A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Առակներ 1



1

  Իսրայէլի թագաւոր՝ Դաւիթի որդի Սողոմոնի առակները։

2

  Իմաստութիւն եւ խրատ գիտենալու համար, հանճարի խօսքերը հասկանալու համար.

3

  Իմաստութեան խրատն ընդունելու համար, այսինքն արդարութիւն, իրաւունք եւ ուղղութիւն.

4

  Պարզամիտներին խորագիտութիւն տալու համար, երիտասարդին՝ գիտութիւն եւ խորհրդածութիւն.

5

  Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ,

6

  Որ հասկանայ առակ եւ այլաբանութիւն, իմաստունների խօսքերը եւ խրթնաբանութիւնները։

7

  Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է. Միայն յիմարները կանարգեն իմաստութիւնը եւ խրատը։

8

  Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը։

9

  Որովհետեւ դորանք շնորհքի պսակ են քո գլխին, եւ մանեակներ՝ քո պարանոցին։

10

  Որդեակս, եթէ քեզ հրապուրեն մեղաւորները, դու հաճութիւն չտաս։

11

  Եթէ քեզ ասեն. Եկ մեզ հետ՝ արեան դարանամուտ լինենք, թաք կենանք անմեղի դէմ զուր տեղը.

12

  Դժոխքի պէս նորանց ողջ ողջ կուլ տանք, եւ ամբողջ ամբողջ՝ գուբն իջնողներին պէս.

13

  Ամեն տեսակ պատուական ստացուածք գտնենք, լցնենք մեր տները աւարով.

14

  Վիճակդ գցիր մեր մէջը, մեր ամենի քսակը մէկ լինի.

15

  Որդեակս, նորանց հետ ճանապարհ մի գնար. ոտքդ ետ պահիր նորանց շաւիղներիցը.

16

  Որովհետեւ նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են արիւն թափելու։

17

  Նորա համար որ ի զուր է վարմի տարածուիլը ամեն որեւիցէ թեւաւորի աչքի առաջին.

18

  Բայց նորանք դարանամուտ են լինում իրանց արեանը, թագչվում են իրանց անձերի համար։

19

  Այսպէս են ամեն արծաթասիրութեան մոլի մարդի շաւիղները. Որ առնում է իրան անձնատուր եղողին հոգին։

20

  Իմաստութիւնը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը։

21

  Նա կանչում է աղմկալից տեղերի գլխին, դռների մուտքերումը, եւ քաղաքումը խօսում է իր խօսքերը։

22

  Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը։

23

  Ետ դարձէք դէպի իմ յանդիմանութիւնը. Ահա ես իմ հոգին կթափեմ ձեզ վերայ, իմ խօսքերը կհասկացնեմ ձեզ։

24

  Որովհետեւ ես կանչեցի, եւ դուք չուզեցիք. Ձեռքս մեկնեցի, եւ ուշադրող չկար,

25

  Եւ դուք մերժեցիք իմ բոլոր խորհուրդը, եւ իմ յանդիմանութիւնը չուզեցիք.

26

  Ես էլ կծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կանեմ ձեր վախը հասնելիս։

27

  Երբոր ձեր վախը կործանման պէս կգայ, եւ ձեր թշուառութիւնը մրրկի նման կհասնէ, երբոր ձեզ վերայ նեղութիւն եւ տառապանք կգայ.

28

  Այն ժամանակ ինձ կկանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կորոնեն, բայց ինձ չեն գտնիլ.

29

  Որովհետեւ գիտութիւնն ատեցին, եւ Տիրոջ վախը չընտրեցին.

30

  Իմ խորհուրդը չուզեցին, իմ բոլոր յանդիմանութիւնն անարգեցին։

31

  Ուրեմն նորանք իրանց ճանապարհի պտղիցն ուտեն, եւ իրանց խորհուրդներիցը կշտանան։

32

  Որովհետեւ անմիտների խոտորումը նորանց պիտի սպանէ, եւ յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց։

33

  Բայց ինձ լսողը ապահով կբնակուի, եւ հանդարտ կլինի չարիքի վախիցը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896