A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ելից 2

1

  Եւ Ղեւիի տանից մէկը գնաց, ու Ղեւիի մէկ աղջիկն առաւ։

2

  Եւ կինը յղացաւ, եւ մի որդի ծնեց. եւ տեսաւ որ նա գեղեցիկ էր, երեք ամիս թաքցրեց նորան։

3

  Եւ երբ այլ եւս չկարողացաւ թաքցնել նորան, մի պրտուի տապանակ առաւ նորա համար, եւ կուպրով ու ձիւթով ծեփեց, եւ տղան նորա մէջ դրաւ, եւ դրաւ գետի եզերքում եղած շամբի մէջ։

4

  Եւ նորա քոյրը կանգնեց հեռուանց, որ տեսնէ թէ ինչ կը պատահէ նորան։

5

  Եւ Փարաւօնի աղջիկն իջաւ գետը լուացուելու, եւ նորա աղախինները գետի եզերքին ման էին գալիս. եւ տեսաւ տապանակը շամբի մէջտեղը, եւ իր աղախնին ուղարկեց, որ առաւ նորան։

6

  Եւ նա բացաւ եւ տեսաւ տղան, եւ ահա տղան լաց էր լինում. եւ խղճաց նորա վերայ, եւ ասեց. Սա Եբրայեցի տղաներիցն է։

7

  Յետոյ նորա քոյրն ասեց Փարաւօնի աղջկանը. Գնամ եւ քեզ համար Եբրայեցիներից մի ծիծ տուող կնիկ կանչե՞մ, որ տղային ծիծ տայ քեզ համար։

8

  Եւ Փարաւօնի աղջիկն ասեց նորան. Գնա, եւ աղջիկը գնաց, եւ այն տղայի մօրը կանչեց։

9

  Եւ Փարաւօնի աղջիկն ասեց նորան. Տար այս տղային եւ ծիծ տուր ինձ համար, եւ ես քո վարձքը կտամ. եւ կնիկն առաւ տղային, եւ ծիծ տուաւ նորան։

10

  Եւ տղան մեծացաւ, եւ նա Փարաւօնի աղջկան մօտ բերաւ նորան, եւ նորան որդի եղաւ, նա էլ նորա անունը Մովսէս դրաւ, եւ ասեց. որովհետեւ ջրիցը հանեցի նորան։

11

  Եւ եղաւ այն օրերումը որ Մովսէսը մեծացաւ, եւ դուրս գնաց իր եղբայրների մօտ, եւ նորանց ծանր գործքերը տեսաւ. եւ տեսաւ մի Եգիպտացի, որ իր Եբրայեցի եղբայրներից մէկին ծեծում էր։

12

  Եւ այս կողմ ու այն կողմ մտիկ տուաւ եւ տեսաւ որ մարդ չկայ, եւ մեռցրեց Եգիպտացուն եւ աւազումը թաղեց նորան։

13

  Եւ հետեւեալ օրը դուրս եկաւ, եւ ահա երկու Եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ, եւ ասեց յանցաւորին. Ինչո՞ւ ես քո ընկերին ծեծում։

14

  Եւ նա ասեց. Ո՞վ քեզ մեր վերայ իշխան կամ դատաւոր դրաւ. ի՞նձ էլ մեռցնելու միտք ունիս, ինչպէս որ Եգիպտացուն մեռցրիր։ Եւ Մովսէսը վախեց եւ ասեց՝ Անշուշտ այս բանը իմացուած է։

15

  Եւ Փարաւօնը լսեց այս բանը, եւ ուզում էր Մովսէսին մեռցնել. բայց Մովսէսը փախաւ, եւ Մադիամի երկրումը բնակուեց, եւ մի հորի մօտ նստեց։

16

  Եւ Մադիամի քուրմը եօթը աղջիկ ունէր, եւ նորանք եկան եւ ջուր քաշեցին եւ իրանց հօր հօտը խմեցնելու համար աւազանները լցրին։

17

  Եւ հովիւները եկան եւ քշեցին նորանց. եւ Մովսէսը վեր կացաւ ու օգնեց նորանց, եւ նորանց հօտին ջուր խմեցրեց։

18

  Եւ նորանք իրանց հօր Ռագուէլի մօտ եկան, եւ նա ասեց. Ինչո՞ւ շուտ եկաք այսօր։

19

  Եւ ասեցին. Մէկ Եգիպտացի մեզ հովիւների ձեռքիցն ազատեց, եւ մեզ համար ջուր էլ քաշեց եւ խմեցրեց։

20

  Նա էլ ասեց իր աղջկերանցը. Եւ ո՞ւր է, ինչո՞ւ այն մարդին այդպէս թող տուիք. կանչեցէք նորան որ հաց ուտէ։

21

  Եւ Մովսէսը համաձայնուեց այն մարդի հետ բնակուիլ, եւ նա իր Սեպփօրա աղջիկը Մովսէսին տուաւ։

22

  Եւ նա մի որդի ծնեց, եւ նա նորա անունը Գերսամ դրաւ. որովհետեւ ասեց. Պանդուխտ եղայ օտար երկրում։

23

  Եւ այն շատ օրերումը եղաւ որ Եգիպտոսի թագաւորը մեռաւ, եւ Իսրայէլի որդիքը ծառայութեան պատճառով հառաչեցին եւ աղաղակեցին. եւ նորանց աղաղակը ծառայութեան համար Աստուծոյ մօտ բարձրացաւ։

24

  Եւ Աստուած նորանց հեծութիւնը լսեց. եւ Աստուած յիշեց իր ուխտը որ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ դրել էր։

25

  Եւ Աստուած նայեց Իսրայէլի որդիների վերայ, եւ Աստուած իմացաւ նորանց վիճակը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896