A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Առակներ 5

1

  Որդեակս, մտիկ տուր իմ իմաստութեանը, եւ ականջ դիր իմ հանճարին,

2

  Որ խոհեմութիւն պահես, եւ քո շրթունքները գիտութիւն պահեն։

3

  Որովհետեւ օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը իւղից կակուղ է.

4

  Բայց նորա վախճանը դառն է օշինդրի պէս, սուր է երկսայրի սուրի պէս։

5

  Նորա ոտները իջնում են մահը, դժոխքին են հասնում նորա քայլերը։

6

  Կեանքի ճանապարհովը նա բնաւ չի գնալ, նորա ճանապարհները փոփոխական են. Դու չգիտես։

7

  Եւ հիմա, որդեակք, ինձ լսեցէք, եւ մի հեռանաք իմ բերանի խօսքերիցը։

8

  Այն կնկանից հեռու պահիր քո ճանապարհը, եւ չմօտենաս նորա տան դռանը.

9

  Որ մի գուցէ քո փառքն ուրիշներին տաս, եւ քո տարիներն անողորմին։

10

  Որ մի գուցէ օտարները կշտանան քո զօրութիւնիցը, եւ քո վաստակը օտարի տունը գնայ.

11

  Եւ դու քո վերջումը հառաչես, երբոր միսդ ու մարմինդ կմաշուին.

12

  Եւ ասես. Ի՜նչպէս ես խրատը ատեցի, եւ սիրտս անարգեց յամդիմանութիւնը.

13

  Եւ չլսեցի ինձ խրատողի ձայնը, եւ իմ ականջները չտուի իմ ուսուցիչներին։

14

  Քիչ է մնացել որ ամեն մի չարութեան մէջ լինիմ, ժողովքի եւ ժողովրդի մէջ լինելովս։

15

  Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր, եւ քո ջրհորի միջիցը հոսող ջուրերը։

16

  Քո աղբիւրները տարածուին դրսումը, հրապարակներումը՝ ջրերի վտակները։

17

  Մինակ քոնը լինին, եւ ոչ թէ օտարներինը եւ քոնը։

18

  Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ.

19

  Նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս։

20

  Եւ ի՞նչու համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես։

21

  Որովհետեւ Տիրոջ աչքի առաջին են մարդիս ճանապարհները, եւ նա ուղղում է նորա բոլոր շաւիղները։

22

  Չարագործին պիտի բռնեն նորա անօրէնութիւնները, եւ նա պիտի բռնուի իր մեղքի չուաններովը։

23

  Նա պիտի մեռնի առանց խրատի, եւ պիտի մոլորուի իր յիմարութեան շատութիւնովը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896