A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 90



1

  Ով Տէր, դու մեզ համար ապաւէն ես ազգից մինչեւ ազգ։

2

  Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած։

3

  Դու մարդին փոշի ես դարձնում եւ ասում՝ ետ դարձէք, մարդկանց որդիք։

4

  Որովհետեւ հազար տարին քո առաջին ինչպէս երէկուան օրն է, որ անց կացաւ. եւ ինչպէս մին պահ գիշերումը։

5

  Ջրհեղեղով ողողում ես նորանց, եւ նորանք քուն են լինում. ինչպէս խոտ, որ առաւօտանց կանանչանում է։

6

  Առաւօտանց ծաղկում է եւ անցնում. իրիկունը կտրվում է եւ չորանում։

7

  Որովհետեւ մաշուեցանք քո բարկութիւնովը, եւ քո սրտմտութիւնովը շփոթուեցանք։

8

  Մեր անօրէնութիւնները դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լուսի մէջ.

9

  Որովհետեւ մեր բոլոր օրերը փչանում են քո բարկութիւնովը. մեր տարիներն անց ենք կացնում ինչպէս ափեղցփեղ խօսք։

10

  Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք։

11

  Ո՞վ գիտէ քո բարկութեան զօրութիւնը, եւ քո սրտմտութիւնը՝ քո վախի պէս։

12

  Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։

13

  Դարձիր, Տէր, մինչեւ ե՞րբ. խղճացիր քո ծառաների վերայ։

14

  Կշտացրու մեզ առաւօտանց քո ողորմութիւնովը որ ցնծանք եւ ուրախ լինինք մեր ամեն օրերումը։

15

  Ուրախացրու մեզ այն օրերի չափովը, որ տրտմացրիր մեզ. այն տարիների չափովը, որ նեղութիւն տեսանք։

16

  Թող երեւի քո ծառաներին քո գործը, եւ քո փառքը նորանց որդկանցը։

17

  Եւ մեր Աստուծոյ վայելչութիւնը լինի մեզ վերայ. եւ մեր ձեռքի գործերը հաստատիր մեզանում, եւ մեր ձեռքի գործը հաստատիր։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896