A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ժողովողներ 7



1

  Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. Եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը։

2

  Լաւ է գնալ սուգի տունը, քան թէ գնալ խնջոյքի տունը, որովհետեւ մահը ամեն մարդի վերջն է. Եւ ապրողը կպահէ այդ իր սրտումը։

3

  Լաւ է տրտմութիւնը քան թէ ուրախանալը, որովհետեւ երեսը տխրելիս սիրտը կուրախանայ։

4

  Իմաստունների սիրտը սուգի տանն է, բայց յիմարների սիրտը՝ ուրախութեան տանը։

5

  Լաւ է լսել իմաստունների կշտամբումը, քան թէ յիմարների երգը։

6

  Որովհետեւ ինչպէս որ փուշերի ձայնն է կաթսայի տակին, այնպէս է յիմարի ծիծաղելը. Սա էլ է ունայն։

7

  Որովհետեւ բռնութիւնը կյիմարացնէ իմաստունին, եւ պարգեւը փչացնում է սիրտը։

8

  Մի բանի վախճանը լաւ է նորա սկզբիցը. լաւ է երկայնամիտը բարձրամիտ մարդիցը։

9

  Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում։

10

  Մի ասիր թէ Ի՞նչ է որ առաջի օրերը սորանից լաւ էին, որովհետեւ իմաստութիւնից չես հարցնում այս բանը։

11

  Իմաստութիւնը լաւ է ժառանգութեան հետ, եւ շահաւէտ է արեգակը տեսնողների համար։

12

  Որովհետեւ իմաստութեան հովանիի տակ ու արծաթի հովանիի տակ՝ մէկ է. Բայց գիտութեան շահը սա է, որ իմաստութիւնը կապրեցնէ իր տիրոջը։

13

  Տես Աստուծոյ գործքը, որովհետեւ ո՞վ կարող է ուղղել նորա ծռածը։

14

  Լաւ օրը լաւութեամբ անցկացրու, եւ վատ օրը զգուշութիւն արա. Սորան էլ Աստուած նորա կշտին ստեղծեց, որ մարդս իրանից յետոյ մի բան չգտնէ։

15

  Բոլորը տեսայ իմ ունայնութեան օրերումը. արդար կայ որ կորչում է իր արդարութեան մէջ. Եւ ամբարիշտ էլ կայ, որ երկարացնում է կեանքը իր ամբարշտութեան մէջ։

16

  Խիստ շատ արդար մի լինիր. Եւ քեզ չափազանց իմաստուն մի կարծիր. Ի՞նչու համար քեզ կորցնես։

17

  Խիստ ամբարիշտ մի լինիր, եւ յիմար մի լինիր. ի՞նչու համար տարաժամ մեռնես։

18

  Լաւ է որ մէկին բռնես եւ միւսիցն էլ ձեռքդ չքաշես, որովհետեւ Աստուածանից վախեցողը ամենը կկատարէ։

19

  Իմաստութիւնն աւելի ոյժ կտայ իմաստունին, քան թէ տասը իշխաններ, որ այն քաղաքումը լինին։

20

  Իրաւ որ երկրի վերայ արդար մարդ չկայ, որ բարի գործէ եւ չմեղանչէ։

21

  Ամեն խօսած խօսքերի էլ սիրտդ մի տար, որ չլսես ծառադ քեզ անիծելիս։

22

  Որովհետեւ քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին։

23

  Այս ամենը փորձեցի իմաստութիւնով, ասեցի թէ Ես իմաստուն դառնամ, բայց նա ինձանից հեռու էր։

24

  Հեռու է այն ինչ որ եղել է. Եւ խորը՝ խոր. Ո՞վ կարող է հասնել նորան։

25

  Ես իմ սրտովը շուռ տուի, որ գիտենամ եւ քննեմ եւ որոնեմ իմաստութիւն եւ հանճար. Եւ գիտենամ թէ յիմարութիւնը չարութիւն է, եւ անմտութիւնը՝ գիժութիւն։

26

  Եւ ես գտայ մահից աւելի դառն այն կինը, որի սիրտը ցանցեր եւ ուռկաններ են, եւ որի ձեռքերը՝ կապանքներ։ Աստուծոյ առաջին հաճելի եղողը կազատուի նորանից, իսկ մեղաւորը կբռնուի նորա մէջ։

27

  Ահա գտել եմ այս բանը, ասում է Ժողովողը, մէկ մէկ պէտք է համարել հաշիւը գտնելու համար։

28

  Որ հոգիս տակաւին որոնում է, եւ ես չեմ գտել. մէկ մարդ եմ գտել հազարիցը, բայց սորանց ամենի մէջ մի կին չգտայ։

29

  Սակայն ահա սա գտել եմ, որ Աստուած մարդիս ուղիղ է ստեղծել, բայց նորանք շատ հնարքներ են որոնել։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896