A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եսայիա 6



1

  Ոզիա թագաւորի մեռած տարին տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։

2

  Սերովբէները կանգնած էին նորանից վերեւ, որոնց ամեն մէկը վեց թեւ ունէր. երկուսով ծածկում էր իր երեսը եւ երկուսով ծածկում էր իր ոտները եւ երկուսով թռչում էր։

3

  Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։

4

  Եւ դրանդիքի հիմերը երերացին աղաղակողի ձայնիցը, եւ տունը ծուխով լցուեցաւ։

5

  Եւ ես ասեցի. վա՜յ ինձ, որովհետեւ կորած եմ. որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մէջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան Զօրաց Տէր Թագաւորին։

6

  Եւ սերովբէների մէկը թռաւ ինձ մօտ՝ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վերայից.

7

  եւ նորանով դպաւ իմ բերանին եւ ասեց. ահա սա դպաւ քո շրթունքներին, եւ քո անօրէնութիւնը հեռացաւ, եւ քո մեղքը քաւուեցաւ։

8

  Եւ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կգնայ մեզ համար. եւ ես ասեցի. ահա ես, ինձ ուղարկիր։

9

  Եւ նա ասեց. Գնա եւ ասիր այս ժողովրդին. լսելով կլսէք, բայց չէք հասկանալ, եւ տեսնելով կտեսնէք, բայց չէք իմանալ։

10

  Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ նորա ականջները ծանրացրու եւ նորա աչքերը ծեփիր. որ չտեսնէ աչքերովը, եւ ականջներովը չլսէ, որ սիրտն իմանար, ու դարձի գար, եւ բժշկուէր։

11

  Եւ ես ասեցի. մինչեւ ե՞րբ, Տէր իմ, եւ նա ասեց. Մինչեւ որ ամայանան քաղաքները բնակիչ չլինելով, եւ տուները՝ մարդ չունենալով. եւ երկիրը աւերուած լինելով անապատ դառնայ։

12

  Եւ Տէրը հեռացնէ մարդկանցը, եւ ձգած թողածը շատանայ երկրի մէջ։

13

  Եւ եթէ նորանում դեռ մի տասներորդ մասը լինի, նա էլ դարձեալ աւերակ դառնայ. ինչպէս որ բեւեկնին ու կաղնին, որ կտրուելիս մի բուն է լինում նորանցում, նոյնպէս այն սուրբ սերունդն է նորա բունը։

Indonesian Bible TB 1974
Alkitab Terjemahan Baru (TB) - 1974 ©