A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եսայիա 36

1

  Եւ եղաւ որ եզեկիա թագաւորի տասնեւչորսերորդ տարին վեր եկաւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքների վերայ եւ առաւ նորանց։

2

  Եւ Ասորեստանի թագաւորը Ռաբսակին շատ զօրքով Լաքիսից Երուսաղէմ ուղարկեց Եզեկիա թագաւորի մօտ, եւ նա կանգնեց թափչի ագարակի ճանապարհին՝ վերի աւազանի ջրմուղի վերայ։

3

  Եւ նորանց մօտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն եւ Սեբնա ատենադպիրը, եւ յիշատակաց դպիր Ասափի որդի Յովաքը։

4

  Եւ Ռաբսակն ասեց նորանց. Ասեցէք Եզեկիային. այսպէս է ասում մեծ թագաւորը՝ Ասորեստանի թագաւորը. Ի՞նչ է այդ յոյսը, որի վերայ դու ապաւինել ես։

5

  Ես ասում եմ, թէ՝ Միայն շրթունքի խօսքեր են դորանք՝ թէ՝ Խորհուրդ ու զօրութիւն ունիմ պատերազմի համար. հիմա ո՞ւմ ապաւինեցիր որ ինձանից ապստամբուեցիր։

6

  Ահա դու ապաւինել ես այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մէկ մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կմտնէ եւ նորան կծակէ, այսպէս է Եգիպտոսի Փարաւօն թագաւորը բոլոր իրան ապաւինողների համար։

7

  Բայց եթէ ինձ ասես թէ մենք մեր Եհովայ Աստուծուն ենք ապաւինել. մի՞թէ դա այն չէ, որի բարձրաւանդակները եւ սեղանները Եզեկիան վերցրեց եւ Յուդային ու Երուսաղէմին ասեց. Միայն այս սեղանի առաջին երկրպագութիւն արէք։

8

  Արդ ուրեմն դաշինք դիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագաւորի հետ. Եւ ես քեզ երկու հազար ձի տամ, եթէ դու կարող ես նորանց վերայ հեծնողներ դնել։

9

  Ապա ինչպէ՞ս ես կարող դէմ դնել իմ տիրոջ փոքրիկ ծառաներից մէկ կուսակալին, որ դու կառքերի եւ ձիերի համար Եգիպտոսին ես ապաւինում։

10

  Եւ հիմա արդե՞օք ես առանց Եհովայի եմ եկել այս երկրի վերայ նորան աւերալու համար. Եհովան ինձ ասեց. Գնա այն երկրի վերայ եւ նորան աւերիր։

11

  Եւ Եղիակիմն ու Սեբնան եւ Յովաքն ասեցին Ռաբսակին. Խնդրում ենք ծառաներիդ հետ Ասորերէն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք, եւ մեզ հետ Եբրայեցերէն մի խօսիր պարսպի վերայ եղող ժողովրդի ականջի առաջին։

12

  Եւ Ռաբսակն ասեց. Մի՞թէ քո տիրոջ եւ քեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը այս խօսքերը խօսելու. Չէ՞ որ այս մարդկանց համար, որոնք պարսպի վերայ նստած են ձեզ հետ որ իրանց աղբն են ուտելու եւ իրանց մէզը խմելու։

13

  Եւ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց Եբրայեցերէն եւ ասեց. Լսեցէք մեծ թագաւորի՝ Ասորեստանի թագաւորի խօսքը.

14

  Թագաւորը այսպէս է ասում. Եզեկիան ձեզ չխաբէ, որովհետեւ նա կարող չէ ձեզ ազատել։

15

  Եւ Եզեկիան ձեզ Եհովային չյուսացնէ ասելով. Եհովան մեզ անպատճառ ազատելու է, եւ այս քաղաքը պիտի չտրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։

16

  Եզեկիային մի լսէք, որովհետեւ Ասորեստանի թագաւորը այսպէս է ասում. Ինձ հետ հաշտութիւն արէք, եւ դուրս եկէք ինձ մօտ, եւ ամեն մարդ իր որթիցը եւ ամեն մարդ իր թզենուցն ուտէ, եւ ամեն մարդ իր ջրհորի ջրիցը խմէ։

17

  Մինչեւ որ եսգամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պէս մի երկիր՝ ցորենի ու գինիի երկիր, հացի ու այգիների երկիր։

18

  Միգուցէ Եզեկիան ձեզ խաբէ ասելով թէ Եհովան մեզ ազատելու է։ Մի՞թէ փրկեցին այն ազգերի աստուածները՝ ամեն մէկն իր երկիրը Ասորեստանի թագաւորի ձեռքիցը։

19

  Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները. ո՞ւր են Սեփարուիմի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից։

20

  Ո՞րն է այս երկիրների բոլոր աստուածներիցը, որ ազատած լինեն իրանց երկիրը իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղէմն ազատէր իմ ձեռքից։

21

  Եւ նորանք լռեցին եւ պատասխան չտուին. որովհետեւ թագաւորը հրաման էր արել ասելով. Նորան չպատասխանէք։

22

  Եւ Քեղկիայի որդի Եղիակիմը պալատի վերակացուն եւ Սեբնա ատենադպիրը եւ Ասափի որդի Յովաքը յիշատակաց դպիրը գնացին իրանց հանդերձները պատառելով Եզեկիայի մօտ եւ նորան պատմեցին Ռաբսակի խօսքերը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896