A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եսայիա 32



1

  Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու։

2

  Եւ ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում։

3

  Եւ տեսնողների աչքերը պիտի չշլանան, եւ լսողների ականջները ուշադիր են լինելու։

4

  Եւ վռազողների սիրտը կհասկանայ գիտենալ, եւ թոթովախօսների լեզուն կշտապէ պայծառ խօսել։

5

  Այլ եւս չեն կոչիլ տխմարին ազնուաբարոյ, եւ նենգամիտին չեն ասիլ՝ Վսեմաշուք։

6

  Որովհետեւ տխմարը տխմարութիւն կխօսի, եւ նորա սիրտը անօրէնութիւն կգործէ. Որ կեղծաւորութիւն անէ եւ Տիրոջ մասին ծռութիւններ խօսի, որ սովածի հոգին զրկէ հացից, եւ ծարաւի խմելիքը պակասեցնէ։

7

  Եւ նենգամիտի հնարքները չար են, նա նենգութիւններ է մտածում, որ աղքատներին կորցնէ սուտ խօսքերով, թէեւ տնանկը իրաւունքով էլ խօսի։

8

  Իսկ ազնուաբարոյ մարդը ազնիւ բաներ է խորհում. Եւ ազնիւ բաների վերայ կկանգնէ։

9

  Ով վստահալից կանայք, վեր կացէք, ձայնս լսեցէք. Ով ապահով աղջկերք, իմ խօսքին ականջ դրէք։

10

  Օրեր կան տարուայ համար, որ՝՝ պիտի դողաք, ով ապահովներ. Որ այգեկութը փչացել է, եւ հունձքի ժամանակ չէ գալու։

11

  Ով վստահալիցներ, դողացէք, սարսեցէք, ով ապահովներ, հանուեցէք ու մերկացէք, մէջքերնիդ քուրձ կապեցէք։

12

  Սգալով խփում են կուրծքերին ցանկալի արտերի, պտղաբեր որթի համար։

13

  Իմ ժողովրդի երկրի վերայ փուշ՝ ցախ պիտի բուսնէ. Նոյն իսկ ամեն ուրախութեան տան վերայ զուարճալի քաղաքումը։

14

  Որովհետեւ պալատը թողուած է, քաղաքի աղմուկը՝ ձգուած, Օփէլ ու աշտարակը յաւիտեան քարայրների տեղ պիտի լինեն ցիռերի զուարճութեան՝ խաշինքների արօտ լինելու համար։

15

  Մինչեւ որ մեզ վերայ հոգի թափուի վերեւից, եւ անապատը պտղաբեր արտ դառնայ, եւ պտղաբեր արտը անտառ համարուի։

16

  Եւ անապատումը կբնակուէ իրաւունքը, եւ արդարութիւնը պտղաբեր արտումը կնստի։

17

  Եւ արդարութեան գործը կլինի խաղաղութիւն, եւ արդարութեան արդիւնքը հանգիստ ու ապահովութիւն յաւիտեան։

18

  Եւ իմ ժողովուրդը կբնակուէ խաղաղաւէտ բնակարանում, եւ ապահով վրաններում եւ անդորր հանգչարաններում։

19

  Բայց կարկուտ է իջնելու անտառի վերայ, եւ խիստ ցած ցածանալու է քաղաքը։

20

  Երանի՜ ձեզ որ ցանում էք ամեն ջրերի մօտ, որ ազատ արձակում էք եզան եւ էշի ոտքերը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896