A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 66



1

  Ցնծութիւնով աղաղակեցէք դէպի Աստուած, ով ամեն երկիրներ։

2

  Սաղմոս ասեցէք նորա անունի փառքին. փառաւոր արէք նորա գովութիւնը։

3

  Ասեցէք Աստուծուն. Ի՜նչ զարմանալի են քո գործքերը. քո մեծ զօրութեան համար քո թշնամիները կշողոքորթեն քեզ։

4

  Ամեն երկիր քեզ երկրպագութիւն պիտի տայ եւ սաղմոս ասէ քեզ. սաղմոս ասէ քո անունին։ (Սէլա։)

5

  Եկէք եւ տեսէք Աստուծոյ գործերը. նա ահաւոր է իր գործքերովը մարդկանց որդկանց վերայ։

6

  Ծովը ցամաքի փոխեց. գետի միջովն անց կացան ոտով. այնտեղ մենք ուրախ եղանք նորանով։

7

  Նա տիրապետում է իր ոյժովը յաւիտեան, նորա աչքերը նայում են հեթանոսների վերայ. ապստամբուածները թող չբարձրանան։ (Սէլա։)

8

  Ով ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստուծուն. եւ լսել տուէք նորա գովութեան ձայնը։

9

  Նա մեր անձինքը պահում է կեանքի մէջ. եւ թող չէ տալիս որ մեր ոտները սասանին։

10

  Որովհետեւ դու փորձեցիր մեզ, ով Աստուած. քննեցիր մեզ ինչպէս որ արծաթը քննվում է։

11

  Դու մտցրիր մեզ որոգայթի մէջ. ծանր բեռ դրիր մեր մէջքի վերայ։

12

  Մարդիկ հեծցրիր մեր գլխի վերայ. կրակի եւ ջրի մէջ մտանք. եւ դու հանեցիր մեզ առատութեան տեղ։

13

  Ես ողջակէզներով քո տունը կմտնեմ. կհատուցանեմ քեզ իմ ուխտերը,

14

  Որ իմ շրթունքները խոստացան, եւ իմ բերանը խօսեց իմ նեղութեան ժամանակ։

15

  Պարարտ ողջակէզներ կմատուցանեմ քեզ խոյերի զոհի բուրմունքով. պատարագ կբերեմ արջառներ նոխազների հետ։ (Սէլա։)

16

  Եկէք լսեցէք, ամենքդ՝ որ Աստուածանից վախենում էք, եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար։

17

  Ես կանչեցի դէպի նա իմ բերանովը եւ փառաբանութիւն կար իմ լեզուի տակ։

18

  Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տէրը չէր լսիլ ինձ։

19

  Սակայն Աստուած լսեց, եւ իմ աղօթքի ձայնին մտիկ արաւ։

20

  Օրհնեա՜լ է Աստուած, որ իմ աղօթքը դէն չէ գցում. եւ իր ողորմութիւնը ինձանից չէ դարձնում։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896