A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եսայիա 14



1

  Որովհետեւ Տէրը ողորմելու է Յակոբին, եւ միւսանգամ ընտրելու է Իսրայէլին, եւ նորանց հանգստացնելու է իրանց երկրի վերայ, եւ օտարազգիք պիտի յարեն նորանց եւ միանան Յակոբի տան հետ։

2

  Եւ ժողովուրդներն առնելու են նորանց եւ տանելու են իրանց տեղը. Եւ Իսրայէլի տունը պիտի ժառանգէ նորանց Տիրոջ հողի վերայ. Իբրեւ ծառաներ եւ աղախիններ, եւ նորանք գերի պիտի անեն իրանց գերեվարներին, եւ տիրեն իրանց վերայ բռնացողներին։

3

  Եւ լինելու է, որ երբ Տէրը քեզ կհանգստացնէ քո աշխատութիւնիցը, քո տանջանքիցը, եւ այն ծանր ծառայութիւնիցը, որով դու ծառայ էիր եղած,

4

  Այն ժամանակ այս առակը խօսես Բաբիլոնի թագաւորի մասին եւ ասես. Ի՜նչպէս է դադարել բռնաւորը, դադարե՜ց տանջարանը։

5

  Տէրը կոտրել է ամբարիշտների գաւազանը, իշխանաւորների մահակը.

6

  Որ սրտմտութեամբ զարկում էր ազգերին անդադար հարուածներով, որ բռնանում էր բարկութեամբ ժողովուրդների վերայ անզուսպ հալածանքով։

7

  Հանգստացել հանդարտել է բոլոր երկիրը. Նորանք գոչում են ցնծութեամբ։

8

  Մայրերն էլ են ուրախանում քեզ համար եւ Լիբանանի եղեւիններն էլ. Քանի որ դու պառկել ես՝ փայտ կտրողը վեր չէ եկել մեզ վերայ։

9

  Դժոխքը տակիցը դղրդաց քեզ համար քո գալուստը դիմաւորելու. Նա քրքրեց քեզ համար ուրուականներին՝ երկրի բոլոր իշխաններին, վեր կանգնեցրեց իրանց աթոռներիցը ազգերի բոլոր թագաւորներին։

10

  նորանք ամենքը քեզ պատասխանում են եւ ասում. Դո՞ւ էլ տկարացար մեզ նման, մեզ նման եղա՞ր։

11

  Դժոխքն իջաւ քո փառքը՝ քո տաւիղների հնչմունքները. Տակիդ տարածուած են ճճիներ, եւ քո ծածկոցը որդերն են։

12

  Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։

13

  Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։

14

  Վեր կելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կնմանուեմ։

15

  Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։

16

  Քեզ տեսնողները հիանալու են քեզ վերայ եւ դնդղելու. Այն մարդը սա՞ է, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում էր թագաւորութիւնները.

17

  Աշխարքս անապա՞տ էր դարձնում, եւ նորա քաղաքները աւերա՞կ էր անում. Եւ նորա գերիներին չէ՞ր արձակում տուն գնալու։

18

  Բոլոր ազգերի թագաւորները, ամենքը պառկած են փառքով իրանց տներումը։

19

  Բայց դու տարագրուեցար քո գերեզմանիցը գարշելի ընձիւղի պէս, հագնուած՝ սրով խոցուած մեռելներով, որ իջնում են գուբի քարերի մօտ ոտնահար դիակի պէս։

20

  Դու թաղումով չմիացար նորանց հետ, որովհետեւ դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովուրդը. չարերի սերունդը պիտի չյիշուի յաւիտեան։

21

  Նորա որդկանց համար կոտորում պատրաստեցէք իրանց հայրերի անօրէնութեան համար. Որ վեր չկենան եւ երկիրը ժառանգեն, եւ աշխարհի երեսը լցնեն քաղաքներով։

22

  Եւ ես վեր եմ կենալու նորանց դէմ, ասում է Զօրաց Տէրը, եւ բնաջինջ եմ անելու Բաբիլոնի անունն ու մնացորդը, եւ զաւակն ու սերունդը, ասում է Տէրը։

23

  Եւ նորան շինելու եմ ոզնիների ժառանգութիւն եւ ջրերի լճակներ. Եւ նորան աւելելու է կորստեան աւելով, ասում է Զօրաց Տէրը։

24

  Զօրաց Տէրը երդում է արել եւ ասել. Անշուշտ ինչպէս որ խորհել եմ՝ այնպէս կլինի, եւ ինչպէս որ որոշել եմ՝ նա կկատարուի.

25

  Որ Ասորեստանցիին կոտրեմ իմ երկրումը, եւ իմ սարերի վերայ ոտնակոխ եմ անելու նորան, եւ կհեռանայ նորանց վերայից նորա լուծը, եւ նորա բեռը կհեռանայ նորանց ուսիցը։

26

  Սա է այն որոշումը, որ որոշուել է բոլոր երկրի համար, եւ սա է այն ձեռքը, որ մեկնուած է բոլոր ազգերի վերայ։

27

  Որովհետեւ Զօրաց Տէրը որոշեց, եւ ո՞վ կարող է արգելել, եւ նորա ձեռքը մեկնուած է. Եւ ո՞վ կարող է նորան ետ դարձնել։

28

  Աքազ թագաւորի մեռած տարին եղաւ այս պատգամը։

29

  Մի ուրախանար բոլորովին, ով Փղշտացիների երկիր, որ քեզ զարկողի գաւազանը կոտրուեցաւ. Որովհետեւ օձի արմատիցը քարբ է դուրս գալու, եւ նորա պտուղը թռչող վիշապ է լինելու։

30

  Եւ կերակրուելու են աղքատների անդրանիկները, եւ չքաւորները ապահով պիտի պառկեն, եւ ես քո արմատը պիտի սովով մեռցնեմ. Եւ նա պիտի սպանէ քո մնացորդը։

31

  Ողբա, ով դուռ. Աղղակիր, ով քաղաք. Հալումաշ պիտի լինիս դու բոլորովին, ով Փղշտացիների երկիր։ Որովհետեւ հիւսիսից մի ծուխ է գալիս, եւ բաժանուողը չկայ նորա խումբերումը։

32

  Եւ ի՞նչ կպատասխանեն ազգերի պատգամաւորները, որ Տէրը հաստատեց Սիօնի հիմունքը, եւ նորա ժողովրդի խեղճերը այնտեղ պիտի ապաստանուին։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896