A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Նահում 1



1

  Նինուէի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։

2

  Նախանձոտ եւ վրէժխնդիր Աստուած է Տէրը, վրէժխնդիր է Տէրը եւ բարկութեան տէր, վրէժ առնող է Տէրը իր ոսոխներից, եւ բարկութիւն պահող իր թշնամիների դէմ։

3

  Տէրը երկայնամիտ է եւ մեծազօր, եւ երբէք չի արդարացնիլ յանցաւորին. Տիրոջ ճանապարհը մրրկի եւ փոթորկի մէջ է, եւ ամպերը նորա ոտների փոշին են։

4

  Նա սաստում է ծովին եւ նորան ցամաքեցնում, եւ բոլոր գետերը չորացնում. թառամում են Բասանն ու Կարմեղոսը, եւ Լիբանանի ծաղիկը թառամում է։

5

  Սարերը դողում են նորանից եւ բլուրները հալվում են, երկիրը բարձրանում է նորա առաջին, նաեւ աշխարհը եւ բոլոր նորանում բնակողները։

6

  Նորա ցասման առաջին ո՞վ կկանգնէ, եւ ո՞վ կ'դիմանայ նորա բարկութիւնը բորբոքելիս, նորա սրտմտութիւնը թափվում է կրակի պէս, եւ ապառաժները ճաքում են նորա առաջին։

7

  Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը. եւ նա ճանաչում է իրան ապաւինողներին։

8

  Յորդահոս հեղեղով պիտի վերջ տայ նորա տեղին, եւ նորա թշնամիներին պիտի հալածէ խաւարը։

9

  Ի՞նչ էք մտածում Տիրոջ դէմ. վերջ տուողը նա է. նեղութիւնը երկու անգամ վեր չի կենալ։

10

  Որովհետեւ մինչեւ որ նորանք փուշերի պէս խճճուած են, եւ իբր իրանց գինիովը արբածներ, պիտի սպառուին բոլորովին չոր յարդի պէս։

11

  Քեզանից դուրս եկաւ Տիրոջ դէմ չարութիւն մտածող՝ անօրէն խորհրդականը։

12

  Այսպէս է ասում Տէրը. Թեւ անդորր են ու այսքան բազմաթիւ, բայց եւ այնպէս պէտք է կտրուին, եւ նա պիտի անցնի. թէեւ ես քեզ նեղել եմ, այլ եւս չեմ նեղիլ։

13

  Եւ հիմա պիտի նորա լուծը կոտրեմ քո վերայից, եւ կապերդ պիտի կտրեմ։

14

  Եւ Տէրը հրամայել է քո մասին. այլ եւս սերունդ պիտի չ'լինի քո անունիցը, քո աստուածների տանիցը պիտի բնաջինջ անեմ քանդակածն ու ձուլածոյ կուռքն. քո գերեզմանը պիտի շինեմ, որովհետեւ դու անարգ եղար։

15

  Ահա սարերի վերայ աւետիք բերողի ոտները, որ խաղաղութիւն է քարոզում. տօնիր, ով Յուդա, քո տօները, կատարիր ուխտերդ. որ այլ եւս անօրեն պիտի չ'անցնէ քո միջովը, բոլորը բնաջինջ եղաւ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896