A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 27



1

  Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ։

2

  Չարերն ինձ վերայ են գալիս որ իմ մարմինն ուտեն. իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր ընկնում։

3

  Թէեւ զօրաբանակ էլ ինձ դէմ բանակ տայ, իմ սիրտը չի վախենալ. թէեւ պատերազմ էլ վեր կենայ ինձ դէմ, ես դարձեալ կյուսամ։

4

  Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. եւ այն շատ կփափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։

5

  Որովհետեւ չար օրումը՝ նա ծածկում է ինձ իր խորանի մէջ. նա թագցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը, եւ բարձրացնում է ինձ վէմի վերայ։

6

  Եւ հիմա իմ գլուխը կբարձրանայ իմ թշնամիների վերայ, որ իմ չորս կողմովը կան. եւ նորա խորանի մէջ գոհութեան պատարագներ կմատուցանեմ, կերգեմ եւ սաղմոս կասեմ Տիրոջը։

7

  Լսիր, Տէր, իմ ձայնը՝ երբոր կանչեմ, եւ ողորմիր ինձ, եւ պատասխան տուր ինձ։

8

  Իմ սիրտն ասում է քեզ քո խօսքը՝ թէ խնդրեցէք իմ երեսը. ահա, Տէր, ես էլ խնդրում եմ քո երեսը։

9

  Մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկութիւնովը. դու ես իմ օգնութիւնը. մի հեռացնիր ինձ եւ մի թողուր ինձ, ով իմ փրկութեան Աստուած։

10

  Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ։

11

  Սովորեցրու ինձ, Տէր, քո ճանապարհը, եւ առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում իմ թշնամիների պատճառով։

12

  Մի մատնիր ինձ իմ նեղացնողների կամքին. որովհետեւ սուտ վկաներ են կանգնում ինձ դէմ՝ որ անօրէնութիւն են փչում։

13

  Իսկ թէ որ ես հաստատ չհաւատայի՝ թէ Տիրոջ բարութիւնը կտեսնեմ կենդանեաց երկրումը։ …

14

  Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896