվճարես։

27

  Լսել էք որ ասուեցաւ առաջիններին թէ՝ Շնութի՛ւն մի՛ անիր։

28

  Բայց ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։

29

  Եւ եթէ քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, որովհետեւ լաւ է քեզ համար, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չգցուի գեհենը։

30

  Եւ եթէ քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. որովհետեւ լաւ է քեզ համար՝ որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չգցուի գեհենը։

31

  Էլի ասուեցաւ թէ՝ Ով որ իր կնիկն արձակէ, թող արձակման թուղթ տայ նորան։

32

  Բայց ես ասում եմ ձեզ թէ՝ Ով որ իր կնիկն արձակէ առանց պոռնկութեան պատճառի, նա նորան շնութիւն անել է տալիս. եւ ով որ մի արձակուածին առնէ, շնութիւն է անում։

33

  Դարձեալ լսել էք որ ասուեցաւ առաջիններին, Սուտ երդում մի անիր, բայց Տիրոջը վճարիր քո երդմունքը։

34

  Բայց ես ասում եմ ձեզ. Բնաւ երդում մի՛ անիր. ո՛չ երկնքովն՝ որովհետեւ նա աթոռ է Աստուծոյ.

35

  Եւ ոչ երկրովը՝ որովհետեւ պատուանդան է նորա ոտների. եւ ո՛չ Երուսաղէմովն՝ որ քաղաք է մեծ թագաւորի։

36

  Եւ ոչ քո գլխովն երդում արա, որովհետեւ կարող չես մէկ մազ սպիտակ անել կամ սեւ։

37

  Բայց ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ. եւ սորանից աւելին չարիցն է։

38

  Լսել էք՝ որ ասուեցաւ Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ։

39

  Բայց ես ասում եմ ձեզ. Չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու։

40

  Եւ ով որ ուզէ քեզ հետ դատ վարել եւ քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նորա մօտ։

41

  Եւ ով որ քեզ պահակ բռնած մէկ մղոն քշէ, նորա հետ երկուսը գնա։

42

  Քեզանից բան ուզողին տուր. քեզանից փոխ առնել կամեցողից երես մի դարձնիր։

43

  Լսել էք որ ասուեցաւ, քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր։

44

  Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. բարի արէք ձեզ ատողներին. եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար.

45

  Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ։

46

  Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։

47

  Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում։

48

  Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896