A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Մատթեոս 10



1

  Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։

2

  Եւ այն տասնեւերկու առաքեալների անուններն այս են. առաջինը Սիմօն՝ Պետրոս կոչուածը, եւ նորա եղբայրն Անդրէաս։

3

  Յակոբոս Զեբեդեանը եւ նորա եղբայրը՝ Յովհաննէս. Փիլիպպոս եւ Բարթողոմէոս. Թովմաս եւ Մատթէոս մաքսաւորը. Յակոբոս Ալփեանը. եւ Ղեբէոսը որ Թադէոս մականուանուեցաւ,

4

  Սիմօն Կանանացին՝ եւ Յուդա Իսկարիովտացին, որ մատնեց էլ նորան։

5

  Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը, նորանց պատուէր տուաւ եւ ասեց. Հեթանոսների ճանապարհ չգնաք, եւ Սամարացիների քաղաք չմտնէք.

6

  Բայց աւելի գնացէք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։

7

  Եւ երբոր կգնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է։

8

  Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։

9

  Վեր չառնէք ոսկի, եւ ոչ արծաթ, եւ ոչ պղինձ փող ձեր գօտիների մէջ.

10

  Ոչ ճանապարհի պարկ, եւ ոչ երկու հանդերձ, եւ ոչ կօշիկներ եւ ոչ գաւազան. որովհետեւ մշակն իր կերակուրին արժանի է։

11

  Եւ որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի, եւ այնտեղ կացէք՝ մինչեւ որ դուրս գնաք։

12

  Եւ երբոր տունը կմտնէք, բարեւ տուէք նորան։

13

  Եւ եթէ այն տունն արժանի է, ձեր բարեւը նորա վերայ գայ, բայց եթէ արժանի չէ, ձեր բարեւը ետ դառնայ դէպի ձեզ։

14

  Եւ ով որ ձեզ չընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թօթափեցէք։

15

  Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կլինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։

16

  Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս ոչխարներ գայլերի մէջ, ուստի խորագէտ եղիք ինչպէս օձերը, եւ միամիտ՝ ինչպէս աղաւնիները։

17

  Եւ զգոյշ կացէք մարդկանցից. որովհետեւ ձեզ դատաստանի կմատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կծեծեն ձեզ,

18

  Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կտարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։

19

  Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ինչպէ՞ս կամ ի՞նչ պիտի խօսիք. որովհետեւ նոյն ժամումը կտրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։

20

  Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։

21

  Եւ եղբայր եղբօրը մահի կմատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կկենան իրանց ծնողների վերայ, եւ կսպաննեն նորանց։

22

  Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կհամբերէ մինչեւ վերջը, նա կապրի։

23

  Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կգայ։

24

  Աշակերտը վարդապետիցը բարձր չէ, եւ ո՛չ ծառան բարձր է իր տէրիցը։

25

  Բաւական է աշակերտին որ իր վարդապետի նման լինի, եւ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթէ տան տիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, ապա որքա՞ն աւելի նորա ընտանիքը։

26

  Ուստի մի վախենաք նորանցից. որովհետեւ ոչինչ չկայ ծածուկ որ չյայտնուի, եւ թաքուն բան՝ որ չիմացուի։

27

  Ինչ որ ասում եմ ձեզ խաւարումը, լույսի մէջ ասեցէք. եւ ինչ որ ականջում լսում էք, կտուրների վերայ քարոզեցէք։

28

  Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։

29

  Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանգի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։

30

  Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։

31

  Ուրեմն մի վախենաք. դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։

32

  Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կդաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։

33

  Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։

34

  Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. չեկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր։

35

  Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ։

36

  Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կլինին։

37

  Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։

38

  Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։

39

  Ով որ իրան անձը գտնում է՝ կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կգտնէ նորան։

40

  Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։

41

  Ով որ մարգարէ է ընդունում մարգարէի անունով, նա մարգարէի վարձք կառնէ. եւ ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կառնէ։

42

  Եւ ով որ այս փոքրներից մէկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնէ աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896