A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Ելից 14

1

  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2

  Խօսիր Իսրայէլի որդիների հետ որ ետ դառնան եւ Փիաիրօթի առաջին Մագդողի եւ ծովի մէջտեղը բանակ տան Բէեղսեփոնի առաջին. նորա դիմացը ծովի մօտ բանակ տուէք։

3

  Եւ Փարաւօնը Իսրայէլի որդիների համար պիտի ասէ. թէ Երկրի մէջ մոլորուել են, անապատը նորանց պատել է։

4

  Եւ Փարաւօնի սիրտը կկարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը կընկնէ. եւ ես Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր զօրքերի վերայ կփառաւորուիմ, եւ Եգիպտացիք կգիտենան թէ ես եմ Եհովան։ Եւ նորանք այնպէս արին։

5

  Եւ Եգիպտոսի թագաւորին պատմուեցաւ, թէ ժողովուրդը փախաւ. եւ Փարաւօնի եւ նորա ծառաների սիրտը ժողովրդի դէմ փոխուեցաւ, եւ ասեցին. Սա ի՞նչ արինք մենք, որ Իսրայէլին մեզ ծառայութիւն անելուց թող տուինք։

6

  Եւ իր կառքը պատրաստեց եւ իր ժողովուրդն իր հետը առաւ.

7

  Եւ վեր առաւ վեց հարիւր ընտիր կառքեր եւ Եգիպտոսի բոլոր կառքերը՝ եւ նորանց ամենի վերայ ոստիկաններ։

8

  Եւ Եհովան Եգիպտոսի Փարաւօն թագաւորի սիրտը կարծրացրեց, եւ նա Իսրայէլի որդիների ետեւիցն ընկաւ, եւ Իսրայէլի որդիքը բարձ ձեռքով դուրս եկան։

9

  Եւ Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. եւ հասան նորանց ծովի մօտ բանակ տուած Փարաւօնի ամեն ձիերը, կառքերը՝ եւ նորա ձիաւորները եւ զօրքերը՝ Փիաիրօթի մօտ Բէեղսեփոնի առաջին։

10

  Եւ Փարաւօնը մօտեցաւ, եւ Իսրայէլի որդիքն իրանց աչքերը բարձրացրին, եւ ահա Եգիպտացիք գալիս էին իրանց ետեւիցը, եւ շատ վախեցին. եւ Իսրայէլի որդիքն աղաղակեցին Եհովային.

11

  Եւ ասեցին Մովսէսին. Միթէ Եգիպտոսումը գերեզմաններ չկային, որ մեզ բերիր անապատի մէջ մեռնելու. սա ի՞նչ է որ մեզ արիր, որ մեզ Եգիպտոսիցը հանեցիր։

12

  Սա այն խօսքը չէ՞ որ քեզ ասում էինք Եգիպտոսումը. թէ Թող տուր մեզ՝ որ Եգիպտացիներին ծառայութիւն անենք. որովհետեւ աւելի լաւ է մեզ համար Եգիպտացիներին ծառայութիւն անել, քան թէ անապատումը մեռնել։

13

  Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Մի վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կանէ ձեզ համար. որովհետեւ ձեր այսօրուայ տեսած Եգիպտացիներին այլ եւս պիտի չտեսնէք յաւիտեան։

14

  Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք լուռ կացէք։

15

  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասիր Իսրայէլի որդիներին, որ չուեն.

16

  Եւ դու գաւազանդ բարձրացրու, եւ ձեռքդ մեկնիր ծովի վերայ եւ ճեղքիր նորան. եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնան։

17

  Եւ ես ահա Եգիպտացիների սիրտը պիտի կարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը պիտի գնան. եւ ես Փարաւօնի եւ նորա բոլոր զօրքերի վերայ՝ նորա կառքերի եւ նորա ձիաւորների վերայ պիտի փառաւորուիմ։

18

  Եւ Եգիպտացիք կիմանան, թէ ես եմ Եհովան, երբոր ես Փարաւօնի եւ նորա կառքերի եւ նորա ձիաւորների վերայ փառաւորուիմ։

19

  Եւ Աստուծոյ հրեշտակը՝ որ Իսրայէլի բանակի առաջին գնում էր, ելաւ եւ նորանց ետեւիցը գնաց. եւ ամպի սիւնը ելաւ նորանց առջեւիցը եւ կանգնեց նորանց ետքին,

20

  Եւ Եգիպտացիների բանակի եւ Իսրայէլի բանակի մէջտեղը եկաւ, ու ամպ ու խաւար եղաւ, բայց գիշերը լոյս էր տալիս, եւ բոլոր գիշերը միմեանց չմօտեցան։

21

  Եւ Մովսէսը մեկնեց իր ձեռքը ծովի վերան. եւ Եհովան սաստիկ արեւելեան հովով քշեց ծովը բոլոր գիշերը եւ ծովը ցամաքացրեց, եւ ջրերը ճեղքուեցան։

22

  Եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնացին. եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ եղան։

23

  Եւ Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. եւ Փարաւօնի բոլոր ձիերը՝ կառքերը եւ ձիաւորները նորանց ետեւիցը ծովի մէջտեղը գնացին։

24

  Եւ եղաւ առաւօտեան պահին, որ Եհովան Եգիպտացիների բանակին նայեց կրակի ու ամպի սիւնիցը, եւ Եգիպտացիների բանակը խռովութեան մէջ գցեց.

25

  Եւ նորանց կառքերի անիւները հանեց, որ դժուարութեամբ էին առաջ գնում. այնպէս որ Եգիպտացիք ասում էին. Փախչենք Իսրայէլի երեսիցը, որովհետեւ Եհովան նորանց համար պատերազմում է Եգիպտացիների հետ։

26

  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր ծովի վերայ, որ ջրերը ետ դառնան Եգիպտացիների վերայ՝ նորանց կառքերի եւ նորանց ձիաւորների վերայ։

27

  Եւ Մովսէսը մեկնեց ձեռքը ծովի վերայ, եւ առաւօտեան դէմ ծովն իր ընթացքին դարձաւ. եւ Եգիպտացիք նորա դիմացիցը փախան. եւ Եհովան թօթափեց Եգիպտացիներին ծովի մէջը։

28

  Եւ ջրերը դարձան եւ ծածկեցին Փարաւօնի կառքերը եւ ձիաւորները եւ բոլոր զօրքերը, որոնք նորանց ետեւիցը ծովի մէջ մտան. եւ նորանցից մէկն էլ չմնաց։

29

  Բայց Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնում էին, եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ էին նորանց համար։

30

  Եւ Եհովան այն օրը Եգիպտացիների ձեռքիցն ազատեց Իսրայէլին. եւ Իսրայէլը մեռած տեսաւ Եգիպտացիներին ծովի եզերքումը։

31

  Եւ Իսրայէլը տեսաւ այն մեծ ձեռքը, որ Եհովան ցոյց տուաւ Եգիպտացիների վերայ. եւ ժողովուրդը վախեց Եհովայիցը, եւ հաւատաց Եհովային եւ նորա ծառայ Մովսէսին։

Ukrainian Bible 1962
Public Domain: 1962