A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Առակներ 19



1

  Լաւ է իր ուղղութիւնով գնացող աղքատը, քան թէ նենգաւոր շրթունք ունեցողը որ նաեւ յիմար է։

2

  Առանց գիտութեան հոգին էլ չէ լաւ, եւ ոտքերովը շտապողը կսահի։

3

  Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ։

4

  Ստացուածքը շատ բարեկամներ կաւելացնէ, բայց աղքատը կբաժանուի իր ընկերիցը։

5

  Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը չի պրծնիլ։

6

  Շատերն են խնդրում իշխանի երեսը, եւ ամենը բարեկամ են ընծայ տուողին։

7

  Աղքատի բոլոր եղբայրները զզվում են նորանից, ո՞ւր մնաց որ նորանից չհեռանան նորա բարեկամները. Նա վազում է խօսքերի ետեւից որ ոչինչ են։

8

  Խելք աշխատողը իր հոգին սիրում, խոհեմութիւնը պահողը բարիք կգտնէ։

9

  Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը կկորչի։

10

  Յիմարին չի վայելիլ փափկութիւն, ո՞ւր մնաց մի ծառայի՝ իշխանների վերայ իշխել։

11

  Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կանէ, եւ նորա փառքը յանցանք ներելն է։

12

  Առիւծի մռնչիւնին է նման թագաւորի բարկութիւնը, իսկ նորա հաճութիւնը խոտի վերայի ցօղին պէս է։

13

  Անմիտ տղան տրտմութիւն է իր հօր համար, եւ կնոջ վէճերը շաունակուող կաթկաթոց է։

14

  Տունը եւ ստացուածքը ժառանգութիւն է հայրերից, բայց իմաստուն կինը՝ Տէրիցն է։

15

  Ծուլութիւնը կգցէ մրափի մէջ. Եւ թոյլ անձը կսովածանայ։

16

  Պատուիրանքը պահողն իր հոգին է պահում. Նորա ճանապարհները անարգողը կմեռնի։

17

  Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կհատուցանէ նորա վարձը։

18

  Խրատիր որդիիդ քանի որ յայս կայ, եւ ուշդ մի դարձնիր նորա աղաղակին։

19

  Շատ բարկասիրտը վնաս կկրէ, որովհետեւ եթէ ազատես, էլի պիտի շարունակես։

20

  Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ յետի ժամանակումդ իմաստուն լինես։

21

  Շատ դիտաւորութիւններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կմնայ հաստատ։

22

  Մարդիս զուարճանքն իր ողորմածութիւնն է, եւ աղքատը լաւ է ստախօս մարդիցը։

23

  Տիրոջ երկիւղը դէպի կեանք է տանում. Եւ մարդս նորանով կուշտ կպառկէ առանց չարիքի հանդիպելու։

24

  Ծոյլը իր ձեռքը կկոխէ ամանի մէջը, բայց դէպի բերանն էլ չի դարձնիլ։

25

  Ծաղր անողին ծեծիր, եւ միամիտը կխոհեմանայ. Եւ եթէ բանիմացին յանդիմանես՝ նա գիտութիւն կսովորէ։

26

  Հօրը կողոպտողը ու մօրը դուրս անողը ամօթ եւ խայտառակութիւն բերող տղայ է։

27

  Ձգիր, որդեակս, այն խրատը լսելը, որ քեզ կմոլորեցնէ գիտութեան խօսքերիցը։

28

  Անպիտան վկան ծաղրում է արդարութիւնը, եւ ամբարիշտների բերանը անիրաւութիւն կուլ կտայ։

29

  Պատրաստ են ծաղր անողների համար դատաստաններ, եւ ծեծեր՝ յիմարների մէջքի համար։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896