A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Առակներ 27



1

  Մի պարծենար վաղուայ օրովը. Որովհետեւ չգիտես թէ օրը ինչ կծնէ։

2

  Թող քեզ ուրիշը գովէ, եւ ոչ թէ քո բերանը, օտարը՝ եւ ոչ թէ քո շրթունքները։

3

  Ծանր է քարը եւ բեռ ունի աւազը, բայց յիմարի բարկութիւնը երկուսիցն էլ ծանր է։

4

  Բարկութիւնը անգութ է եւ ցասումը հեղեղասաստ. Բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջին։

5

  Լաւ է յայտնի յանդիմանութիւնը, քան թէ ծածուկ սէրը։

6

  Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը. Բայց առատ են ատողի համբոյրները։

7

  Կուշտ անձը կոխ է տալիս մեղրախորիսխը, բայց սոված անձի համար ամեն լեղի բանը քաղցր է։

8

  Ինչպէս որ իր բոյնիցն թափառական եղած թռչունն է, այնպէս է իր տեղիցը թափառական եղող մարդը։

9

  Իւղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նաեւ ընկերի քաղցր խօսքը մտերիմ խրատով։

10

  Քո բարեկամին եւ հօրդ բարեկամին մի ձգիր, եւ եղբօրդ տունը մի գնար քո նեղութեան օրը. լաւ է մօտիկ հարեւանը քան թէ հեռու եղբայրը։

11

  Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին։

12

  Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում՝ վնասվում։

13

  Առ նորա հանդերձը որ երաշխաւոր է դառել օտարին, եւ գրաւ պահիր նորան օտարի փոխարէն։

14

  Ով որ առաւօտանց կանուխ իր դրացիին բարձր ձայնով օրհնէ, սա նորա համար անէծք կհամարուի։

15

  Անդադար ծլծլոցը, անձրեւոտ օրը եւ կռուասէր կինը, իրար նման են։

16

  Ով որ նորան ծածկէ՝ քամի է ծածկում, եւ նորա աջ ձեռքի իւղը ձայն կտայ։

17

  Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը։

18

  Թզենին պահողը կուտէ նորա պտուղը, եւ իր տիրոջ պահպանողը կպատվուի։

19

  Ինչպէս ջրումը երեսն է երեսի դէմ. Այնպէս է սրտի մէջ մարդս մարդի դէմ։

20

  Դժոխքը եւ կորուստը չեն կշտանալ, նոյնպէս չեն կշտանալ եւ մարդիս աչքերը։

21

  Հալոցը արծաթն է փորձում, եւ քուրան ոսկին, նոյնպէս էլ մարդս՝ իրան գովասանող բերանը թող փորձէ։

22

  Եթէ յիմարին թակովը ծեծես կորկոտի հետ սանդի մէջ, նորա յիմարութիւնը նորանից չի հեռանալ։

23

  Լաւ հոգ տար քո ոչխարներին, ուշ դարձրու քո հօտերին։

24

  Որովհետեւ հարստութիւնը մշտնջենաւոր չէ. Եւ թագը տեւո՞ղ է դարէ ցդար։

25

  Կանաչը կբուսնի եւ խոտը կերեւայ, եւ կժողովուին սարերի խոտերը.

26

  Գառները հագուստիդ համար են, եւ դաշտի գինն են նոխազները։

27

  Եւ բաւական այծի կաթ կլինի քեզ կերակրելու եւ տունդ կերակրելու համար, նոյնպէս եւ ապրուստ քո աղախինների համար։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896