A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Դանիել 1



1

  Յուդայի թագաւոր Յովակիմի թագաւորութեան երրորդ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ Եորսւաղէմ եւ պաշարեց նորան։

2

  Եւ Տէրը Յուդայի Յովակիմ թագաւորին եւ Աստուծոյ տան անօթների մի մասը նորա ձեռքը մատնեց, եւ նա նորանց տարաւ Սենաար երկիրը իր աստուծոյ տունը. և անօթները դրաւ իր աստուծոյ գանձատանը։

3

  Եւ թագաւորն ասեց իր ներքնապետ Ասփանէզին, որ բերէ Իսրայէլի որդկանցից եւ թագաւորական սերունդից ու իշխանազուններից՝

4

  Բնաւ արատ չունեցող եւ գեղեցկադէմ եւ ամեն իմաստութեան ընդունակ եւ գիտութեան տեղեակ եւ հանճարեղ եւ թագաւորական պալատումը կանգնելու կարողութիւն ունեցող տղերք, եւ նորանց սովորեցնէ Քաղդէացիների գիրն ու լեզուն։

5

  Եւ թագաւորը նորանց համար օրական ռոճիկ որոշեց թագաւորի կերակուրիցը եւ իր խմած գինիիցը. Եւ որ նորանց սնուցանէ երեք տարի. Եւ յետոյ կանգնեն թագաւորի առաջին։

6

  Եւ նորանցում կային Յուդայի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։

7

  Եւ ներքնապետը նորանց անուններ դրաւ. Եւ Դանիէլին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայէլին՝ Միսաք եւ Ազարիային՝ Աբեդնագով։

8

  Եւ Դանիէլը որոշեց իր սրտումը, որ իրան չպղծէ թագաւորի կերակրովը եւ նորա խմած գինիովը, եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չպղծէ։

9

  Եւ Աստուած Դանիէլին շնորհք եւ ողորմութիւն տուաւ ներքնապետի առաջին։

10

  Եւ ներքնապետը ասեց Դանիէլին. Ես վախենում եմ իմ տէր թագաւորից, որ որոշել է ձեր ուտելիքը եւ խմելիքը. որովհետեւ ինչո՞ւ համար նա ձեր երեսները վատ տեսնէ այն տղերանց երեսներից որ ձեզ հասակակից են, եւ ինձ գլխապարտ անէք թագաւորի մօտ։

11

  Եւ Դանիէլն ասեց Մելսարին, որին ներքնապետը դրել էր Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի վերայ,

12

  Աղաչում եմ՝ փորձիր ծառաներիդ մի տասն օր, եւ մեզ ուտելու համար ընդեղէն եւ խմելու համար ջուր տան.

13

  Եւ երևան քո առաջին մեր դէմքը եւ այն տղերանց դէմքը որ թագաւորի կերակրիցն ուտում են, եւ ինչպէս որ տեսնես, նորա համեմատ արա ծառաներիդ հետ։

14

  Եւ նա լսեց նորանց այս բանի համար, եւ նորանց փորձեց տասն օր։

15

  Եւ տասն օրից յետոյ նորանց դէմքը աւելի լաւ եւ մարմնով գէր էին քան թէ այն ամեն տղերքը, որոնք ուտում էին թագաւորի կերակրիցը։

16

  Եւ Մելսարը վեր էր առնում նորանց թագաւորական կերակուրը եւ նորանց խմելու գինին եւ նորանց ընդեղէն էր տալիս։

17

  Եւ Աստուած այս չորս տղերանց գիտութիւն եւ հանճար տուաւ ամեն դպրութիւնում եւ իմաստութիւնում, եւ Դանիէլը հասկանում էր ամեն տեսիլք եւ երազ։

18

  Եւ այն օրերը վերջանալուց յետոյ, որ թագաւորը հրամայել էր նորանց բերել, այն ժամանակ ներքնապետը բերաւ նորանց Նաբուգոդոնոսորի առաջը։

19

  Եւ թագաւորը խօսեց նորանց հետ, եւ նորանցից մէկը չգտնուեցաւ Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի պէս. Եւ նորանք կանգնեցին թագաւորի առաջին։

20

  Եւ իմաստութեան գիտութեան վերաբերեալ ամեն բանում, որ թագաւորը հարցնում էր նորանցից, թագաւորը նորանց տասնապատիկ գերազանց էր գտնում իր բոլոր թագաւորութիւնումը եղող մոգերիցն ու հմայողներիցը։

21

  Եւ Դանիէլը մնաց մինչեւ Կիւրոս թագաւորի առաջի տարին։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896