A A A A A
Submit Image
Հայ Աստվածաշունչ Ararat

Եսայիա 34



1

  Մօտեցէք, ով ազգեր, որ լսէք, եւ ով ժողովուրդներ, որ ուշ դնէք. Լսիր, ով երկիր եւ նորա լրութիւնը, ով աշխարհք եւ նորա վերայ բոլոր ծնուողները։

2

  Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը բոլոր ազգերի վերայ է, եւ սրտմտութիւնը՝ նորանց բոլոր զօրքերի վերայ։ Նա նորանց նզովել է՝ սպանման է մատնել։

3

  Եւ նորանց սպանուածները դէն են գցվում, եւ նորանց դիակներիցը գարշահոտութիւն է բարձրանում, եւ սարերը հալվում են նորանց արիւնիցը։

4

  Եւ հալուելու են երկնքի բոլոր զօրքերը, եւ պիտի գալարուի երկինքը մագաղաթի պէս, եւ նորա բոլոր զօրքերը պիտի վայր ընկնեն, ինչպէս որ տերեւը թափվում է որթիցը, եւ ինչպէս որ թզենին տերեւաթափ է լինում։

5

  Որովհետեւ իմ սուրն արբել է երկնքումը. Ահա նա իջնում է Եդովմի վերայ, եւ իմ նզոված ժողովրդի վերայ դատաստանի համար։

6

  Տիրոջ սուրը լիքն է արիւնով, իւղոտուած է ճարպով, գառների ու նոխազների արիւնովը, խոյերի երիկամունքների ճարպովը. Որովհետեւ Տիրոջ համար զոհ կայ Բօսրայումը, եւ մեծ մորթուածք՝ Եդովմի երկրումը։

7

  Եւ նորանց հետ պիտի իջնեն գոմէշները, եւ զուարակները ցուլերի հետ. Եւ նորանց երկիրը պիտի արբենայ արիւնով, եւ նորանց հողը ճարպով պարարտանայ։

8

  Որովհետեւ վրէժխնդրութեան օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիօնի վէճի համար։

9

  Եւ նորա գետերը պիտի ձիւթի փոխուին, եւ նորա հողը՝ ծծումբի, եւ նորա երկիրը վառուած ձիւթ պիտի լինի։

10

  Գիշեր ու ցերեկ պիտի չհանգչի, յաւիտեան պիտի վեր ելնէ նորա ծուխը, եւ դարէ ցդար աւերակ պիտի մնայ, յաւիտեանս յաւիտենից նորանով անցնող պիտի չլինի։

11

  Եւ նորան պիտի հաւալուսներն ու ոզնիները ժառանգեն, եւ քաջահաւն ու ագռաւը պիտի բնակուեն նորանում, եւ նորա վերայ պիտի քաշուի դատարկութեան լարը, եւ ունայնութեան քարերը։

12

  Նորա ազնուականներին թագաւորութեան պիտի կանչեն, բայց այնտեղ մէկն էլ պիտի չգտնուի. Եւ նորա բոլոր իշխանները պիտի ոչնչանան։

13

  Եւ նորա պալատների վերայ պիտի բուսնեն փուշեր, եւ եղինճ ու ցախ՝ նորա պարիսպների վերայ. Եւ պիտի լինի չագալների բնակարան եւ ջայլամների գաւիթ։

14

  Եւ վայրենի կատուները պիտի հանդիպեն բորենիներին, եւ մի այծամարդ միւսին պիտի պատահէ, եւ գիշերային ճիւաղները այնտեղ պիտի հանգստանան, եւ այնտեղ իրանց համար հանգիստ պիտի գտնեն։

15

  Այնտեղ բոյն պիտի շինէ նետ օձը, եւ ձու ածէ, եւ ճուտեր հանէ, եւ իր հովանումը պիտի խնամէ. Նաեւ այնտեղ պիտի հաւաքուեն ուրուրները ամեն մէկն իր ընկերի հետ։

16

  Որոնեցէք Տիրոջ գրքումը եւ կարդացէք, սորանցից մէկ հատը չի պակասուիլ, մէկի մօտ իր ընկերը պակաս չի լինիլ, որովհետեւ նորա բերանն է հրամայել. Եւ նորա հոգին ինքն է ժողովելու նորանց։

17

  Եւ նա ինքը նորանց վերայ վիճակ է գցել. Եւ նորա ձեռքը նորանց բաժանել է լարով. Յաւիտեան պիտի ժառանգեն նորան. Դարէ ցդար պիտի բնակուեն նորանում։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896