A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Երեմիա 34

1

  Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքերը եւ երկրի բոլոր թագաւորութիւնները որ իր իշխանութեան ձեռքումն էին, եւ բոլոր ժողովուրդներովը պատերազմում էին Երուսաղէմի դէմ եւ նորա բոլոր քաղաքների դէմ, ասելով.

2

  Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Գնա եւ խօսիր Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես այս քաղաքը պիտի տամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա պիտի այրէ նորան կրակով։

3

  Եւ դու պիտի չ'պրծնես նորա ձեռքիցը, այլ անպատճառ պիտի բռնուիս եւ նորա ձեռքը մատնուիս, եւ քո աչքերը պիտի տեսնեն Բաբիլոնի թագաւորի աչքերը, եւ նորա բերանը պիտի խօսէ քո բերանի հետ, եւ պիտի գնաս Բաբիլոն։

4

  Սակայն լսիր Տիրոջ խօսքը, ով Յուդայի Սեդեկիա թագաւոր, այսպէս է ասում Տէրը քո մասին. Դու սրով պիտի չ'մեռնես։

5

  Դու խաղաղութիւնով պիտի մեռնես. եւ ինչպէս որ քեզանից առաջ եղող քո հայրերի առաջին թագաւորների համար խունկեր ծխեցին, նոյնպէս եւ պիտի ծխեն քեզ համար, եւ Վա՜յ տէր, ասելով, պիտի սուգ անեն քեզ վերայ, որովհետեւ այս խօսքը ես խօսեցի, ասում է Տէրը։

6

  Եւ Երեմիա մարգարէն խօսեց Յուդայի Սեդեկիա թագաւորի հետ այս բոլոր խօսքերը Երուսաղէմում։

7

  Եւ Բաբիլոնի թագաւորի զօրքը պատերազմում էր Երուսաղէմի դէմ եւ Յուդայի մնացած բոլոր քաղաքների դէմ, Լաքիսի եւ Ազեկայի դէմ, որովհետեւ Յուդայի քաղաքների մէջ սորանք էին մնացել պարսպաւոր քաղաքներ։

8

  Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ, երբոր Սեդեկիա թագաւորը Երուսաղէմումն եղող ժողովրդի բոլորի հետ ուխտ էր դրել, որ նորանք ազատութիւն քարոզեն.

9

  Որ ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին՝ Եբրայեցիին եւ Եբրայեցուհիին ազատ արձակէ, որ ոչ մէկը չ'ծառայեցնէ իր Հրէայ եղբօրը։

10

  Եւ լսեցին բոլոր իշխանները եւ բոլոր ժողովուրդը, որոնք ուխտ արին, որ ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին ազատ արձակէ, որ այլ եւս նորան չ'ծառայեցնէ եւ նորանք լսեցին ու արձակեցին։

11

  Բայց յետոյ ետ դառան եւ իրանց ազատ արձակած ծառաներին եւ աղախիններին ետ դարձրին եւ նորանց բռնի ծառաներ եւ աղախիններ արին։

12

  Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ՝ ասելով.

13

  Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես ուխտ արի ձեր հայրերի հետ այն օրը որ նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը ասելով թէ

14

  Եօթը տարիից յետոյ ձեզանից ամեն մարդ արձակէ իր Եբրայեցի եղբօրը, որ ծախուած է քեզ վերայ եւ ծառայել է քեզ վեց տարի, դու նորան ազատ արձակիր քո կշտիցը, բայց ձեր հայրերը ինձ չ'հնազանդեցին եւ ականջ չ'դրին։

15

  Եւ դուք այսօր ետ էիք դառել եւ արել այն՝ ինչ որ ուղիղ է իմ աչքի առաջին ամեն մարդ իր ընկերին ազատութիւն քարոզելով, եւ ուխտ էիք կապել իմ առաջին այն տանը, որի վերայ կոչուած է իմ անունը.

16

  Բայց էլի դառաք ու պղծեցիք իմ անունը, եւ ետ դարձրիք ամեն մարդ իր ծառային եւ ամեն մարդ իր աղախնին, որոնց ազատ արձակել էիք իրանց համար, եւ նորանց բռնադատեցիք, որ ձեզ համար ծառաներ եւ աղախիններ լինեն։

17

  Վասնորոյ այսպէս է ասում Տէրը. Դուք ինձ չ'լսեցիք, որ ազատութիւն քարոզէիք ամեն մարդ իր եղբօրը եւ ամեն մարդ իր ընկերին, ահա ես ձեզ համար ազատութիւն կ'քարոզեմ, ասում է Տէրը, սուրին եւ ժանտախտին եւ սովին, եւ ձեզ պիտի մատնեմ տանջանքի երկրի բոլոր թագաւորութիւններին։

18

  Եւ պիտի մատնեմ այն մարդիկը, որոնք զանց են արել իմ ուխտը, որոնք չեն կատարել այն ուխտի խօսքերը, որ արին իմ երեսի առաջին, որ զուարակը բաժանեցին երկու կտորի եւ կտորների միջովը անցան,

19

  Այսինքն Յուդայի իշխանները եւ Երուսաղէմի իշխանները, պալատականները եւ քահանաները եւ երկրի բոլոր ժողովուրդը, որ անց կացաւ զուարակի կտորների միջովը։

20

  Եւ նորանց պիտի մատնեմ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը, եւ նորանց դիակները պիտի կերակուր դառնան երկնքի թռչունների համար եւ երկրի գազանների համար։

21

  Եւ Յուդայի Սեդեկիա թագաւորին եւ նորա իշխաններին պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը եւ նորանց հոգին պահանջողների ձեռքը եւ Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը որ ձեզանից ետ են գնացել։

22

  Ահա ես հրամայում եմ, ասում է Տէրը, եւ նորանց ետ եմ դարձնելու այս քաղաքի վերայ, եւ նորանք պիտի պատերազմեն նորա դէմ եւ նորան առնեն եւ նորան այրեն կրակով, եւ Յուդայի քաղաքները պիտի ամայի անեմ՝ առանց բնակչի։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896