A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Մատթեոս 18



1

  Այն ժամումը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ։

2

  Եւ Յիսուսն իր մօտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը.

3

  Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չգաք եւ չլինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։

4

  Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ։

5

  Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում։

6

  Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։

7

  Վայ աշխարհքիս՝ գայթակղութիւնների համար. որովհետեւ պէտք է որ գայթակղութիւնները գան, սակայն վա՛յ այն մարդին, որի ձեռովը կգայ գայթակղութիւնը։

8

  Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։

9

  Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։

10

  Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չանարգէք. որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։

11

  Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը։

12

  Ինչպէ՞ս է երեւում ձեզ, եթէ մի մարդի հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը սարերը եւ գնալ այն մոլորածին որոնել։

13

  Եւ եթէ լինի որ գտնէ նորան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորա վերայ աւելի կուրախանայ քան թէ այն իննսուն եւ իննի վերայ որ չեն մոլորած։

14

  Այսպէս ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի։

15

  Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։

16

  Բայց եթէ չլսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատուի։

17

  Բայց եթէ նորանց էլ չլսէ, ասիր եկեղեցուն. ապա եթէ եկեղեցուն էլ չլսէ, թող լինի քեզ համար ինչպէս հեթանոս եւ մաքսաւոր։

18

  Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կլինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կլինի։

19

  Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։

20

  Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։

21

  Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. մինչեւ եօ՞թն անգամ։

22

  Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը։

23

  Սորա համար երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի թագաւոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիւ տեսնել։

24

  Եւ երբոր սկսեց հաշիւը տեսնել, նորա մօտ մէկը բերուեցաւ տասը հազար քանքար պարտական։

25

  Բայց որովհետեւ չունէր վճարելու, նորա տէրը հրամայեց որ նա եւ նորա կինն եւ նորա որդիները եւ ամեն ինչ որ ունէր ծախուի եւ պարտքը վճարուի։

26

  Եւ ծառան էլ երեսի վերայ ընկնելով երկրպագում էր նորան եւ ասում. Տէր, համբերիր ինձ համար, եւ բոլորը կհատուցանեմ քեզ։

27

  Տէրն էլ գթաց այն ծառայի վերայ՝ նորան արձակեց, եւ պարտքն էլ շնորհեց նորան։

28

  Եւ երբոր այն ծառան դուրս եկաւ, իր ծառայակիցներից մէկին գտաւ՝ որ իրան հարիւր դահեկան էր պարտական, եւ նորան բռնած խեղդում էր եւ ասում, Վճարիր ինձ ինչ որ պարտական ես։

29

  Հիմա նորա այն ծառայակիցը նորա ոտներն ընկաւ, նորան աղաչում էր եւ ասում. Համբերիր ինձ համար եւ բոլորը կհատուցանեմ քեզ։

30

  Բայց նա չէր կամենում, այլ գնաց նորան գցեց բանտը, մինչեւ որ պարտքը վճարէ։

31

  Երբոր նորա ծառայակիցները տեսան եղած բաները շատ տրտմեցան եւ եկան իրանց տիրոջը յայտնեցին բոլոր եղածը։

32

  Այն ժամանակ նորա տէրը մօտը կանչեց նորան եւ ասեց. Չար ծառայ, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ։

33

  Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի։

34

  Եւ նորա Տէրը բարկանալով՝ նորան մատնեց դահիճներին, մինչեւ որ բոլոր պարտքը վճարէ նորան։

35

  Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կանէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չթողէք նորանց յանցանքը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896