A A A A A
Submit Image
Հայ Աստվածաշունչ Ararat

Եսայիա 54



1

  Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում, բարձրաձայն աղաղակելով ցնծա եւ աղաղակիր, ով երկունք չքաշող, որովհետեւ երեսից ձգուածի որդիքը շատ են արամբիի որդկանցիցը, ասում է Տէրը։

2

  Լայնացրու քո վրանի տեղը, եւ թող քո բնակարանի վարագոյրները տարածեն. մի խնայիր, երկարացրու չուաններդ, եւ ցիցերդ պնդացրու։

3

  Որովհետեւ դու պիտի աջ ու ձախ տարածուիս, եւ քո սերունդը պիտի ժառանգէ ազգերին, եւ աւերակացած քաղաքները շէնացնելու են։

4

  Մի վախենար որովհետեւ պիտի չամաչես, եւ մի պատկառիր, որովհետեւ պիտի չնախատուիս. որովհետեւ քո մանկութեան ամօթը պիտի մոռանաս, եւ քո որբեւայրութեան նախատինքը այլ եւս պիտի չյիշես։

5

  Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովայ է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստուած։

6

  Որովհետեւ Տէրը քեզ մի երեսից ձգուած եւ հոգով վշտացած կնոջ պէս կանչեց, եւ մի երիտասարդ կնոջ պէս, որ մերժուած է, ասում է քո Աստուածը։

7

  Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմութիւններով քեզ պիտի ժողովեմ։

8

  Բարկութիւնս տաքանալով՝ մի վայրկեան ծածկեցի երեսս քեզանից, բայց յաւիտենական ողորմութիւնով քեզ պիտի ողորմեմ, ասում է քո Փրկիչը՝ Եհովան։

9

  Որովհետեւ Նոյի ջրերին պէս է սա ինձ համար, որ երդում արի, թէ այլեւս պիտի չանցնեն Նոյի ջուրերը երկրի վերայ. նոյնպէս էլ երդում արի, որ քեզ չբարկանամ եւ քեզ չյանդիմանեմ։

10

  Որովհետեւ սարերը կքաշուին, եւ բլուրները կսասանեն, բայց իմ ողորմութիւնը քեզանից չի քաշուիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ, ասում է քեզ ողորմող Տէրը։

11

  Ով ողորմելի ալեկոծեալ անմխիթար, ահա ես քո քարերը ծարուրով պիտի դնեմ, եւ քեզ պիտի հիմնեմ շափիւղաներով։

12

  Եւ քո բուրդերը կարմիր յակինթներով պիտի շինեմ, եւ քո դռները՝ կարկեհաններով, եւ քո բոլոր սահմանը պատուական քարերով։

13

  Եւ քո բոլոր որդիքը Տէրիցը ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը։

14

  Արդարութիւնով պիտի հաստատուիս. հեռացիր բռնութիւնից, որովհետեւ չես վախենալու, եւ արհաւիրքից՝ որովհետեւ քեզ չէ մօտենալու։

15

  Ահա նորանք անպատճառ հաւաքուելու են, առանց ինձանից լինելու. ով որ քեզ վերայ հաւաքուի, քո կողմը պիտի ընկնի։

16

  Ահա ես եմ ստեղծել դարբինին որ փչում է կրակի կայծերին, եւ գործիք հնարում իր արուեստի համար. նոյնպէս էլ ես եմ ստեղծել կործանողին որ աւերէ։

17

  Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չյաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896