A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եսայիա 42



1

  Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը, որին հաւանել է իմ հոգին. ես իմ հոգին դրել եմ նորա վերայ, նա իրաւունքը պիտի հանէ ազգերի համար։

2

  Նա չի աղաղակիլ, եւ ձայն չի բարձրացնիլ, եւ իր ձայնը լսել չի տալ դուրսումը։

3

  Ջախջախած եղէգը չի փշրիլ, եւ առկայծեալ պատրոյգը չի հանգցնիլ, իրաւունքը պիտի դուրս բերէ ճշմարտութեամբ։

4

  Նա չի տկարանալ եւ չի թուլանալ. մինչեւ որ հաստատէ իրաւունքը երկրի վերայ. եւ կղզիները սպասում են նորա օրէնքին։

5

  Այսպէս է ասում Տէր Աստուածը, որ ստեղծեց երկինքը եւ նորան տարածեց. որ ընդարձակեց երկիրը եւ նորանում բուսածը, որ շունչ է տալիս նորա վերայ եղող ժողովրդին, եւ հոգի՝ նորա վերայ գնացողներին։

6

  Ես՝ Տէրս կանչել եմ քեզ արդարութեամբ, եւ բռնում եմ քո ձեռքը եւ քեզ պաշտպանում, եւ քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ եւ՝ ազգերի լոյս.

7

  Կոյրերի աչքերը բանալու, բանտարկեալներին բանտից հանելու, եւ կապանքի տնից՝ խաւարի տանը նստողներին։

8

  Ես եմ Եհովան, սա է իմ անունը. եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին։

9

  Առաջի բաները ահա կատարուել են. եւ նորերը ես եմ պատմում. նորանդ դեռ չբղխած՝ ձեզ իմացնում եմ։

10

  Տիրոջը նոր երգ երգեցէք, նորա գովութիւնը երկրի ծայրերից, ով ծովը իջնողներ եւ նորան լցնողներ, ով կղզիներ եւ նորանց բնակիչները։

11

  Ձայները բարձրացնեն անապատը եւ նորա քաղաքները, այն գիւղօրայքը ուր որ բնակվում է Կեդարը. բարձրաձայն աղաղակեն Վիմաքաղաքի բնակիչները, սարերի գագաթիցը ցնծան։

12

  Պատիւ մատուցանեն Տիրոջը, եւ նորա փառքը պատմեն կղզիներումը։

13

  Տէրը դուրս է գալու հզօրի պէս. պատերազմի մարդի պէս գրգռելու է իր նախանձը. աղաղակելու ու նաեւ բարձրաձայն գոչելու է, եւ յաղթող է հանդիսանալու իր թշնամիների վերայ։

14

  Ես վաղուց է լռել եմ, հանդարտ էի եւ ինձ զսպել էի. բայց հիմա ծննդականի պէս պիտի գոռամ, շունչ պիտի առնեմ եւ շնչեմ էլ։

15

  Աւերակ պիտի անեմ սարերն ու բլուրները, եւ նորանց բոլոր խոտը պիտի չորացնեմ, եւ գետերը կղզիների պէս ցամաք պիտի շինեմ. եւ լիճերը պիտի ցամաքեցնեմ։

16

  Եւ կոյրերին պիտի ման ածեմ իրանց չգիտեցած ճանապարհովը, նորանց չգիտեցած շաւիղներովն առաջնորդելու եմ նորանց. նորանց առաջին խաւարը լոյսի եմ դարձնելու, դարուփոսերը՝ հաւասարի, այս բաները պիտի անեմ սորանց, եւ նորանց պիտի չձգեմ։

17

  Ետ պիտի քաշուին եւ մեծապէս ամաչեն կուռքի յուսացողները. որ ասում են ձուլածոյին՝ Դուք մեր աստուածներն էք։

18

  Ով խուլեր, լսեցէք. եւ ով կոյրեր, նայեցէք որ տեսնէք։

19

  Ո՞վ է կոյր՝ բացի իմ ծառան, եւ խուլ՝ իմ ուղարկած դեսպանի պէս. ո՞վ է կոյր՝ նուիրեալին պէս. եւ կոյր՝ Տիրոջ ծառային պէս։

20

  Շատ բաներ ես տեսել, բայց բան չես պահել. ականջները բաց են, բայց չէ լսում։

21

  Տէրը հաւանեց նորան իր արդարութեան համար, օրէնքը մեծացրեց եւ փառաւորեց։

22

  Բայց նա յափշտակուած եւ կողոպտուած ժողովուրդ է, նորանք ամենքը որոգայթի մէջ են ընկած փոսերում, եւ կալանաց տան մէջ թաքնուած են. նորանք յափշտակուեցան, եւ ազատող չկայ, կողոպուտ եղան եւ ասող չկայ թէ Ետ տուր։

23

  Ձեզանում ո՞վ կայ, որ սորան ականջ դնէ, ուշադիր լինի եւ լսէ յետագայի համար։

24

  Ո՞վ մատնեց Յակոբին յափշտակուելու, եւ Իսրայէլին՝ կողոպտիչներին. չէ՞ որ Եհովան, նա՝ որի դէմ մեղանչեցինք, եւ չկամեցան նորա ճանապարհներովը գնալ, եւ որի օրէնքը չլսեցին։

25

  Եւ նա թափեց նորա վերայ իր բարկութեան բորբոքումը եւ պատերազմի ուժգնութիւնը. եւ ամեն կողմից նորան վառեց, բայց նա չիմացաւ. եւ նորան այրեց, բայց նա իր ուշքը չդարձրեց։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896