A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Օբադի 1

1

  Աբդիայի տեսիլքը։ Այսպես է ասում Տէր Եհովան {*}Եդովմի մասին. {*}Լուր լսեցինք Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղարկուեցաւ ազգերի մեջ թե վեր կացէք, որ նորա վերայ պատերազմի վեր կենանք:

2

  Ահա քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, դու շատ անարգուած ես։

3

  Քո սրտի հպարտութիւնը քեզ խաբել է, ով վէմի խոռոչներումը բնակող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես. Ո՞վ կիջեցնէ ինձ երկիրը։

4

  Թէեւ արծիւի պէս բարձրանաս, եւ թէեւ աստղերի մէջ դնես քո բոյնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։

5

  Եթէ գողեր գային քեզ մօտ կամ գիշերային աւազակներ, (ի՜նչպէս կործանուեցար.) մի՞թէ չէին գողանալ որքան իրանց բաւական է. եթէ կթողներ գային քեզ մօտ, մի՞թէ չէին թողել ճիռեր։

6

  Ի՜նչպէս քննուեցաւ Եսաւը. որոնուեցան նորա ծածուկ տեղերը։

7

  Մինչեւ սահմանն ուղարկեցին քեզ քո բոլոր դաշնակիցները, քեզ խաբեցին՝ քեզ յաղթեցին քեզ հետ խաղաղութիւն ունեցողները, քո հացը որոգայթ դրին քո տակին. հասկացողութիւն չ'կայ նորանում։

8

  Ահա այն օրը, ասում է Տէրը, պիտի փչացնեմ իմաստուններին Եդովմիցը, եւ հանճարը՝ Եսաւի սարիցը։

9

  Եւ քո զօրաւորները պիտի զարհուրեն, ով Թեման, որպէս զի մարդ բնաջինջ լինի Եսաւի սարիցը սպանուելով։

10

  Եղբօրդ Յակոբի անիրաւութեան համար քեզ ամօթը պիտի ծածկէ, եւ դու բնաջինջ պիտի լինես յաւիտեան։

11

  Դու հանդէպ կանգնած օրը, այն օրը որ օտարները գերի արին նորա զօրքը, եւ օտարազգիները մտան նորա դռները, եւ Երուսաղէմի վերայ վիճակ գցեցին, դու էլ նորանց մէկի նման էիր։

12

  Եւ պիտի մտիկ չ'անէիր քո եղբօր օրը՝ նորա օտարի օրը, եւ պիտի չ'ուրախանայիր Յուդայի որդկանց վերայ նորանց կորստեան օրը, եւ պիտի չ'մեծացնէիր բերանդ նորանց նեղութեան օրը։

13

  Դու պիտի չ'մտնէիր իմ ժողովրդի դռնովը նորանց թշուառութեան օրը, դու էլ պիտի մտիկ չ'անէիր նորա ձախորդութեանը՝ նորա թշուառութեանը օրը, եւ պիտի ձեռք չ'երկարացնէիր նորա ապրանքին նորա թշուառութեան օրը։

14

  Եւ պիտի չ'կանգնէիր ճանապարհի գլխին նորա ազատուածներին բնաջինջ անելու համար, եւ պիտի չ'մատնէիր նորա մնացածները նեղութեան օրը։

15

  Որովհետեւ մօտիկ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վերայ, ինչպէս որ դու արիր, քեզ էլ այնպէս պիտի անեն. քո հատուցումը ետ պիտի դառնայ քո գլխին։

16

  Որովհետեւ ինչպէս որ դուք խմեցիք իմ սուրբ սարի վերայ, բոլոր ազգերն էլ պիտի խմեն միշտ, նորանք պիտի խմեն ու կլանեն, եւ չեղածի պէս դառնան։

17

  Բայց Սիօն սարի վերայ փրկուածներ կ'լինեն, եւ նա սրբութիւն է լինելու. եւ Յակոբի տունը պիտի ստանայ իր ստացուածքները։

18

  Եւ Յակոբի տունը կրակ պիտի լինի եւ Յովսէփի տունը՝ բոց, եւ Եսաւի տունը՝ յարդ, եւ պիտի վառուին նորանց մէջ եւ ուտեն նորանց, եւ Եսաւի տունը մնացորդ չի ունենալ. որ Տէրն է խօսել։

19

  Եւ հարաւացիք պիտի տիրեն Եսաւի սարին, եւ դաշտայինք՝ Փղշտացիների երկրին, եւ պիտի տիրեն Եփրեմի դաշտին եւ Սամարիայի դաշտին, եւ Բենիամինը՝ Գաղաադին.

20

  Եւ Իսրայէլի որդկանց այս զօրքի գերիները՝ Քանանացիների երկրին մինչեւ Սարեփթա, եւ Երուսաղէմի գերիները՝ որ Սեփարաթումն են, նորանք պիտի տիրեն հարաւային քաղաքներին։

21

  Եւ ազատիչներ պիտի վեր ելնեն Սիօն սարը, Եսաւի սարը դատելու համար. եւ Տիրոջը պիտի լինի թագաւորութիւնը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896