A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եսայիա 13

1

  Բաբիլոնի պատգամը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան։

2

  Դաշտացած սարի վերայ դրօշակ տնկեցէք, ձայն բարձրացրէք դէպի նորանց, ձեռք երերացրէք, որ իշխանները գան դռները։

3

  Ես եմ իմ սրբեալներին պատուիրել, իմ զօրաւորներին էլ կանչել եմ իմ բարկութեան համար՝ իմ վեհափառութիւնովը խրոխտացողներին։

4

  Բազմութեան ձայն կայ սարերի վերայ մեծ ժողովրդի նմանութիւնով, ժողովուած ազգերի թագաւորութիւնների աղմուկի ձայնը. Զօրաց Տէրը հանդէս է անում պատերազմի զօրքին,

5

  որ եկել են հեռու երկրից՝ երկնքի ծայրիցը. Տէրը եւ նորա բարկութեան գործիքները՝ բոլոր երկիրը աւերելու համար։

6

  Ողբացէք, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը, իբրեւ զօրաւոր աւերում գալիս է Ամենազօրաւորիցը։

7

  Նորա համար թուլացել են ամեն ձեռքերը, եւ ամեն մարդի սիրտը հալվում է։

8

  Սոսկում են, անձկութիւններ եւ ցաւեր են բռնում նորանց, ծննդականի պէս երկունք են քաշում, ամեն մարդ ապշած է մնում դէպի իր ընկերը, բոցավառ երեսներ են նորանց երեսները։

9

  Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթութիւն, ցասումն եւ բարկութեան բորբոքումն. որ երկիրն աւերակ անէ, եւ նորա մեղաւորներին բնաջինջ անէ նորանից։

10

  Որովհետեւ երկնքի աստղերը եւ նորա աստեղատները իրանց լոյսը չեն տալու. արեգակը դուրս գալիս խաւար է լինելու, եւ լուսինը չի ցոլացնելու իր լոյսը։

11

  Եւ ես պիտի պատժեմ աշխարհքը չարութեան համար, եւ ամբարիշտներին՝ իրանց անօրէնութեան համար, եւ պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտաւանութիւնը, եւ բռնաւորների գոռոզութիւնը պիտի ցածացնեմ։

12

  Ես մարդին մաքուր ոսկիից աւելի պատուական պիտի անեմ եւ հողեղէնին՝ Ոփիրի գանձիցը։

13

  Սորա համար սարսեցնելու եմ երկինքը, եւ երկիրը սասանելու է իր տեղիցը. Զօրաց Տիրոջ բարկութիւնովը եւ նորա բորբոքեալ բարկութեան օրը։

14

  Եւ պիտի լինի ինչպէս մի հալածուած այծեամն, եւ ինչպէս ոչխարներ, որոնք հաւաքող չունին, ամեն մարդ իր ժողովրդին է դառնալու, ամեն մարդ փախչելու է իր երկիրը։

15

  Ամեն ով որ գտնուի՝ պիտի խոցուի, եւ ամեն ով որ բռնուի՝ սրով պիտի ընկնի։

16

  Եւ նորանց մանուկները պիտի ջարդուին իրանց աչքի առաջին, նորանց տները պիտի կողոպտուին եւ նորանց կանայքը պիտի պղծուին։

17

  Ահա ես վեր կկացնեմ նորանց վերայ Մարաց ազգը, որոնք արծաթը մի բան չեն համարում, եւ ոսկիին չեն հաւանում։

18

  Եւ աղեղները երիտասարդներին են խոցում, եւ որովայնի պտուղին չեն ողորմում, եւ երեխաներին չէ խնայում նորանց աչքը։

19

  Եւ Բաբիլոնը՝ թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորութեան պարծանքը պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս։

20

  Նա երբէք չէ շէնանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. եւ Արաբացին այնտեղ պիտի չկանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չնստեցնեն իրանց խաշինքը.

21

  Այլ այնտեղ վայրի գազաններ են մակաղ տալու. եւ բուերն են լցնելու նորանց տները, եւ այնտեղ ջայլամներն են բնակուելու, եւ յուշկապարիկներն են այնտեղ պար գալու։

22

  Եւ չագալներն են ոռնալու նորա պալատներումը, եւ վայրի շները նորա զբօսանքի տներումը, եւ մօտ է, որ գայ նորա ժամանակը, եւ նորա օրերը չեն ուշանալու։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896