A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ելից 37

1

  Եւ Բեսելիէլը Սատիմի փայտից շինեց տապանակը. նորա երկայնութիւնը երկու կէս կանգուն՝ եւ նորա լայնութիւնը մէկ ու կէս կանգուն՝ եւ նորա բարձրութիւնը մէկ ու կէս կանգուն։

2

  Եւ մաքուր ոսկով պատեց նորան ներսիցը եւ դրսիցը. եւ նորա շուրջը մի ոսկի շրջանակ շինեց։

3

  Եւ նորա չորս անկիւնների համար չորս ոսկի օղակներ ձուլեց, այսինքն նորա մէկ կողմիցը երկու օղակ՝ եւ միւս կողմիցը երկու օղակ։

4

  Եւ Սատիմի փայտից ձողեր շինեց, եւ ոսկով պատեց նորանց։

5

  Եւ ձողերը տապանակի կողքերին եղած օղակներին անցկացրեց, որ տապանակը նորանցով վեր առնուի։

6

  Եւ շինեց քաւութիւնը մաքուր ոսկուց. նորա երկայնութիւնը երկու ու կէս կանգուն՝ եւ նորա լայնութիւնը մէկ ու կէս կանգուն։

7

  Եւ երկու ոսկի քերովբէներ շինեց. կռածոյ շինեց նորանց քաւութիւնի երկու ծայրերիցը.

8

  Մէկ քերովբէն այս կողմի ծայրիցը՝ եւ միւս քերովբէն միւս կողմի ծայրիցը, քաւութիւնիցը շինեց քերովբէները՝ նորա երկու ծայրերիցը։

9

  Եւ քերովբէները տարածում էին իրանց թեւերը վերեւից իրանց թեւերովը քաւութիւնը ծածկելով եւ նորանց երեսները դէպի իրար էին, քաւութիւնի վերայ էին քերովբէների երեսները։

10

  Եւ շինեց սեղանը Սատիմի փայտից. նորա երկայնութիւնը երկու կանգուն, եւ լայնութիւնը մէկ կանգուն. եւ բարձրութիւնը մէկ ու կէս կանգուն։

11

  Եւ մաքուր ոսկով պատեց նորան եւ նորա շուրջը մի ոսկի շրջանակ շինեց։

12

  Եւ նորան շուրջանակի մի թիզ ոլորտ շինեց, եւ այն ոլորտի շուրջը՝ մի ոսկի շրջանակ։

13

  Եւ չորս օղակ ձուլեց նորա համար, եւ այն օղակները դրաւ այն չորս անկիւններին որ նորա չորս ոտքերի մօտ էին։

14

  Օղակները ոլորտի հետ կցուած էին՝ ձողերի տեղեր՝ սեղանը վեր առնելու համար։

15

  Եւ ձողերը Սատիմի փայտից շինեց. եւ նորանց ոսկով պատեց սեղանը վեր առնելու համար։

16

  Եւ շինեց սեղանի վերայ եղած անօթները, նորա սկուտեղները եւ նորա խնկամանները եւ սկաւառակները եւ բաժակները, որոնցով նուէր է մատուցանվում մաքուր ոսկուց։

17

  Եւ շինեց աշտանակը մաքուր ոսկուց. ճախարակեայ շինեց աշտանակը. նորա բունը եւ նորա ճիւղերը, նորա սկահները, գնդակները եւ ծաղիկները իրանից էին։

18

  Եւ նորա կողերիցը վեց ճիւղեր էին դուրս գալիս. աշտանակի երեք ճիւղը մէկ կողիցը եւ աշտանակի երեք ճիւղը միւս կողիցը.

19

  Մէկ ճիւղի վերայ երեք նշաձեւ սկահ գնդակով եւ ծաղիկով. եւ միւս ճիւղի վերայ երեք նշաձեւ սկահ գնդակով եւ ծաղիկով. այսպէս էին աշտանակիցը դուրս եկած վեց ճիւղերը։

20

  Եւ աշտանակի վերայ չորս նշաձեւ սկահ իր գնդակներովն ու ծաղիկներովը։

21

  Եւ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնդակ եւ միւս երկու ճիւղի տակին իրանից մէկ գնդակ եւ երրորդ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնդակ, այսպէս այն վեց ճիւղերին, որ դուրս էին գալիս նորանից։

22

  Նորանց գնդակներն ու ճիւղերը իրանից էին ամենը ճախարակեայ՝ մէկ կտոր՝ մաքուր ոսկուց։

23

  Եւ նորան եօթը ճրագներն ու ունելիները եւ նորա բազմակալները մաքուր ոսկուց շինեց։

24

  Մէկ տաղանդ մաքուր ոսկուց շինեց նորան եւ նորա բոլոր գործիքները։

25

  Եւ շինեց խունկի սեղանը Սատիմի փայտից. նորա երկայնութիւնը մէկ կանգուն եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն՝ քառակուսի, եւ նորա բարձրութիւնը երկու կանգուն, նորա եղջիւրները իրանից էին։

26

  Եւ մաքուր ոսկով պատեց նորա վերեւը եւ նորա պատերը շուրջանակի եւ նորա եղջիւրները. եւ շուրջանակի մի ոսկի պսակ շինեց նորա համար։

27

  Եւ նորա համար երկու ոսկի օղակներ շինեց նորա պսակի տակից՝ նորա երկու կողքերին երկու կողմերի վերայ, որ նորանցով նորան վեր առնելու համար ձողերի անցկացնելու տեղեր լինին։

28

  Եւ շինեց ձողերը Սատիմի փայտից, եւ ոսկով պատեց նորանց։

29

  Եւ շինեց սուրբ օծման իւղը եւ մաքուր անուշահոտ խունկը իւղագործի արհեստով։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896