A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Միքիա 7



1

  Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ դառել, այգեկութի ճռաքաղի պէս. ողկոյզ չ'կայ ուտելու, մի կանխահաս թուզ՝ որը փափաքում է սիրտս։

2

  Կորչում է բարեպաշտը երկրիցը, եւ ուղիղը չ'կայ մարդկանց մէջ. ամենքը արիւնների համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբօրը որսում է վարմով։

3

  Դէպի չարութիւն են մեկնում ձեռքերը, որ յաջողեն, իշխանը պահանջում է ընծայ, եւ դատաւորը վարձքով է դատ տեսնում, եւ մեծ մարդը իր սրտի ցանկացածն է խօսում. եւ նորանք ոլորում են բանը։

4

  Նորանց լաւագոյնը փուշի նման է, ուղիղը փշեղէն ցանգից վատ. քո դէտերի օրը՝ եկաւ քո այցելութիւնը, հիմա պիտի լինի նորանց շփոթութիւնը։

5

  Մի հաւատաք բարեկամին, ընկերին մի վստահիք, ծոցիդ պառկողիցը պահիր բերանիդ դռները։

6

  Որովհետեւ որդին անարգում է հօրը, աղջիկը վեր է կենում իր մօր վերայ, հարսը իր սկեսրի վերայ. մարդիս թշնամիներն իր ընտանիքն են։

7

  Բայց ես Տիրոջը կ'սպասեմ, եւ կ'յուսամ իմ փրկութեան Աստուծուն. ինձ պիտի լսէ իմ Աստուածը։

8

  Մի ուրախանար ինձ վերայ, ով իմ թշնամի, որովհետեւ թէեւ ընկնեմ, վեր կ'կենամ, թէեւ խաւարի մէջ նստեմ, Տէրը ինձ լոյս կ'լինի։

9

  Տիրոջ ցասումը պիտի կրեմ, (որ նորա դէմ մեղք եմ գործել,) մինչեւ որ նա պաշտպանէ իմ դատը եւ ինձ իրաւունք անէ, ինձ հանէ լոյսը, որ նորա արդարութիւնը տեսնեմ։

10

  Այն ժամանակ իմ թշնամին տեսնէ, եւ ամօթը նորան ծածկէ, որ ասում էր ինձ թէ Ո՞ւր է քո Տէր Աստուածը. իմ աչքերը տեսնեն նորան. հիմա նա ոտնակոխ պիտի լինի ինչպէս փողոցի ցեխը։

11

  Այն օրը որ պարիսպներդ կ'շինուին, նոյն օրը պատուէրը կ'հեռանայ։

12

  Այն օրը մինչեւ քեզ մօտ են գալու Ասորեստանից եւ Եգիպտոսի քաղաքներից, եւ Եգիպտոսից մինչեւ Գետը, եւ ծովից ծով ու սարից սար։

13

  Եւ երկիրը ամայի պիտի լինի իր բնակիչների պատճառով, իրանց գործերի պտուղների համար։

14

  Հովուիր ժողովրդին քո գաւազանովը՝ քո ժառանգութեան հօտերը, առանձին նստողներին անտառումը Կարմեղոսումը. թող արածեն Բասանումը եւ Գաղաադումը վաղի օրերի պէս։

15

  Քո Եգիպտոսի երկրից դուրս գալու օրերի պէս նորան հրաշքներ պիտի ցոյց տամ։

16

  Ազգերը պիտի տեսնեն եւ ամաչեն իրանց բոլոր արիութիւնիցը, ձեռքը պիտի դնեն բերանի վերայ, նորանց ականջները պիտի խլանան։

17

  Հող պիտի լիզեն օձի պէս, երկրի սողունների պէս, դողալով պիտի գան իրանց թաքուստներիցը, մեր Տէր Աստուածանից պիտի դողան. այո՛, քեզանից պիտի վախենան։

18

  Ո՞վ է Աստուած քեզ նման, անօրէնութիւն վեր առնող, եւ իր ժառանգութեան մնացորդի մեղքիցն անց կենող, որ չէ պահում իր բարկութիւնը յաւիտեան, որովհետեւ նա ողորմութիւն սիրող է։

19

  Նա դարձեալ մեզ պիտի ողորմէ, նա պիտի ոտնահարէ մեր անօրէնութիւնները. եւ մեր բոլոր մեղքերը դու կ'գցես ծովի խորքերը։

20

  Հաւատարմութիւն պիտի անես Յակոբին եւ ողորմութիւն՝ Աբրահամին, որ երդում ես արել մեր հայրերին վաղ օրերիցն ի վեր։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896